Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ, Խնձրիստան, Պատարա համայնքներ, հանդիպումներ ունեցել ինչպես նշված գյուղերի, այնպես էլ հարակից բնակավայրերի բնակիչների հետ: Պետնախարարին ուղեկցել են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը, ԱՀ Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանն ու Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը:

Նա մանրամասն տեղեկություններ է ներկայացրել պարենային ապրանքների, բենզինի և դիզվառելիքի, էլեկտրաէներգիայի և գազամատակարարման ոլորտներում ընթացիկ իրավիճակի, շրջափակման մյուս հետևանքների և տնտեսության վրա դրա ազդեցության, ինչպես նաև Օպերատիվ շտաբի կողմից իրականացված և ձեռնարկվելիք քայլերի մասին:
Պետնախարարը նշել է, որ բոլոր միջոցներով աշխատանք է տարվում ապաշրջափակման ուղղությամբ, բայց, մյուս կողմից, կառավարությունը պարտավոր է պատրաստ լինել և հնարավոր բոլոր սցենարների պարագայում ապահովել բնակչության առնվազն նվազագույն կենսական կարիքները:
Խոսելով շրջափակման պատճառների մասին՝ նա ընդգծել է, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է կոտրել արցախահայության ոգին ու ճնշումների միջոցով հասնել Արցախի հայաթափմանը և նշել է, որ իրեն հպարտ է զգում՝ տեսնելով արցախահայության տոկունությունը. «Այս փորձությունների միջով ստիպված ենք անցնել՝ հանուն Արցախը հայկական պահելու և հանուն մեր հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանության: Սա դժվար ճանապարհ է. չեմ կարող խոստանալ, որ խնդիրներ չեն լինելու, բայց վստահեցնում եմ, որ սա միակ ճանապարհն է, որը թույլ կտա պահպանել մեր հայրենիքը»:
Բոլոր երեք համայնքներում հանդիպումների մասնակիցները վստահեցրել են, որ այդ ճանապարհին այլընտրանք չեն տեսնում, և այդ նպատակի համար պատրաստ են դիմակայել բոլոր դժվարություններին: Այս համատեքստում, մասնավորապես, խոսվել է գյուղատնտեսական և գարնանացանի աշխատանքները ժամանակին կազմակերպելու անհրաժեշտության մասին, ինչը կարևորվել է նաև պարենային անվտանգության տեսանկյունից: Պետնախարարը նշել է,որ հնարավոր ամեն ինչ արվելու է ինչպես գարնանացանի աշխատանքները ժամանակին կազմակերպելու, այնպես էլ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված այլ ծրագրեր իրականացնելու համար:
Կարդացեք նաև
ԱՀ պետական նախարարի աշխատակազմ























































