Լրահոս
Օրվա լրահոսը

«Շրջափակումը, ավելի ճիշտ` պաշարումը շարունակվում է, անորոշությունը պահպանվում է»

Մարտ 08,2023 13:00

Հարցազրույց արցախցի գրող, հրապարակախոս Վարդգես Օվյանի հետ

– Մեր հեռակա զրույցը Արցախի շրջափակման 86-րդ օրն է: Դու, ընտանիքդ, ընկերներդ այդտեղ եք: Ինչպիսի՞ն է վիճակը:

– Արցախում ընդհանուր առմամբ իրավիճակը չի փոխվել։ Շրջափակումը, ավելի ճիշտ` պաշարումը շարունակվում է, անորոշությունը պահպանվում է։ Ոչ ոք չի կարող հստակ ասել, թե վաղը, երկու օր հետո կամ մեկ շաբաթ հետո ինչ է լինելու, որովհետեւ անորոշ ու անկանխատեսելի է հենց ներկան։ Երբ մենք զրուցում էինք, Արցախի ՆԳ նախարարությունը տեղեկացրեց մարտի 5-ի մասին: Առավոտյան ժամը 10-ի սահմաններում «Խայփալու» կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետեւանքով ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ծառայողների շրջանում կա զոհ եւ վիրավոր։ Իսկ մինչ այդ էլ ադրբեջանցիները կրակ էին բացել Արցախի Մարտունու եւ այլ շրջաններում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների վրա։

– Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին փետրվարի 23-ին պետնախարարի պաշտոնից ազատելուց հետո ինչպիսի՞ն են մարդկանց տրամադրությունները:

– Արցախցիների ստվար մասը Ռուբեն Վարդանյանի հետ մեծ հույսեր էր կապում, հավատում էր նրա ազնվությանն ու անկեղծությանը, համոզված էր, որ նա Արցախի քաղաքական դաշտում վերջին առնվազն երկու տասնամյակում հայտնված իրոք այն մարդն է, այն գործիչն է, որի շնորհիվ Արցախի հասարակական-քաղաքական կյանքում դրական փոփոխություններ կարող են կատարվել։ Նրան պետնախարարի պաշտոնից ազատելուց հետո հիասթափություն, որոշ չափով հուսահատություն կա, բայց այն փաստը, որ Վարդանյանը խոստացել է մնալ Արցախում եւ շարունակել օգնել մարդկանց, արցախցիներին դեռեւս լավատեսության հույսեր է ներշնչում։

– Վարդգես, չեմ կարող չհարցնել, Վարդանյանի պաշտոնավարման ժամանակ եւ հիմա տարբերություն կա՞, որն էր:

– Անշուշտ, տարբերություն կա։ Մարդիկ զգացել են, որ նա սկզբունքային դիրքորոշում ունի զանազան անօրինական, արատավոր երեւույթների նկատմամբ, խիստ է այդ հարցում։ Դա ակնհայտ էր։ Երբ խանութում թեկուզ կատակով վաճառողին ասում էիր՝ «ոնց որ թանկ ես վաճառում», գույնը գցում էր ու երդվում, որ ընդունված գներով է վաճառում։ Հիմա շատերն են դժգոհում, օրինակ, որ որոշ խանութներում նարինջը 550 դրամ է, որոշներում 1700 դրամով են վաճառում։ Եվ ոչ միայն նարինջը։

Ի դեպ, այս կիրակի փորձեցի օգտվել «Արցախբանկի» 4-5 բանկոմատի ծառայությունից։ Ասեմ, որ շրջափակման պայմաններում օրվա կտրվածքով բանկոմատից կարող ենք ստանալ առավելագույնը 50 հազար դրամ։ Նրանցից ոչ մեկը չէր աշխատում։ Ստիպված էի օգտվել այլ բանկոմատից։ Հերթում սպասողներին հարցրի՝ այլ բանկային քարտի դեպքում տոկոս պահվո՞ւմ է։ Երիտասարդ մի կին ժպտալով ասաց՝ «Վարդանյանի օրոք չէր պահվում, հիմա՝ չգիտեմ»։

Ասել է թե՝ ամեն քայլափոխում է զգացվում տարբերությունը։ Թեկուզ հնարավոր է, որ Վարդանյանին փոխարինած նոր պաշտոնյան նույնպես խիստ ու սկզբունքային լինի։ Բայց առայժմ անբաժան կոտրած տաշտակի առջեւ ենք կրկին։

– Վարդանյանն ասել է, որ մնալու է Արցախում: Ինչպե՞ս է պատկերացնում Վարդանյանն իր հետագա գործունեությունն Արցախում՝ ոչ պետնախարարի պաշտոնում…

– Իր վերջին ելույթում եւ մի քանի օր առաջ մի հանդիպման ժամանակ էլ, որին ես եւս հրավիրված էի, նա ասաց, որ ինքը հիմնադրամ ունի, շարունակելու է զանազան ծրագրեր իրականացնել։ Մի խոսքով, շարունակելու է պայքարել հանուն Արցախի, ու կապ չունի՝ պետական պաշտոնյա՞ է ինքը, թե՞ ոչ։ Ի դեպ, մասնակիցներից մեկը հակադարձել է, որ առանց համակարգային փոփոխության երկրում անհնար է որեւէ բան փոխել։ Ես եւս գտնում եմ, որ համակարգային փոփոխություններ են պետք։ Հինը որքան էլ կարկատենք, ոչինչ չի փոխվելու, երբ հակառակ ճամբարում թշնամին բոլոր ոլորտներում եւ բոլոր առումներով աշխատում է ու մղոններով առաջ է մեզնից։

– Քանի որ ակնարկածդ հանդիպմանը ներկա ես գտնվել, ինչպիսի՞ն է կարծիքդ նրա մասին:

– Մինչ այդ հանդիպումն էլ, նրա հարցազրույցներից, ելույթներից, կարճատեւ պաշտոնավարությունից արդեն ձեւավորված կարծիք ունեի։ Բայց Ռուբենի մասին ավելի լավ է ներկայացրել հրաշալի քաղաքագետ, վերլուծաբան, գիտնական Արա Հարությունյանը, որի կարծիքը լիովին կիսում եմ։ «Ռուբենը ոչ մի ձեւով համեմատելի չէ ոչ Նիկոլի ու ոչ էլ հայկական որեւէ քաղգործչի հետ` նախ եւ առաջ որովհետեւ երբեւէ որեւէ ընտրությամբ որեւէ պաշտոնի ընտրված չի եղել ու չէ, որեւէ հայկական կուսակցության անդամ չի եղել, երբեւէ որեւէ մեկին որեւէ բան չի խոստացել ու չի դրժել իր խոստումը, ոչ թե թուրքական փողերով «հեղափոխություն» է արել եւ հային ու Հայաստանը կործանել, այլ իր նախաձեռնությամբ եկել է Ղարաբաղ ու պաշտոնից հեռացվել է հենց թուրքերի պահանջով ու հայերի դավաճանությամբ… Ռուբենին քննարկելու ու քննադատելու իրավունք ունեն բուն ղարաբաղցիք, այլ ոչ հայաստանցիք, որոնց մեծ մասը սկզբում Ռուբենին անգլիական ու թուրքական գործակալ էր համարում, իսկ հիմա՝ փուչիկ…»։

Ես նույնպես գտնում եմ, որ նրան պաշտոնից ազատել են թուրքերի թելադրանքով եւ հազարավոր այն հայաստանցիների «ջերմ» աջակցությամբ, որոնք օրուգիշեր զրպարտում, բամբասում էին նրան՝ թքած ունենալով, որ նա արցախցիների թերեւս միակ կամ վերջին հույսն է, եւ նրա հեռանալով հնարավոր է Արցախում պարզապես մարդ չմնա:

– Մենք պարբերաբար լսում ենք «Կարմիր խաչի» միջոցով հիվանդներին Հայաստան տեղափոխելու մասին: Օգնությունների մասին կարծես սակավախոս են: Արցախ որեւէ օգնություն մտնո՞ւմ է:

– Այո, ռուս խաղաղապահների շնորհիվ առաջին անհրաժեշտության մթերքներ, ապրանքներ Արցախ մտնում է։ Օրերս ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Մենք միասնական ենք» նախագծի կամավորների հետ մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն են բաժանել բազմազավակ եւ կարիքավոր ընտանիքներին։ Ռուս խաղաղապահների եւ կամավորների կողմից արդեն տրվել է 70 տոննայից ավելի սնունդ եւ առաջին անհրաժեշտության պարագաներ։ Խանութներում արդեն որոշ աշխուժություն կա՝ 1-2 ամիս առաջվա համեմատ։ Քաղաքացիները մթերքներ են գնում թե կտրոններով, թե առանց կտրոնների։

– Օրեր առաջ Արցախի քաղաքական դաշտ վերստին մտնելու հայտ կարծես ներկայացրեց ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, տարածվեց նրա հայտարարությունը. «Գոնե հիմա հասկացե՛ք, որ ես եկել եմ ոչ թե հանձնելու Արցախը, այլ փրկելու Արցախը պահելու վերջին հնարավորությունը»: Նրա խմբակցությունը՝ «Միասնական հայրենիքը» տարածեց հաղորդագրություն իրենց հանձնառության մասին, թե պատրաստ է աջակցել պետնախարարի «համակարգմանը վերապահված ոլորտներում ռեֆորմների իրականացման մասին»: Ինչ կասես Սամվել Բաբայանի՝ Արցախի քաղաքական դաշտ մտնելու մասին…

– Բաբայանի հայտարարությունը չեմ լսել, որովհետեւ ընդհանրապես տեղական կամ հայաստանյան հեռուստահաղորդումներ չեմ դիտում։ Իսկ տարբեր մամուլից ստացած ինֆորմացիայով ու այլոց մեկնաբանություններով դժվարանում եմ հստակ կարծիք հայտնել այդ մասին։

– Փետրվարի 23-ին Արցախի երեք ընդդիմադիր խմբակցություններով հայտարարություն էր հրապարակվել այն մասին, որ հաշվի առնելով ընդհանուր ներքաղաքական խնդիրները եւ մարտահրավերները, որոշել են, որ չմասնակցեն օրվա նիստին: Առաջին անգամ չէ, որ նրանք կարողանում են միասին լինել:

Կուզեի անդրադառնայիր Արցախի խորհրդարանական երեք ուժերի միավորմանը, միասնական մարտավարության հնարավորությանը:

– Ճիշտն ասած, այդ երեք ուժերը, որքան գիտեմ, հիմնականում միասին են եղել շատ կարեւորագույն հարցերում ու քննարկումների ժամանակ։ Ուրախալի է, որ այդ միասնականությունն ավելի ընդգծված ու հստակ է դարձել, բայց, անկեղծ ասած, ես մեծ հույսեր չեմ կապում խորհրդարանական այդ կամ այլ ուժերի հետ, որովհետեւ այս մի քանի տարում Արցախի պատգամավորների կողմից չեմ տեսել ուշագրավ մի քայլ, համարձակ մի հայտարարություն։ Մատների վրա հաշված մարդիկ կան, եւ նրանց մեջ առաջինը Մետաքսե Հակոբյանն է, որի ձայնն անընդհատ լսվում է, որը շարունակ պայքարում է որպես քաղաքացի ու պատգամավոր (նկատի ունի «Արդարություն» խմբակցության անդամին-խմբ.):

Հարցազրույցը՝ Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
07.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031