Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե «Երկիր մեդիա»-ն նույնիսկ ամենա-ամենա պրոիշխանական ալիքը լիներ, միեւնույնն է, գնահատվելու էր նույն կերպ եւ նույն սկզբունքներով, ինչպես գնահատվել է. ՀՌՀ նախագահը պատասխանում է «Առավոտին»

Դեկտեմբեր 12,2022 16:22

4 թեզ և 2 հռետորական հարց
(
ի պատասխան «Առավոտի» խմբագրականի)

Ի պատասխան 2022 թ. դեկտեմբերի 6-ի «Խնդիրը PR-ի մեջ է» խմբագրականի․

Ծանոթացա «Խնդիրը PR-ի մեջ է» վերնագրով խմբագրականի բովանդակությանը, որում ներկայացրել էիք Ձեր տեսակետը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի վերջերս անցկացրած մրցույթի մասին։ Համոզված եմ, որ կհարգեք Հանձնաժողովի նախագահի պատասխան խոսքի իրավունքը եւ կհրապարակեք այս պարզաբանումները խմբագրականի որոշ դրույթների եւ պնդումների վերաբերյալ։

Եւ այսպես, պատասխանում եմ չորս թեզերի միջոցով։

 1.Հոդվածի հենց սկզբում գրում եք, որ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը («Հուսաբեր» ՓԲԸ) զրկվել է հանրապետական սփռման արտոնագրից (մեջբերում եմ)՝ «Հանձնաժողովի անցկացրած, այսպես կոչված, մրցույթի արդյունքում»։ Տեղեկացնեմ, որ «այսպես կոչված մրցույթը» անցկացվել է ՀՀ Սահմանադրության, օրենսդրության, Հանձնաժողովի նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան։ «Այսպես կոչված մրցույթին» ներկայացված հեռուստաընկերությունների հայտերի ուսումնասիրության եւ գնահատման գործընթացում ներգրավված են եղել ոչ միայն Հանձնաժողովի անդամները, այլ նաեւ աշխատակազմի տասնյակ աշխատակիցներ եւ հրավիրված փորձագետներ։ Եւ արհամարհական «այսպես կոչված» որակման փոխարեն «Առավոտ»-ը կարող էր ծանոթանալ Հանձնաժողովի որոշումը հիմնավորող մոտ 450 էջից բաղկացած փաստաթղթերի փաթեթին, ինչը, կարծում եմ, օգտակար կլիներ Հանձնաժողովի որոշումն անկողմնակալ գնահատելու (այլ ոչ թե ՀՌՀ-ն պիտակավորելու) համար։

2.Խմբագրականում Դուք շատ վստահ պնդում եք, որ (մեջբերում եմ) «Հանձնաժողովի ներկայիս անդամները բազմիցս հանդես են եկել կրքոտ իշխանամետ ելույթներով՝ «նախկինների թալանի» եւ այլնի մասին, այսինքն՝ հնչեցրել են իշխանության քարոզչական թեզերը»: Հանձնաժողովի «ներկայիս անդամները» թվով յոթն եւ յոթն էլ տարակուսած են Ձեր այդ խոսքերից։ Այդ յոթ անդամներս միմյանցից տարբերվող քաղաքական հայացքներ եւ իշխանությունների հանդեպ վերաբերմունք ունենք։ Նույնիսկ մեծ ցանկության եւ երեւակայության դեպքում հնարավոր չէ գտնել «բազմիցս ու կրքոտ հնչեցրած իշխանության քարոզչական թեզեր» Ռոլանդ Շառոյանի, Գոհար Մամիկոնյանի, Դավիթ Ամալյանի, Հակոբ Մովսեսի, Վլադիմիր Օհանյանի, Արթուր Մանուկյանի, Տիգրան Հակոբյանի հանրային ելույթներում։ Շատ հազվադեպ, մի գուցե, եղել են քննադատական ոչ զուսպ խոսքեր թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության (չզարմանաք՝ վերջինն ավելի շատ) հասցեին, բայց ներկայացնել ՀՌՀ անդամներին որպես իշխանության քարոզչական մունետիկներ, մեղմ ասած, ազնիվ չէ: Եթե խմբագրությունը, այնուամենայնիվ, տիրապետում է «նախկինների թալանի» մասին «կրքոտ իշխանամետ ելույթների» փաստերի, խնդրում եմ հրապարակել այդ պնդումը հիմնավորող համապատասխան մեջբերումներ։ Հակառակ դեպքում, հուսով եմ, կգտնեք այդ պնդումը հերքելու եղանակ։ 

3.Ձեր խմբագրականում զուգահեռ է անցկացվում «Ա1+»-ի եթերազրկման եւ մրցույթում «Երկիր մեդիայի» պարտության միջեւ։ Այո, երկու ընկերությունն էլ զրկվել էին լիցենզիայից մրցույթների արդյունքում, սակայն այսքանով նմանությունն ավարտվում է: Այս երկու, այսպես կոչված, «քեյսերը» համեմատելի չեն։ 2001թ. մրցույթի արդյունքները հայտարարելուց անմիջապես հետո «Ա1+»-ը անջատվել էր եթերից, այդպիսով ԵԹԵՐԱԶՐԿՎԵԼ էր, քանի որ իր հաղորդումները հեռարձակելու այլ հարթակներ «Ա1+»-ը չուներ (կաբելային օպերատորներ այն ժամանակ չկային, Youtube տեսահոսթինգը ներկայիս տեսքը ստացել է 2009-ին, եւ այլն): Իսկ «Երկիր մեդիան», ինչպես տեսնում եք, դեռ զբաղեցնում է մուլտիպլեքսի սլոթը, իսկ մուլտիպլեքսից դուրս մնալու պարագայում հնարավորություն կունենա հեռարձակվել կաբելային ցանցերում, Youtube-ում եւ ընդհանրապես համացանցային տիրույթում։ Իմիջիայլոց, Հայաստանի տնային տնտեսությունների մոտ 65%-ը բազմաթիվ կաբելային ցանցերից մեկի բաժանորդ է, եւ այդ տներում «Երկիր մեդիայի» բացակայությունը նույնիսկ չեն նկատի։ Հավատացնում եմ Ձեզ, որ ՀՌՀ-ն բազմաթիվ լծակներ ունի սահմանափակելու իբր «անցանկալի» հեղինակազորված հեռուստածրագրի ցուցադրությունը կաբելային ցանցերում, սակայն ոչ մի անգամ նույնիսկ փորձ չի արել օգտագործել այդ լծակները։ Այդ մասին կվկայեն ՀՌՀ-ի կարգավորման ներքո գտնվող բոլոր 65 կաբելային օպերատորները։

Կարծում եմ նաեւ, որ «Երկիր մեդիայի» եւ «Ա1+»-ի միջեւ այդպիսի զուգահեռներ անցկացնելը լեգիտիմացնում է ժամանակին «Ա1+»-ը եթերից զրկելու բացահայտ քաղաքական որոշումը:

4.Ձեր խմբագրականի գլխավոր թեզն այն է, որ «Երկիր մեդիա»-ն պարտվել է, քանի որ այն (մեջբերում եմ) «Հայ հեղափոխական դաշնակցությանը հարող ընդդիմադիր հեռուստաընկերություն է»։ Կներեք, բայց այդպիսի տեսակետ հնչեցնելը քարոզչական հնարքների շարքից է:

Իսկ իրականությունը հետեւյալն է: Անկողմնակալ, արդար, օրենսդրության պահանջներին համապատասխանող որոշումներ կայացնելու հիմքում ՀՌՀ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից պատրաստված փաստաթղթերի փաթեթն է։ Այն բաղկացած է հեռուստատեսությունների «աշխատանքային անձնագրերից», մշտադիտարկման արդյունքների ամփոփագրերից, հեռուստատեսությունների կողմից լրացված էլեկտրոնային մատյանների տվյալներից, վերլուծական բաժնի նյութերից, Հանձնաժողովի անդամների հիմնավորումներից, եզրակացությունից եւ այլ նյութերից (կրկնեմ, ամբողջը՝ մոտ 450 էջ)։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի համաձայն հայտ ներկայացրած ընկերությունների ծրագրերն ու ընթացիկ խմբագրական քաղաքականությունը գնահատվում են մի քանի չափորոշիչներով։

Վերցնենք չափորոշիչներից մեկը՝ ընկերությունների տեխնիկական հագեցվածությունը: Այստեղ «Երկիր մեդիա»-ն վերջին տեղում էր հայտ ներկայացրածների շարքում՝ իր ոչ մրցակցային, ժամանակակից պահանջներին չհամապատասխանող տեխնիկական բազայով։ Վերցնենք չափորոշիչներից մյուսը՝ հայերեն եւ սեփական արտադրության հաղորդումների քանակը եթերում։ Այս չափորոշչով նույնպես «Երկիր մեդիան» զգալիորեն զիջում է իր մրցակիցներին։ Ֆինանսական կարողությունների չափորոշիչով հեռուստատեսությունը 4-րդ տեղում է (միայն ՀՀՌՑ-ի հանդեպ նրա կրեդիտորական պարտքը կազմում է մոտ 72 մլն դրամ)։ Օրենսդրության խախտումների հետեւանքով հարուցված վարչական վարույթների քանակով հակառակ պատկերն ունենք․ այստեղ «Երկիր մեդիա»-ն «պատվավոր» առաջին տեղում է։ Իսկ ահա հանրօգուտ (մանկական, մշակութային, կրթական, սպորտային) հաղորդումների քանակով հեռուստատեսությունը նորից վերջին տեղում է։ Ինչպես տեսնում եք, ընդդիմադիր լինել-չլինելու չափորոշիչը բացակայում է։

Ուստի, եթե «Երկիր մեդիա»-ն նույնիսկ ամենա-ամենա պրոիշխանական ալիքը լիներ, միեւնույնն է, նա գնահատվելու էր նույն կերպ եւ նույն սկզբունքներով, ինչպես գնահատվել է։

Վերոշարադրված թեզերով սահմանափակվեմ եւ վերջում երկու հռետորական հարց հնչեցնեմ։

 1.Արդյո՞ք ՀՌՀ որոշումները քննադատող մարդիկ տիրապետում են ինչ-որ կախարդական հնարքի, որով հնարավոր էր չորս հաճախականությունները արդարաբար բաժանել վեց ընկերությունների միջեւ եւ հաղթանակ պարգեւել մրցույթի բոլոր մասնակիցներին՝ անկախ նրանց քանակից։

 2.Արդյո՞ք ընդդիմադիր ու կուսակցականացված լինելու հանգամանքը պետք է պարտավորեցնի ՀՌՀ-ին ավտոմատ կերպով լիցենզիա տրամադրել հենց տվյալ ընկերությանը՝ անտեսելով մրցույթի կանոններն ու պայմանները, մյուս մասնակիցների եւ հանրության օրինական շահերը։

Այս հարցերին պատասխան, անշուշտ, չեմ ակնկալում:

Անկեղծ հարգանքով Ձեր եւ «Առավոտի» ամբողջ խմբագրակազմի հանդեպ

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ

«ԱՌԱՎՈՏ». ՀՌՀ նախագահը նշում է, թե հանձնաժողովի անդամները տարակուսած են խմբագրականի այն պնդման կապակցությամբ, թե իրենք բազմիցս հանդես են եկել կրքոտ իշխանամետ ելույթներով՝ «նախկինների թալանի» եւ այլնի մասին, այսինքն՝ հնչեցրել են իշխանության քարոզչական թեզերը»: Մենք կարող էին այս պնդման ավելի շատ ապացույցներ ներկայացնել, բայց սահմանափակվենք երկուսով, որոնցից մեկը հենց իր՝ Տիգրան Հակոբյանի պնդումն է. «Գողացված փողերով որոշ ՀԸ-ներ ֆինանսավորվում են»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031