Լրահոս
Օրվա լրահոսը

«Թե ինչպես է Վենետիկը միավորում աշխարհի տարբեր կետերում ապրող հայերին»

Հոկտեմբեր 10,2022 18:52

Հոկտեմբերի 9-ին Վենետիկի Պո-Արաքս մշակութային ընկերակցության, Վենետիկի «Studium Marcianum» հաստատության հետ գործակցաբար կազմակերպված հայ լեզվի եւ մշակույթի ամառային խտացյալ դասընթացների տարբեր տարիների մասնակիցներն առիթ ունեցան հանդիպելու այս օրերին Երեւանում գտնվող հայագետ, Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի արքեպիսկոպոս, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի իտալերեն թարգմանության հեղինակ Լեւոն Զեքիյանի հետ:

Բանասիրական գիտությունների թեկնածու, դասընթացի ուսուցիչ Արծվի Բախչինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Եվրոպայի տարբեր համալսարանների հայագիտական ամբիոնների շատ վարիչներ այս դասընթացում են կատարել իրենց առաջին, երկրորդ քայլերը:

Դասընթացի մասնակիցներից Արմինե Մելքոնյանը Մատենադարանի ավագ գիտաշխատող է: Մինչեւ հայ լեզվի եւ մշակույթի ամառային խտացյալ դասընթացին մասնակցելը Արմինեն ուսանել է Ժնեւում: Այդ ժամանակ էլ հայր Լեւոնը (Լևոն Զեքիյանին այդպես են կոչում դասընթացի մասնակիցները) նրան հրավիրում է որպես հայկական ժողովրդական պարուսույց, եւ 2007-2010թթ., չորս անգամ մասնակցում է դասընթացներին: Արմինեն հիշում է, որ դասընթացի ժամանակ նաեւ երգեր է սովորեցրել, կանադացի երիտասարդների հետ խմբով երգել են Կոմիտասի «Գառնուկը»:

Ըստ նրա` դասընթացների ժամանակ ձեւավորվում էր բացառիկ միջավայր, ամենատարբեր երկրներից տարբեր ազգությունների մարդիկ`հայեր, իտալացիներ, ֆրանսիացիներ, ճապոնացիներ, գալիս էին, եւ նրանց բոլորին միավորողը հայոց լեզուն եւ մշակույթն էին: Արմինեն նշում է, որ Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հետ համատեղ կազմակերպված դասընթացներին ներկա էին ինչպես սկսնակներ, այնպես էլ չորրորդ, հինգերորդ անգամ դասընթացներին մասնակցող ուսանողներ, որոնք սովորում էին գրաբար, հայոց պատմություն: Դասընթացի մասնակիցները, ըստ Արմինեի, եթե անգամ հետո դառնում են բյուզանդագետ, միեւնույնն է, հայոց լեզվի եւ հայոց մշակույթի իմացությունն օգտագործում են իրենց պատմություններում:

Նարինե Հովսեփյան

Նարինե Հովսեփյանը դասընթացի առաջին ուսանողներից է, դասընթացին մասնակցել է 2000թ.:

Նարինեն ասում է, որ ինքը մեծ հնարավորություն է ունեցել Վենետիկի ամառային դասընթացների ժամանակ շփվելու աշխարհի տարբեր ծայրերից այնտեղ եկած երիտասարդների հետ, ինչի շնորհիվ էլ իր աշխարհայացքում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել: Նարինեին տարակուսանք է պատճառել այն փաստը, որ աշխարհի տարբեր ծայրերից այնտեղ եկած երիտասարդները միմյանց չեն կարողացել հասկանալ լեզվի հարցում:

«Հայաստանից մեկնած երիտասարդները խոսում էին արեւելահայերենով, իսկ սփյուռքից եկածները`արեւմտահայերենով, այդ իսկ պատճառով հաղորդակցվելու խնդիրներ էին առաջանում: Նման դեպքում երկու հայ ստիպված էին լինում միմյանց հետ շփվել օտար լեզվով, որպեսզի միմյանց հասկանան: Դա ինձ համար իսկապես զարմանալի էր»,- հիշում է Նարինեն:

Նարինեն ասում է նաեւ, որ մեկ ամիս ապրելով օտար երկրում, հնարավորություն է ստացել մոտիկից ծանոթանալ այնտեղի բարքերին եւ համեմատել սեփական երկրի հետ: Երբ այդ մասին նա խոսել է հայր Լեւոնի հետ, պարզվում է, որ նրա նպատակն էլ հենց դա է եղել`հնարավորություն տալ երիտասարդներին ծանոթանալու այլ երկրի հետ եւ որոշել`արդյոք ուզո՞ւմ են արտագաղթել, թե՞ ոչ:

Նա այժմ դասախոսում է «Հայբուսակ » համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում եւ ղեկավարում է իր հիմնադրած «Հովսեփյան » մանկական սոցիալականացման կենտրոնը:

Արմեն Մարտիրոսյանը Կանադայում` Տորոնտոյում, եղել է հայկական դպրոցի տնօրենը: Նա տասնվեց տարի ապրել է Հայաստանում, ուսանել այստեղ: Թեեւ նա մասնագիտությամբ տնտեսագետ է, սակայն ինչ-որ ժամանակ սկսել է հետաքրքրվել լեզվաբանությամբ: Մարտիրոսյանին հետաքրքրել է անգլերենը եւ գրավոր թարգմանությունը եւ դրանք երկու տարի  ուսանել է Մոսկվայի Մորրիս Թորիզի օտար լեզուների ինստիտուտում:

Իսկ Տորոնտոյի հայկական դպրոցի մասին էլ նա նշում է. «Անգլիական, կանադական դպրոց է, այնտեղ ուսանում են անգլերեն, ֆրանսերեն եւ հայերեն, հայոց լեզու եւ հայոց պատմություն: Դպրոցը գոյություն ունի արդեն մոտ 43 տարի: Այդ դպրոցի տասնմեկ դասարան ավարտող աշակերտներին, որոնք պետք է փոխադրվեին տասներկուերորդ դասարան, ամռանը տանում էինք Վենետիկ, որպեսզի մասնակցեն հայագիտական դասընթացին, սովորեն արեւմտահայերեն եւ գրաբար: Մոտ տասը տարի գոյություն ունեցավ այդ ծրագիրը, հիմա, ցավոք, վերջին տարիներին ճանապարհորդելը բարդացել է: Դպրոցը, սակայն, գոյություն ունի»:

Արմեն Մարտիրոսյանը նշում է, որ երբ լեզվաբաններն էին գալիս դասընթացին մասնակցելու, որոնք չգիտեին հայերեն, սակայն ուսումնասիրում էին լեզվի տարրերը, երբեմն հայր Լեւոնի եւ Բենեդետտա Կոնտինի խնդրանքով խորհրդակցում էր լեզվաբանների հետ ու փորձում օգնել ուսանողներին:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել