Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան․ «Սումգայիթից մինչեւ Բերձորի միջանցք բոլոր գործողությունները ոչ թե հատվածական բնույթ են կրում, խտրականություն կամ էթնիկական զտում են, այլ ցեղասպանության տարբեր փուլեր են»

Փետրվար 27,2023 23:59

Վաղը լրանում է Սումգայիթում Ադրբեջանի ղեկավարության կողմից կազմակերպված հայկական ջարդերի 35-րդ տարելիցը։ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում ասաց, որ ՀՀ տոների եւ հիշատակների օրերի մասին օրենքում փետրվարի 28-ը նշված է որպես Սումգայիթում հայերի ողբերգության հիշատակի օր։ «Մյուս կողմից, դա ամբողջ ադրբեջանահայության, որոնք բռնի տեղահանվել են Սովետական Ադրբեջանից, իրավունքների պաշտպանության օրն է, ինչը բավականին պարտադրող է։ Ի տարբերություն շատերի, որոնք նշում էին սումգայիթյան ջարդերի 20, 25 կամ 35-ամյակը, ես դա կոչել եմ շարունակական բնույթ կրող ցեղասպանություն։ Եվ այսօր էլ պետք է խոսենք, որ 35 տարի ցեղասպանական գործողություններ են կատարվում Ադրբեջանի կողմից։ Սումգայիթից մինչեւ Բերձորի միջանցք, բոլոր գործողությունները ոչ թե հատվածական բնույթ են կրում, կամ բնութագրվում են խտրականություն կամ էթնիկական զտում, դրանք ցեղասպանության տարբեր փուլեր են։ Ես դեռ չեմ խոսում անցած դարի 18-20 թվականների մասին, դեռ չեմ խոսում սովետական տարիների մասին, երբ Հեյդար Ալիեւը անթաքույց հպարտանում էր, թե ինքը շարունակ այնպիսի ժողովրդագրական քաղաքականություն է վարում, որպեսզի հայերի թիվը քչանա, իսկ ադրբեջանցիներինը մեծանա»,-ասաց իրավապաշտպանը։

Տիկին Ալավերդյանը, որը «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրենն է, մանրամասներ ներկայացրեց նաեւ ՊՆ շենքից ձմռան այս ցրտին փողոց շպրտված ընտանիքների հետ իր հանդիպումների եւ տարվող աշխատանքների մասին։ «Ես նրանց հրավիրել եմ մեր կազմակերպություն, որտեղ հանդիպել են իրավաբանի հետ եւ գործը մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք։ Մի բան կա, որ ուզում եմ հենց սկզբից ասել։ Դուք գիտե՞ք, որ այդ շենքը սկսվել է բնակեցվել 2018 թվականի, այսպես ասած, հեղափոխության ժամանակ։ Այսինքն, ինչպես իրենք իրավունք ունեին մտնել ցանկացած շենք, նույնպես երեք միլիոն վարչապետներ նույնպես իրավունք ունեին մտնել ցանկացած շենք։ Սակայն այսօր կարեւորը այլ բան է։ Ասում են՝ այդ շենքը պատկանում է պետությանը եւ պետության հոգածության ներքո է։ Բայց կներեք, այդ քաղաքացիները անտե՞ր են։ Նրանք ո՞ւմ քաղաքացիներն են։ Դա պետության առաջնային խնդիրն է։ Ես կարող եմ հստակ ցույց տալ, որ ամենահարուստ երկրներում, օրինակ, Ամերիկայի մասին է խոսքը, եւ ամենասոցիալական քաղաքականություն ունեցող պետության՝ Շվեդիայի։ Վաղուց հայտնի է բոլորին, որ չեն կարող բոլոր մարդիկ բնակարանների կամ տների սեփականատեր լինել։ Դրա համար պետությունը միշտ ունի մշտական գործող սոցիալական բնակարանաշինության ծրագրեր։ Մարդը, հնարավոր է, բնակարանը ծախել, վիրահատվել է, ինչը մեր երկրում ամենօրյա պրակտիկա է։

Դա նշանակում է, որ Հայաստանը, որը շարունակ մնում է աղքատ երկրների ցուցակում, առավել եւս պետք է ունենար այդ սոցիալական շինարարության պետական ծրագիրը։ Որ պետությունը պետք է ունենա այդպիսի քաղաքականություն, մենք կարողացել ենք ապացուցել դեռ 90-ական թվականների վերջում, երբ Հայաստանում մշակվում էր աղքատության հաղթահարման ծրագիրը։ Ավելին, Քանաքեռում ոնց որ կառուցվել է այդպիսի երկու շենք։ Ինչպես սովետական ժամանակ, երբ մենք ապրում էինք պետությունից վարձակալած բնակարաններում, տալիս սիմվոլիկ գումարներ, չէինք կարող վաճառել, բայց փոխանակել կարող էինք։ Դա օգտագործման իրավունքի ընդլայնված ձեւն էր։ Եվ այդ ձեւը հիմա նոր չպետք է հայտնաբերենք։ Մեր պետությունը պետք է դա վաղուց ուղղակի որդեգրեր որպես սոցիալական պետություն։

Ինչ է այդ մարդկանց վիճակը։ Խարույկի վրա են երեխայի ուտելիք պատրաստում, ապրում են բացօթյա։ Ասում են՝ խիղճը քաղաքական կատեգորիա չէ։ Բայց մարդկային է չէ՞»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728