Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նոր Նորքի 2-րդ զանգվածում անհայտ անձը թունավորում է շներին

Նոյեմբեր 08,2022 18:36

Սոցցանցերում նոյեմբերի 7-ից աղմուկ է՝ շների թունավորման դեպքերի առիթով։ Մի քանի օգտատերեր ահազանգում են, որ անհայտ անձը կամ անձինք Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարության նստավայրի հետնամասում գտնվող այգու տարածքում (հարակից է Թոթովենց եւ Ստեփանյան փողոցներին) թունավոր սննդի մնացորդներ են նետում, որոնք ուտելու պատճառով վերջին քսան օրում սատկել են քաղաքացիների շները։ Aravot.am-ի տեղեկություններով՝ այս պահին հինգ շուն է սատկել՝ տվյալ նրբերշիկների կտորներն ուտելու պատճառով։ Քաղաքացիները, որոնց շներին փրկել չի հաջողվել, մեզ ասացին, որ շների մոտ նույն ախտանշաններն են՝ փսխում, թփրտոց․ ընդ որում, կենդանիները տանջվելով սատկել են եւ տերերը չեն հասցրել անգամ կլինիկա տանել նրանց, քանի որ, ինչպես իրենք ասացին, անշնչացած կենդանիներին զննած անասնաբույժը մատնանշել է, որ թույնն արագ է ազդում հատկապես սրտի վրա։

Քաղաքացիները մեզ տեղեկացրին, որ հաղորդում են պատրաստում՝ ներկայացնելու ոստիկանությանը եւ ակնկալում են, որ դեպքին ընթացք տրվի։ Մեզ տրամադրած լուսանկարում սատկած շներից մեկի ստամոքսում եղածն է՝ կտորներն այն նրբերշիկի, որը շունը կերել է այգում զբոսնելու ժամանակ։ Դրանում անզեն աչքով նկատելի են սպիտակ նյութի հետքեր։

Մեզ ահազանգած քաղաքացիները շեշտում են, որ այգու տարածքում ամեն օր խաղում են երեխաներ, նստում խոտերին, հավաքում տերեւներ, եւ չկա երաշխիք, որ թունավոր նյութը չի հպվի նրանց ձեռքերին։ Ընդ որում, վերջին քսան օրում նրանք այգու մի քանի հատվածներում տեսել են նրբերշիկի կտորներ, այդ թվում՝ վրան ինչ-որ նյութ լցված վիճակում, նետել աղբամանը, սակայն վերջին օրերին անհայտ անձը նորից է թունավոր սնունդը նետել այգում․ միայն նոյեմբերի 7-ին միաժամանակ երկու շներ են սատկել։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, այդ թվում՝ թունավորելու միջոցով, համարվում է քրեորեն պատժելի արարք։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930