Լրահոս
Օրվա լրահոսը

«Հույս ունեմ՝ տիկին Գրիգորյանն իրեն հաշիվ է տալիս՝ արդյոք համապատասխանո՞ւմ է իրեն առաջարկված այդ կարևոր պաշտոնին, թե՞ ոչ»․ Նինա Կարապետյանց

Փետրվար 02,2023 17:38

«ՀՀ-ում ամենադժվար դիրքը, ինստիտուտը հենց մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն է, քանի որ նա ամենախոցելի վիճակում գտնվող յուրաքանչյուր մարդու համար դուրս է գալիս համակարգի դեմ։ Դա ծանր աշխատանք է»,- «Մեդիա կենտրոնում» «ՄԻՊ ինստիտուտը հեղինակազրկվում է. ինչո՞ւ գրավիչ չէ լինել մարդու իրավունքների պաշտպան» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ մենք միշտ ունեցել ենք ՄԻՊ-եր, որոնք նշանակվել են տվյալ քաղաքական կուսակցության կողմից, եղել նրանց լավագույն կադրը, հետո դարձել նրանց թշնամին։ Նա հիշեց Արմեն Հարությունյանին, Կարեն Անդրեասյանին, Արման Թաթոյանին։ Իրավապաշտպանը հաջորդ ՄԻՊ-ին դիմելով՝ ասաց, որ պետք չէ անել բարձրագոչ ճառեր, պետք է շատ մտածել այդ պաշտոնը ստանձնելուց առաջ, քանի որ պատասխանատու պաշտոն է։

Քրիստինե Գրիգորյանի աշխատանքի մասին էլ ասաց․«Քրիստինե Գրիգորյանը մեկ տարվա ընթացքում կարողացել է շատ տարբեր խմբերի հետ բավականին լավ համագործակցություն հաստատել։ Այն խոցելի խմբերի հարցերը, որոնք չեն բարձրացվել, ինքը գնացել է ընդառաջ և հանդիպել նրանց․ օրինակ՝ ԼԳԲՏ խմբերի, կանանց իրավունքներով զբաղվող խմբերի հետ է հանդիպել»։

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ ղեկավար Նինա Կարապետյանցն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, նշեց․ «Մարդու իրավունքներով զբաղվելը ապրելակերպ է, աշխարհայացք, պաշտոն չէ, որ էսօր տալիս են 9-18.00-ն զբաղվես մարդու իրավունքներով, դրանից հետո՝ ոչ։ Իմ պատկերացմամբ՝ սա ՀՀ-ում կարևորագույն կարգավիճակներից մեկն է։ ՄԻՊ-ն ունի մեծ գործիքակազմ և հնարավորություն ազդեցություն ունենալ, փոփոխություններ բերել։ Քրիստինե Գրիգորյանը շատ համապատասխանում էր այդ կարգավիճակին։ Մենք ունեցել ենք միայն երկու հարցում տարաձայնություն՝ ոստիկանության գործողությունների գնահատականը, որը շատ լղոզված էր, պրոիշխանական, Վարուժան Ավետիսյանի առողջությունը տոտալ անարձագանք լինելը։ Նրա կառավարման ժամանակ չենք ունեցել հարց, որ համագործակցության թերացում կամ հապաղում ունենանք»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Քրիստինե Գրիգորյանը ճնշումների ներքո է հրաժարական տվել, Զարուհի Հովհաննիսյանը պատասխանեց․ «Կարող է, քանի որ չի եղել նախադեպ, որ ՄԻՊ-ը համակարգի կողմից ճնշված չլիներ։ Նույնիսկ Արման Թաթոյանը, որն առաջինն էր, որ պաշտոնավարեց մինչև իր պաշտոնի ավարտ, միևնույն է, ճնշումների էր ենթարկվում։ Բայց միևնույն է՝ այն վիճակով հրաժեշտ չտվեց կարգավիճակին, որը հարիր էր ժողովրդավարական համակարգին։ Հենց դրա մասին ենք խոսում, որ ՄԻՊ-ը պաշտոն չէ, աշխատանք չէ, հավատամք է, մարդկանց մասին հոգ տանելու և մարդու իրավունքի մասին պատկերացման ապրելակերպ է։ Քրիստինեի հետ համաժողով էինք վարում, ասաց, որ ձեր աշխատանքը տարիների պայքար է, որ հասցրել է մի իրավիճակի, որը երկրում փոփոխություն է բերել։ Դրա համար եմ ասում՝ շատ երկար մտածիր։ Կարիերա չէ դա, պատահական չէ, որ երիտասարդները չեն ուզում իրավապաշտպան լինել, գալիս են ՀԿ ոլորտ՝ որպես աշխատաշուկա, կարիերա»։

Ճնշումների առիթով Նինա Կարապետյանցը կարծիք հայտնեց՝ ցանկացած իշխանություն ցանկություն ունի ունենալ կառավարելի ինստիտուտներ ու շարունակեց․«Իշխանությունն ուզում է ունենալ կառավարելի դատավորներ, քննիչներ, գլխավոր դատախազ, նաև ՄԻՊ։ Այստեղ հենց մարդկային, անձնական հատկություններն են։ Մեխանիզմն էլ, որով ՄԻՊ են ընտրում, պետք է փոխել։ Նորմալ չէ, երբ ԱԺ մեծամասնություն կազմող ուժը նշանակում է ՄԻՊ, հետո նա ունենում է կաշկանդվածություն։ Ոստիկանների գործողություններին Քրիստինե Գրիգորյանի կողմից գնահատական չտալը հենց դրա մասին էր խոսում։ Բոլոր ժամանակներում փաստաբանների, իրավապաշտպանների լրագրողների վրա լինում են ճնշումներ, որոնք անխուսափելի են։ Բայց սա աշխատանքի բաղկացուցիչ մասն է։ Դա նույն տրամաբանության մեջ է, որ մեքենա սարքող վարպետն ասի՝ ձեռքերս յուղոտվում են, հացթուխը ասի՝ ալյուրոտվում եմ։ Դա մեր աշխատանքի բաղկացուցիչ մասն է։ Եթե ի վիճակի չես, նշանակում է՝ կամ չես գնահատում ռիսկերը, կամ էլ չես համապատասխանում քո կարգավիճակին։ Ճնշումներ միշտ եղել են ու կան, հենց դրանով է տարբեր ռեալ ՄԻՊ-ը, ոչ ՄԻՊ-ից։ Քանի որ քննարկվում է այլ աշխատանքի անցնելը, ինքն էլ իր հայտարարության մեջ է գրել, այն կառույցի ղեկավար, որին իրեն առաջարկել են, այնքան կարևոր է պետության անվտանգության, կայուն զարգացման համար, որ հույս ունեմ՝ տիկին Գրիգորյանն իրեն հաշիվ է տալիս ու հասկանում՝ արդյոք ինքը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։ Առհասարակ՝ ցանկացած մեկը, որին պաշտոն են առաջարկում, ոչ թե պետք է վերաբերվի այդ պաշտոնին կենսագրության մեջ նշվելու համար, այլ պատասխանատվությամբ վերաբերվի՝ արդյոք համապատասխանո՞ւմ է այդ կարգավիճակին, թե՞ ոչ։ Մեր կանոնադրությամբ՝ իմ պաշտոնը կազմակերպության նախագահ է։ Ես ասում եմ՝ ինձ ասեք ղեկավար, քանի որ արդեն ամոթ է․ բոլորն էս երկրում նախագահ են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728