Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆլեշ» ընկերության մասով, բացի իր կասկածներից, Սեւան Քոչարյանն այլ հիմնավորումներ չունի. վկայի նախաքննական ցուցմունքները հրապարակվեցին

Դեկտեմբեր 15,2022 16:33

ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով այսօր շարունակվեց դատական նիստը: Դատարանը շարունակեց առանցքային վկա Սեւան Քոչարյանի հարցաքննությունը եւ քանի որ վկայի նախաքննական ցուցմունքների հետ անհամաձայնություն կար, դատարանում, դատախազի միջնորդությամբ, հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը:

Մինչ այդ, հարցաքննության կարգի հետ կապված հայտարարությամբ հանդես եկավ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով դատախազի եւ մասամբ նաեւ դատարանի կողմից պաշտպանական կողմի հարցերը վկային սահմանափակելու փաստին, նա մեջբերեց միջազգային պրակտիկայից օրինակներ: Հիշեցնենք, նախորդ նիստի ժամանակ, պաշտպանական կողմի հարցերը սահմանափակվեցին՝ պատճառաբանությամբ, որ վկային ուղղված հարցերը տվյալ գործի հետ կապ չունեն կամ դատարանը ծանոթ չէ տվյալ գործերին, որպեսզի այս գործի հետ առնչությունները հստակ լինեն, մինչդեռ, պաշտպանական կողմի հայտարարությամբ, իրենց հարցերով ցանկանում են ի ցույց դնել, թե ի՞նչ գործընթացներ են ուղեկցել այս գործին, վկան ի՞նչ նյութական եւ բիզնես խնդիրներ է ունեցել եւ ինչպե՞ս է դրանք լուծել: Դատավորն այսօր էլ պնդեց իր կարծիքը՝ չբացառելով, որ եթե համապատասխան փաստաթղթերը ավելի վաղ ներկայացվեն դատարանին եւ դատարանը դրանց նախապես ծանոթ լինի՝ ըստ այդմ նաեւ առնչությունները պարզ լինեն, պաշտպանական կողմի շատ հարցերի պատասխաններ լսելու հնարավորություն կտրվի: Պաշտպանը պնդեց, որ մարտավարությունից ելնելով որոշ հանգամանքներ նախապես չեն ներկայացվում դատարանին եւ կողմին:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր շարունակվում էր «դիզվառելիքի գործով» նիստը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․-ի հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։

Ինչ մնում է վկայի՝ նախաքննական ցուցմունքների հետ անհամաձայնությանը, ապա, նախաքննական ցուցմունքում վկան ասել էր, որ 1999 թվականից զբաղվել է դիզվառելիքի ներմուծումով եւ վաճառքով եւ մինչեւ 2001 թվականը ներմուծելու ու վաճառելու հետ կապված որեւէ խնդիր չի ունեցել: Մինչ 2001 թվականը վառելիքը ներմուծել է ԻԻՀ-ից եւ Վրաստանից: 2001-ին, իր հիշելով, կառավարության որոշմամբ արգելվում է ԻԻՀ-ից դիզվառելիքի ներմուծումը՝ վատ որակի պատճառով: Որոշումից մի քանի օր անց, Սեւան Քոչարյանը տեղեկանում է, որ «Ֆլեշ» ընկերությունը դիզվառելիք է ներկրում ԻԻՀ-ից՝ ՊՆ-ի անվամբ՝ հետեւյալ մեխանիզմով. ԻԻՀ-ում ընկերությունը բեռնում է իր մեքենաները՝ ՊՆ-ի անվամբ, Մեղրիի մաքսակետից անցնելուց հետո, ՊՆ-ն գրություն է տալիս, որ հրաժարվում է իր անվամբ ներմուծված վառելիքից՝ հօգուտ «Ֆլեշ» ընկերության: Ներմուծված վառելիքը մաքսազերծվում եւ տնօրինվում էր «Ֆլեշ» ընկերության կողմից: Ընդ որում, ՊՆ-ն իր փաստաթղթում ֆիքսել է կոնկրետ վառելիքի քանակ՝ 1000 տոննա, ինչի արդյունքում «Ֆլեշ» ընկերությունը քվոտա է ստացել Իրանից հազար տոննա վառելիք ներմուծելու: Սեւան Քոչարյանը, «Մաքս Գրուպ» ընկերության հանգուցյալ տնօրեն Սեւան Քոչարյանի միջոցով ՊՆ-ում կապեր է ձեռք բերում եւ այդ ընկերության միջոցով, շուրջ մեկ տարի՝ նույն մեխանիզմով, դիզվառելիք է ներմուծում Հայաստան:

«2003 թվականին ինձ զանգահարեց այն ժամանակվա ՊՆ փոխնախարար Գագիկ Մելքոնյանը եւ ասաց՝ տեղյակ է, որ «Մաքս Գրուպ» ընկերության անունից ես եմ վառելիք ներմուծում եւ առաջարկեց ուղիղ համագործակցություն՝ պայմանով, որ ՊՆ-ի համար յուրաքանչյուր 4 հազար տոննա դիզվառելիք ներմուծելու դեպքում, ինձ կթույլատրվի հազար տոննա վառելիք ներմուծել՝ սեփական հայեցողությամբ տնօրինելու համար»,- ասել է վկան՝ հավելելով, որ 2004-ին այդ նպատակով հիմնում է «Սոկոլ Օյլ» ընկերությունը եւ հունվար ամսից, ՊՆ-ի հետ այդ մեխանիզմով աշխատում է մինչեւ 2005 թվականի վերջը, իսկ 2005-ից, թեեւ իր ղեկավարած ընկերությունն էր շահել մրցույթը, ՊՆ-ն իր հետ չի համագործակցում:

Վկան նշում է, որ 2055-ի գարնանը ՊՆ-ին արդեն մատակարարել էր այնքան դիզվառելիք, որքան կանխավճար էր ստացել: Նա իր ընկերություններով շարունակում է այլ շուկաներից վառելիքի ներմուծումը եւ վաճառքը մեծածախ շուկայում, բայց 2008 թվականի դեկտեմբերին մեծ նյութական վնասներ է կրում՝ կապված մարտ-օգոստոս ամիսներին, միջազգային շուկայում դիզվառելիքի գնի հետ, որոնք դեկտեմբերի համեմատ մոտ հինգ անգամ բարձր էին: Ըստ վկայի նախաքննական ցուցմունքի, այդ ընթացքում «Ֆլեշ» ընկերությունը շարունակել է դիզվառելիք ներմուծել՝ նույն մեխանիզմով՝ առանց ՊՆ-ի առջեւ որեւէ պարտավորության: 2008-2013 թվականներին իր ղեկավարած ընկերություններով շարունակել է վառելիքի ներմուծումը, թեեւ որոշներն արդեն սնանկ են ճանաչվել:

2013-ին տեղեկանում է գյուղնախարարության հայտարարած մրցույթի մասին՝ 27 միլիոն տոննա վառելիքի ներմուծման համար եւ որոշում է ընկերոջ՝ Եղիշե Վարդանյանին պատկանող «Սովրանո» ընկերության միջոցով մասնակցել, որը Իրաքից էր վառելիք ներմուծում: Ինչպես հետո տեղեկացել է՝ 2013 թվականի մարտին տեղի ունեցած մրցույթին մասնակցել են երեք ընկերություններ՝ «Սովրանո» ընկերությունը՝ 1 լիտրի դիմաց 425 դրամ, առաջարկով, «Մաքս գրուպ» ընկերությունը՝ 420 դրամ առաջարկով եւ «Ֆլեշ» ընկերությունը՝ 440 դրամ առաջարկով: Հաղթող էր ճանաչվել «Մաքս գրուպ» ընկերությունը, հետագայում, սակայն, իրեն անհայտ պատճառներով, վերջինս հրաժարվել էր մատակարարում կատարելուց: Առաջարկը պետք է փոխանցվեր «Սովրանո» ընկերությանը, սակայն, գյուղնախարարությունից ընկերության հետ կապ չեն հաստատել եւ վառելիքը ձեռք են բերել 440 դրամով՝ «Ֆլեշ» ընկերությունից:

Վկան հիշում է, որ մրցույթի օրը, 17.30-ի սահմաններում, իրեն է զանգահարում «Ֆլեշ» ընկերության տնօրեն Յաշա Խաչատրյանը եւ զայրացած տոնով ասում՝ «ՊՆ-ից պրծար, հիմա էլ գյուղատնտեսությանն ես անցել» եւ հավելում. «Ես հասկացա, որ մրցույթի կանոնները խախտվել են, որովհետեւ մրցույթի արդյունքները պետք է հրապարակվեին ժամը 18.00-ին, սակայն, 17.30-ին Յաշան արդեն գիտեր, որ ես էլ եմ մասնակցել մրցույթին»:

Ապա, վկան նշում է, որ ՊՆ-ին վառելիքի մատակարարման բոլոր խոչընդոտները, որոնց հանդիպել է, իր կարծիքով հետեւանք էին «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի եւ «ՀՀ նախկին իշխանությունների ունեցած սերտ հարաբերությունների հիմքի վրա՝ շուկայից այլ ներկրողների դուրս մղելու ձգտումի»:

Իսկ գյուղնախարարության մրցույթի արդյունքում, ըստ վկայի, ոչ միայն իրեն են դուրս մղել շուկայից, այլ տեղի է ունեցել հանցագործության՝ վատնվել են ՀՀ պետական միջոցները՝ դիզվառելիքը 15 դրամ ավելի թանկ գնով ձեռք բերելով:

Վկան նաեւ պատմում է, որ «Ասեքս Օյլ» ընկերությամբ է փորձում ԻԻՀ-ից վառելիք ներմուծել, բայց մեքենաները Մեղրիի անցակետում, չեզոք գոտում երկար ժամանակ մնում են՝ պատճառաբանությամբ, թե դիզվառելիքը չի համապատասխանում պետական ստանդարտներին: 42-43 օր հետո, վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդակցություն է տեղի ունենում, որի ժամանակ, վարչապետն ասում է, թե ֆինանսական կոլապսից խուսափելու համար, թույլ կտան վառելիքի այդ խմբաքանակը՝ 70 բեռնատարներ մտնի Հայաստան, բայց փոխանցում է, որ այլեւս չբերեն՝ չմանրամասնելով՝ ընդհանրապե՞ս վառելիք չբերեն, թե՞ ԻԻՀ-ից չբերեն: Այդ օրերի համար, վկան վճարել է 67,500 ԱՄՆ դոլար տուգանք եւ յուրաքանչյուր վարորդի, յուրաքանչյուր պարապուրդի օրվա համար 100 ԱՄՆ դոլար:

Ապա վկան պատմում է մեկ այլ դեպք, երբ ՌԴ-ից ներմուծվող վառելիքի Հայաստան մուտքի հետ կապված խնդիր է առաջանում, ինքը մաքսատուն չի գնում, որ տեղեկանա թե ի՞նչն է պատճառը, զարգացումների մասին վարորդներից է տեղեկանում եւ ենթադրում է, որ այս դեպքում էլ «Ֆլեշ» ընկերության համար մենաշնորհի ապահովումն է խնդիրը: Բացի իր կասկածներից, վկան այս մասով փաստական տվյալներ չունի, բայց պնդում է, որ իր կասկածները հիմնավոր են:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031