Լրահոս
Օրվա լրահոսը

«Քիմիա» չկա, կան ընդհանուր շահեր

Հունվար 11,2023 10:00

Երեք ժամից ավելի տեւած վարչապետ Փաշինյանի ասուլիսում ինձ հետաքրքրում էր միայն մի հարց՝ արդյոք հնարավո՞ր է, որ մոտ ապագայում բացվի Բերձորի միջանցքը: Այդ հարցի պատասխանը ես ստացա՝ ոչ, հնարավոր չէ: Այլ սյուժեները հետաքրքիր չէին:

Բացականչությունները, թե «ա՜խ, ինչու է նա սուտ խոսում», տեղին չեն. դա քաղաքական գործիչների փեշակն է: Մարդիկ, որոնք ուզում են «ճիշտ խոսել», քաղաքական գործիչ չեն դառնում:

Մեկ այլ բացականչություն, որն ավանդաբար հնչում է լրագրողական միջավայրից՝ ա՜խ, պետք էր այսինչ սուր հարցը տալ, նույնպես իմաստալից չէ. խնդիրը ոչ թե սուր հարցերն են կամ ճարպիկ պատասխանները, այլ իրավիճակի մասին տեղեկություն ստանալը, եւ այդ տեղեկությունը, կարծում եմ, բոլորի համար պարզ է. Հայաստանը (ներառյալ Արցախը) ծանր վիճակում է, եւ մեր երկրի կառավարությունը չի կարող, չի ցանկանում եւ չի պատրաստվում որեւէ քայլ անել՝ իրավիճակը շտկելու համար: Մնացածը՝ ֆեյսբուքում ծամծմելու թեմաներ են:

Մի հանգամանքի վրա, թերեւս, արժե ուշադրություն դարձնել: Ասուլիսից առաջ ոմանք ենթադրում էին, որ Փաշինյանը կսպառնա դուրս գալ ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից: Իհարկե, շատ սխալ կլիներ, եթե նման քայլ արվեր: Բայց խնդիրն այն է, որ այդպիսի կանխատեսումներ անողները չեն հասկանում, թե որն է Փաշինյանի իշխանության արտաքին հենարանը: Հայաստանի ներկայիս ռեժիմը միանգամայն ձեռնտու է Մոսկվային, եւ դա է, ի դեպ, պատճառը, թե ինչու է խորհրդարանական ընդդիմությունը պասիվ՝ նրանք հասկացան, որ անհիմն են հույսերը, թե Պուտինը կնպաստի իշխանափոխությանը:

Իր ասուլիսի ժամանակ Փաշինյանը բավականին զավեշտալի ձեւով փորձեց շտկել իր Անվտանգության քարտուղարի ասածը, թե իբր Ռուսաստանը ճնշում է գործադրում մեր երկրի վրա, որ մենք մտնենք միութենական պետության կազմի մեջ: Ըստ վարչապետի՝ ստացվում է, որ ճնշումը գործադրում են ոչ թե պետական մարմինները կամ պաշտոնյաները, այլ… ռուսաստանցի փորձագետները: Ինչ խոսք, նոր երեւույթ է միջազգային քաղաքական պրակտիկայում:

Այդ «ճնշող փորձագետներից» մեկը՝ Մաքսիմ Շեվչենկոն, վերջերս ասել էր, որ Փաշինյանը Պուտինի ամենասիրելի գործիչն է: Դա, իհարկե, չափազանցություն է՝ նրանց մեջ չկա այն «քիմիան», որը կար Պուտինի եւ Քոչարյանի միջեւ: Բայց՝ որ ներկայիս վարչապետը ՌԴ նախագահին այժմ պետք է՝ Պուտինի եւ Էրդողանի համատեղ ծրագրերն իրականացնելու համար, դա հաստատ է:

Փաշինյանին եւ Պուտինին, մասնավորապես, միավորում է մի բան՝ լիակատար անտարբերությունը Արցախի հայերի նկատմամբ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «…ինձ հետաքրքրում էր միայն մի հարց՝ արդյոք հնարավո՞ր է, որ մոտ ապագայում բացվի Բերձորի միջանցքը»:
    Ի՞նչ է իրենից ներկայացնում երկիրը պատուհասած այդ Քաջ Նազարը, որ իրենից արժանահավատ պատասխան եք ակնկալում: Դուք ինքներդ էլ շատ լավ պատասխանում եք այդ հարցին. Պուտինի և Էրդողանի համատեղ ծրագրերն իրականացնող մի գործիք: Իմ կարծիքով, ասուլիսն առաջին հերթին պիտի հետաքրքրեր հոգեբաններին ու հոգեբույժներին՝ այդ անձի մտավոր շեղումները վերհանելու առումով: Անձամբ ես նրան նմանեցնում եմ փալաս հարբեցողի հետ, որ դրսում աջուձախ ծեծ է ուտում, գալիս է տուն ու հերսը թափում է ընտանիքի վրա: Իսկ ամենացավալին այն է, որ մեր հասարակությունն էլ ստոկհոլմյան սինդրոմով հիվանդ այդ ընտանիքն է:

  2. Ruben says:

    Անհնարին ոչինչ չկա:
    Գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյանի հրամանով հանրապետության զինված ուժերը մարտերով և առանց կռվի նահանջել են և տարածքներ հանձնել: Լավագույն դեպքում՝ գլխավոր շտաբի գեներալները, պաշտպանության նախարարը և նրա տեղակալները, հետախուզության գլխավոր վարչության «հետախույզները», ռազմական հակահետախուզության «հակհետախույզները», ռազմական ոստիկանությունը, ազգային անվտանգության աշխատակիցները, տաքսու վարորդները, մարմնավաճառները, նրանք, ովքեր ենթարկվել են Փաշինյանի, նրա կուսակցության ու կառավարության հրամաններին անզգուշաբար չեն կատարել իրենց պարտավորությունները:
    Մեկ մարդ առանց զենքի և զորքի կարող է բացել ճանապարհը 30 րոպեի ընթացքում։ Հիմար մասնագետներն ու «դորմոեդ»-ները, իհարկե, դա չեն կարող անել։

  3. Ջորդանո Գալիլյան says:

    Կարդալով այս (եւ ոչ միայն այս) խմբագրականը՝ առաջին հայացքից թվում է, թե իսկապես շատ ճիշտ եւ խելամիտ բաներ են ասվում: Քարոզչական տեխնոլոգիաներից ու նրբություններից անտեղյակ մարդու մոտ կարող է նույնիսկ ցանկություն առաջանալ վեր թռչելու ու բուռն-երկարատեւ ծափահարությունների արժանացնելու հարգարժան հեղինակին: Բայց, ցավոք, այդ տեքստերը իրականում բոլորովին այլ իմաստ ունեն. այստեղ կարեւորը ոչ թե նիկոլիզմի առերեւույթ քննադատությունն է, այլ Քոչարյանին ու Պուտինին քլնգելը: Որքան էլ տարօրինակ թվա՝ Նիկոլի ձեւական քննադատությունը օգտագործվում է հենց Նիկոլի քարոզչական թեզերի սպասարկմանը…

    “…ինձ հետաքրքրում էր միայն մի հարց՝ արդյոք հնարավո՞ր է, որ մոտ ապագայում բացվի Բերձորի միջանցքը:”

    Բերձորի միջանցքը ոչ թե փակվել է, այլ ուղղակի հանձնվել մի քանի ամիս առաջ: Դա արել է Նիկոլը իր արցախյան նիկոլիկների՝ Արայիկ Հարությունյանի եւ Հայկ Խանումյանի միջոցով: Բայց այս հարցն, իհարկե, չի հետաքրքրում Բերձորի միջանցքով իբր թե մտահոգվածներին…

    “Բացականչությունները, թե «ա՜խ, ինչու է նա սուտ խոսում», տեղին չեն”

    Իհարկե՝ տեղին չեն: Մեծարգո պարոն ստախոսը պետք է պատասխան տա, թե ինչու է նա սուտ խոսում բացառապես Ադրբեջանի ու Թուրքիայի օգտին, ինչու են նրա ստերը սպասարկում միմիայն մեր թշնամիների շահերը…

    “ներկայիս վարչապետը ՌԴ նախագահին այժմ պետք է՝ Պուտինի եւ Էրդողանի համատեղ ծրագրերն իրականացնելու համար, դա հաստատ է:”

    Այս պնդումը բեւեռական զառանցանքների շարքից է: Այդ «ծրագրերի» իրագործման վրա նիկոլի լինել-չլինելը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ…

    “Փաշինյանին եւ Պուտինին, մասնավորապես, միավորում է մի բան՝ լիակատար անտարբերությունը Արցախի հայերի նկատմամբ:”

    Պուտինի դեպքում դա լիովին հասկանալի է. նա հայ չէ եւ ոչ էլ պարտավոր է հայերից ավելի հայ լինել: Վալդայի ակումբում նա շատ պարզ ասաց հայերին. եթե դուք այն աստիճանի ապուշ եք, որ հանդուրժում եք ձեր Արցախը ծախած ազդադավ վիժվածքին, ուրեմն ինձ վրա հույս մի դրեք ու ոտատակ մի ընկեք. մինչեւ ես իմ սեփական Արցախի՝ Դոնբաս-Լուգանսկի հարցը վերջնական չլուծեմ՝ ձեզնով լուրջ չեմ զբաղվելու: Ու ականջներիդ օղ արեք՝ ես ձեր տարածաշրջանից հեռացողը չեմ: Ինչքան էլ Փաշինյանն ու Ալիեւը միավորվեն ու փորձեն ռուսներին դուր քշել այդտեղից, միեւնույն է՝ ոչինչ ստացվելու…

  4. Ա) Հարցը ոչ թե հնարավոր է թե ոչ բացել ճանապարհը, իհարկե հեշտ պատասխանն է «ոչ, հնարավոր չէ, և վերջ»: Ինչը և արեց նիկոլը` միայն հեշտ բաների ընդունակ վարչապետ: Լավ լրագրողը պիտի որ պատրաստեր արժեքավոր հարց: Դա չանելը ընկալվեց նիկոլի կողմից որպես իր խաղի կանոնների ընդունում` «կարող էիք չգալ, եկաք; դուք ինձ հեշտ հարց, ես ձեզ հակիրճ պատասխան…»:
    Բ) Նույն կերպ անցավ պատիժ կրելու հարցը. որին նիկոլը պատասխանեց «վախվորած ծիծաղով»: Այսինքն լրագրողները հնարավորություն են տալիս նիկոլին դոզաներով «ազատվել» լուրջ դատավարության անհրաժեշտությունից, «բացատրվել» նմանատիպ «ասուլիսների» ժամանակ` փոխարինել լուրջ դատավարությունը հրապարակային ասուլիսներով: Սրան են նպաստում նաև հետևյալ “բացատրությունները”
    «Մարդիկ, որոնք ուզում են «ճիշտ խոսել», քաղաքական գործիչ չեն դառնում»: Սա որտեղի՞ց ծլեց, թե հատուկ նիկոլի համար է ստեղծվել: Քաղաքական գործիչները ստելու համար … ենթարկվում: Էլ չենք խոսում ազգը անդունդ հրող սրիկաներին հասնող դատաստանը: Սա՞ է հայկական էլիտայի բծախնդրությունը: Ի՞նչն է պարտադրում հայ մտավորականին իջեցնել նշաձողը: Ես հավատացած եմ, որ պարոն Աբրահամյանը իր կյանքը չի կառուցել ցածր նշաձողերով: Ի՞նչու է նրա համար ներելի որ ՀՀ վարչապետը ստահակ է, թույլ:
    Գ) Համաձայն եմ, որ նիկոլի պես սրիկա դժվար գտնվեր Հայաստանը քարտեզի վրայից ջնջելու ծրագրերը իրականացնելու համար, բայց ճշտել է պետք թե որն է այս ծրագրերի think-tank ը: Դա ոչ այնքան Ռուսաստան, Թուրքիան է ինչքան ՆԱՏՈ-ն:
    Դ) Եվ «Արցախի հայերին անտարբերությունը». միթե մինչև հիմա ծալք չառաջացավ հայ մտավորականի ուղեղում, որ խոսքը չի գնում անտարբերության այլ գնում է ատելության մասին: Որ ատվում են ոչ միայն Արցախի այլ նաև Սփյուռքի հայությունը և բոլոր ոչ նիկոլական հայերը: Թափը ուժգին է: Այնքան էներգիա կա, որ և էրդողանը և ալիևը ապշած, «վախվորած ծիծաղով» երևի ամեն Արավոտ թերթ կարդալուց փառք են տալիս իրենց աստծոն նիկոլ-պարգևի համար:
    Ե) Ի՞նչ անել: Գահավիժել նիկոլին: Եվ վերջ: Ինչպե՞ս. վերցնել գահը ու շրջել այն, որ պոկվի սոսինձը:`

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031