Դիզվառելիքի մատակարարման բոլոր խոչընդոտները, որոնց հանդիպել է, իր կարծիքով, հետեւանք էին «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի եւ «ՀՀ նախկին իշխանությունների ունեցած սերտ հարաբերությունների հիմքի վրա՝ շուկայից այլ ներկրողների դուրս մղելու ձգտումի». նախորդ դատական նիստերից մեկում նման պնդում էր արել «դիզվառելիքի գործով» առանցքային վկա Սեւան Քոչարյանը: Մեղադրող դատախազի հարցին, թե ինչի՞ հիման վրա է իր պնդումը՝ վկան պատասխանել էր, որ գյուղնախարարության կարիքների համար պահանջվող դիզվառելիքը մշտապես մատակարարել է «Ֆլեշ» ընկերությունը՝ առանց մրցույթի, ու ինքը մինչ օրս էլ զարմացած է ու չի հասկանում, թե 2013-ին ինչո՞ւ են իրեն զանգահարել եւ առաջարկել մասնակցել մրցույթին կամ գնային առաջարկ են արել՝ հավելելով, որ արդյունքում, ներկայացված առաջարկներից շահում է ամենաթանկ գնային առաջարկ ներկայացնող ընկերությունը՝ տվյալ պարագայում «Ֆլեշ» ընկերությունը, ինչի արդյունքում մոտ 300 միլիոն դրամ գումար ավելի է վատնվում, ինքը համարում է, որ պետությանը վնաս է պատճառվել, քանի որ այդ ծրագրում պետությունը սուբսիդավորում էր: Իսկ իրեն շուկայից դուրս մղելու մասով էլ վկան ասել էր՝ ինչպես ինքն է ընկալել, «Ֆլեշ» ընկերության տնօրեն Յաշա Խաչատրյանը իր հետ «հաթաթայի տոնով է խոսել. հա, բա հո չէ՜ր տալու ինձ սպաներ»:
Այսօրվա նիստում պետական մեղադրողը՝ ի հաստատումն վկա Սեւան Քոչարյանի հայտարարության, դատարանին ներկայացրեց փաստաթղթեր, որոնք վերաբերվում են «Կապիտալ-ինվեստ ՍՊԸ»-ին առնչվող դատական գործին, որը հարուցվել է 2019 թ․ օգոստոսի 14-ին: Դրանք ընկերության տնօրեն եւ սեփականատեր Սամվել Սուքիասյանի եւ Հարություն Վարսանյանի ցուցմունքներն են: Սույն գործով ձեռք բերված ապացույցներով, ըստ մեղադրողի, փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ սույն ընկերության նկատմամբ ևս շուկայից դուրս մղելու համար միտումնավոր քայլեր են արվել: Այդ գործով վկաներից Հարություն Վարսանյանն իր ցուցմունքում պնդել է, որ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը՝ օգտագործելով նախկին բարձրաստիճան ղեկավարության հետ իր կապերը՝ «Կապիտալ-ինվեստ ՍՊԸ»-ին դիզվառելիքի ներկրման շուկայից դուրս մղելու քայլեր է ձեռնարկել: Ավելին, ըստ վկայի ցուցմունքի, Բարսեղ Բեգլարյանն իրեն ուղիղ ասել է, որ ոչ թե ինքն է խանգարել վերջինիս, այլ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է արգելել, որ «Կապիտալ-ինվեստ ՍՊԸ»-ն զբաղվի դիզվառելիքի ներկրումներով: Դատախազը հորդորեց փաստաթղթերը կցել գործին, քանի որ, դրանք այս գործով վկայի՝ Սեւան Քոչարյանի, ցուցմունքները գնահատելու փուլում էական նշանակություն ունեցող փաստաթղթեր են:
«Կապիտալ-ինվեստ ՍՊԸ»-ի գործով Բարսեղ Բեգլարյանի ցուցմունքը եւ առերես հարցաքննության արձանագրությունը դատարանին չներկայացնելը պաշտպանական կողմը տարօրինակ համարեց եւ միտում տեսավ դատախազի կողմից: Բարսեղ Բեգլարյանի պաշտպանն առարկեց դատախազի միջնորդության դեմ: Պատասխանողի մյուս ներկայացուցիչները դրան կանդրադառնան՝ ներկայացված փաստաթղթերին ծանոթանալուց հետո:
«Իր ասածի մեջ կան որոշ ճշմարտանման բաներ: Այո, ես նշված երիտասարդին՝ Հարություն Վարսանյան, եթե նույն մարդու մասին է խոսքը, ես իրեն գիտեմ Արթուր Վարսանյան, այդ մասին հարցաքննություն եղել է Հատուկ քննչականում, նույն Մայիլյանի կողմից, որն այսօր էլ այս հարցադրումներն է արել եւ առերեսում է եղել այս՝ վերը նշված երիտասարդի հետ՝ Արթուր Վարսանյանի հետ: Դրանից հետո, եթե չեմ սխալվում, այդ գործը եղել է 2019 թվականին, չէ՞, պարոն դատախազ, բա դրանից հետո՝ 2019 թվական-2023 թվական. այդ գործն ո՞ւր է, ինչո՞ւ չեք ուղարկում դատարան, եթե ես մեղավոր եմ՝ թող տանեն կախաղան բարձրացնեն: Բոլորս գիտենք, որ Արթուր Վարսանյանը եղել է Վանեցյանի քրոջ տղան եւ այն ժամանակ, թե ինչ-ինչ հանգամանքներում են խոստացել այդ գործը կարել, երեւի չի ստացվել»- հայտարարեց Բարսեղ Բեգլարյանը:
Կարդացեք նաև
Ներկայացված փաստաթղթերի ճակատագրին դատարանը կանդրադառնա ավելի ուշ՝ վկաների հարցաքննության ավարտից հետո:
Հիշեցնենք, այս գործով Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․ հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































