Ապշում եմ, երբ մտաբերում եմ աղետները,
Ձեռքերս թուլանում են գրելիս.
Թ. Արծրունի (10-րդ դար)
Երեւան քաղաքը գտնվելով Արարատյան դաշտի գրեթե կենտրոնական մասում, նշանակալի դեր է խաղացել տարածքի պատմաաշխարհագրական ձեւավորման ու զարգացման ասպարեզում: Նրա բնական պայմանները՝ նպաստավոր դիրքը, տաք կլիման, ջրառատությունը հնագուն ժամանակներից ի վեր նպաստել են քաղաքի զարգացմանը: Արարատյան դաշտ-գոգավորությունը պայմանավորված տեղանքի բարդ երկրաբանական կառուցվածքով, իրենից ներկայացնում է բնական պրոցեսներով լեցուն մի հանգույց: Այդ պրոցեսներից են այստեղ պարբերաբար տեղի ունեցող երկրաշարժերը, որոնց պատճառած ավերածություններն ու մարդկային զոհերը Երեւանը շատ է տեսել իր պատմության ընթացքում: Այստեղ դեռեւս մեր թվարկությունից մի քանի դար առաջ եղել է սոսկալի երկրաշարժ, որից եւ Մասիսի հյուսիս-արեւելյան լանջին առաջացել է մեծ խորություն ունեցող վիհը. «Այս փլվածքն, ասում են, առաջ է եկել մի ահագին երկրաշարժից», – գրել է Մովսես Խորենացին: Արարատում երկրաշարժեր են հիշատակվում նաեւ 139 եւ 341 թթ.: Վերջինի դեպքում Եփրեմ Եդեսիացին գրել է, որ այդ միջոցին հայկական լեռները նախ հեռացան իրարից, ապա մոտեցան իրար սարսափելի ճայթյուններով: Լեռների միջից դուրս ժայթքեցին կրակ եւ ծուխ: Հետագայում, անշուշտ, Երեւանում զգացվել են 9-րդ դարում Դվինում տեղի ունեցած երկրաշարժերը՝ 851, 858, 863, 869, 893, 894 թթ., որոնք մեծ ավերածություններ են առաջացրել ոչ միայն հայոց մայրաքաղաքում, այլեւ ամբողջ Արարատյան շրջանում:
1261թ. երկրաշարժից քանդվել, կամ մեծ խախտումներ է ստացել Երեւանի Կաթողիկե եկեղեցին, որի մասին գրել է Ա. Քալանթարը. «1261թ. քանդվելով կամ մեծ խախտումներ ստանալով, հուշարձանը, հավանաբար, նույն վիճակում էր գտնվում նաեւ Սահմադինի ժամանակ 1264թ.: Այդ դեպքում դառնում է ավելի հասկանալի, թէ ինչու Սահմադինը իր արձանագրությունը փորեց մատուռի պատի վրա եւ ոչ մեծ հուշարձանին»: Կաթողիկեն ավերվել է նաեւ 1264թ. Ուշիի երկրաշարժից, որի ժամանակ կործանվել է տեղի Սբ. Սարգիս վանքը: 1319թ. երկրաշարժը տարածվել է Սյունիքից մինչեւ Անի, ավերակների վերածելով շատ քաղաքներ ու գյուղեր: Ա. Քալանթարը նշել է, որ այդ երկրաշարժը ընդգրկել է նաեւ Երեւանը: 1641թ. երկրաշարժից դարձյալ վնասվել է Երեւանի Կաթողիկե եկեղեցին: Ըստ Ա. Քալանթարի, 1642թ. ուստա Գրիգորի կողմից եկեղեցու նորոգված լինելը կարող է կապվել 1641թ. տեղի ունեցած երկրաշարժի հետ: Սակայն, առաձին ուշադրության պետք է արժանանա 1679թ. հունիսի 4-ին կայացած Արարատյան երկրաշարժը, որը մեծ ավերածություններ է պատճառել Երեւանին: Երկրակեղեւի տատանումները փոքր ընդմիջումներով շարունակվել են 9 օր, ապա հանդարտվել եւ նորից սկսվել մինչեւ տարեվերջ: Վերջին ուժեղ ցնցումը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին: Նրա էպիկենտրոնը գտնվել է Գառնի գյուղի մոտ:

Մեկ ուրիշ ժամանակագիր՝ Վարդան Բաղիշեցին, գրել է, որ «երկրաշարժ եղավ Երեւան քաղաքում, մինչեւ անթիվ մարդիկ մեռան, քաղաքի կեսից ավելին տապալվեց ու ընկղմվեց»: Նշվել է, որ այդ երկրաշարժից Երեւանում մահացել է 8000 մարդ, իսկ ըստ Զաքարիա Ագուլեցու՝ զոհվածների ընդհանուր թիվը Երեւանի խանությունում եղել է 7600 մարդ: Հայազգի Սաֆար-օղլին աշուղական ողբով է նկարագրել երկրաշարժը.
Երկինքըն թունա առաւ գետինըն գոռաց,
Կարդացեք նաև
Անդունդքէն վեր եկաւ ջուրն Երեւանայ:
Երկինքըն շարժ ելաւ մեղաց պատուհաս ելաւ,
Փառքն ու գոչումն դուռն Երեւանայ…:
Երկրաշարժից հետո կանոնավոր կյանքը վերականգնելու համար Երեւանի կառավարիչ Զալ-խանը աղետի մասին շտապ տեղեկացրել է պարսից շահին, որը եւ հրամայել է առաց ժամանակ կորցնելու անցնել շինարարական աշխատանքների: Սակայն քաղաքի փլված տներն ու եկեղեցիները վերաշինվել են բավականին երկար ժամանակամիջոցում: 1827թ. երկրաշարժը նկարագրել է դեկաբրիստ Եվգենի Լաչինովը. «Երեւանի գրավումից հետո, հոկտեմբերի 8-ին այնտեղ եղան մի քանի բավական ուժեղ ցնցումներ, եւ երկրաշարժը կրկնվում էր հինգ օր, ու շատ տեղերում պատեր էին քանդվել, բայց դժբախտություններ չէին եղել եւ մեծ ավերածությունների մասին նույնպես չէինք լսել»: 1840թ. հունիսի 20-ին Արարատի աղետաբեր երկրաշարժը զգացվել է նաեւ Երեւանում: Այն պարբերաբար շարունակվել է գրեթե մեկ տարի: Հուլիսի 14-ին առավոտյան, Երեւանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: 1846թ. հոկտեմբերի 17-ին, կեսգիշերին երկրաշարժ է զգացվել Երեւանում, որին ուղեկցել են ուժեղ հարվածներ եւ ստորերկրյա դղրդյուն: Բարեբախտաբար հարվածները տեւական չեն եղել եւ աչքի ընկնող հետեւանքներ չեն ունեցել: 1858թ. երկրաշարժ Երեւանում, վնասվել է Երեւանի բերդում տեղակայված գինու մառանը: 1869թ. դեկտեմբերի 14-ին երեկոյան ստորերկրյա դղրդյունով երկրաշարժ է եղել Երեւանում, տեւել է 6 վայրկյան եւ ունեցել է արեւմուտքից արեւելք ուղղություն: Մի քանի տների պատեր վնասվել են: 1885թ. փետրվարի 26-ին, առավոտյան, Երեւանում երկրաշարժի բավական զգալի ցնցում է եղել: 1888թ. մայիսի 3-ին երկրաշարժ է եղել Երեւանում: Ինչպես նկարագրվել է մամուլում, քաղաքի մի քանի տներում մարդիկ քնած տեղից հանկարծ արթնացել են, անկողինների սաստիկ օրորվելու պատճառով, տների առաստաղներից սվաղը տեղ-տեղ թափվել է, իսկ բնակիչներից ոմանց բաժակները ձեռքերից վայր են ընկել: 1888թ. օգոստոսի վերջին Երեւանից գրվել է. «Գրեթէ 7 ժամից մինչեւ 12-ը գոռալով ու զարհուրելի գոչումով դղրդեցնում էր երկու կողմի բլրակները, շարժում էր հովիտը ու լեառը, այնպէս որ Երեւանի բնակիչները մեծ ահ ու դողի մէջ ընկան: Տեսարանը զարհուրելի էր»: 1890թ. հոկտեմբերի 28-ի գիշերը երկրաշարժ է եղել Երեւանում: 1891թ. մարտի 15-ի գիշերը, երկրաշարժը զգալի է եղել Երեւանի գավառում: 1896թ. սեպտեմբերի 10-ին, ցերեկը, Երեւանում զգացվել են թույլ ցնցումներ:
1899թ. դեկտեմբերի 31-ին Երեւանում զգացվել են գետնի թույլ ալիքաձեւ տատանումներ: Ուղղությունը՝ հյուսիս-արեւմուքից, տեւողությունը՝ 15 վայրկյան: 1909թ. նոյեմբերի 11-ին գիշերը, Երեւանում զգացվել է երկրաշարժ, որի ցնցումը եղել է բավականին զորեղ, որից երկու խարխուլ տուն է քանդվել: 1910թ. հունվարի 12-ին գիշերը Երեւանում զգացվել է բավականին ուժեղ երկրաշարժ, որը տեւել է ամբողջ 15 վայրկյան: Ժամը 5-անց 25 րոպեին նորից կրկնվել է ավելի թույլ եւ տեւել 4 վայրկյան, ժամը 6-անց 1 րոպեին՝ երրորդ անգամ կրկնվել է ավելի թույլ ու տեւել 2 վայրկյան: Ուղղությունը եղել է արեւմուտքից դեպի արեւելք: Ժողովուրդը սարսափած դուրս է թափվել փողոց: Մի քանի տներ քանդվել են, մի քանիսն էլ ճեղքվածքներ են ստացել: Մարդկային զոհեր չկան: 1916թ. նոյեմբերի 1-ին երեկոյան, երկրաշարժի զորեղ տատանումներ են եղել Երեւանի շրջանում: Ժողովուրդը սարսափահար էր: 1930թ. մայիսի 8-ի երեկոյան, Երեւանում զգացվել է երկրաշարժ: 1937թ. հունվարի 7-ին, երեկոյան, Երեւանում, կարճատեւ ընդհատումներով զգացվել են ստորերկրյա չորս ցնցումներ: Առաջին երկու ցնցումները շարունակվել են 12 վայրկյան: Երկրաշարժի կենտրոնը գտնվել է Երեւանում, զոհեր եւ ավերածություններ չկան: Մի քանի տներ ճեղքվածքներ են տվել: 1940թ. մայիսի լույս 8-ի գիշերը, Երեւանի սեյսմիկ կայանն արձանագրել է երկրաշարժ՝ 2 բալ ուժով, որը քաղաքին, ոչ մի վնաս չի պատճառել: Ներկայացնելով Երեւանում երկրաշարժերի համառոտակի տարեգրությունը, նշենք, որ այն ընդամենը տեղի ունեցած աղետների մի մասն է: Եվ այժմ, երբ պարտավոր ենք չարաղետ երկրաշարժերից համակողմանի հետեւության հանգել, շինարարության ընթացքում պետք է ամեն մի դեպք խստագույնս հաշվի առնել, կատարել մանրազնին երկրաբանական հետազոտություններ, հաշվի նստել գիտական եզրակացությունների հետ, կառուցել այնպես, որ վիշտ ու աղետ չդառնա մարդկանց համար:
Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող
«Առավոտ» օրաթերթ
11.02.2023



















































