«Ասում են, որ ՀՀ-ում ընդդիմությունը ենթարկվում է քաղաքական հետապնդումների, քրեական գործեր են հարուցվում։ Ձեր կարծիքը ո՞րն է»,-ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր ՔՊ-ի առաջադրած ՄԻՊ թեկնածու՝ գլխավոր դատախազի գործող տեղակալ Անահիտ Մանասյանին հարցրեց ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը։
Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ՄԻՊ թեկնածուն գլխավոր դատախազի գործող տեղակալ Անահիտ Մանասյանն է, իսկ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների թեկնածուն՝ Էդգար Ղազարյանը։ Հանձնաժողովի դրական եզրակացությունն է ստացել միայն Անահիտ Մանասյանը, եւ նրա թեկնածությունն առաջիկայում կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։
Անահիտ Մանասյանը պատասխանեց, որ միջազգային չափանիշներով՝ անձի քաղաքական գործունեությամբ զբաղվելը եւ ոչ իրավաչափ արարքի համար պատասխանատվության ենթարկվելը դեռ քաղբանտարկյալ լինելու հիմք չէ․ «Հակառակը, անգամ քաղաքական գործունեությամբ զբաղվողը եթե ոչ իրավաչափ արարք է թույլ տվել, պետք է ենթարկվի պատասխանատվության։ Ըստ միջազգային զեկույցների՝ ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության մասին տվյալներ չկան»։
ՔՊ-ից պատգամավոր Կնյազ Հասանովն էլ դիմելով Անահիտ Մանասյանին՝ ասաց․ «Մարդկանց մեծամասնությունը բողոքում է իշխանությունից, վերադասից։ Դուք ինչպե՞ս կվերաբերվեք նման մարդկանց, որոնք ընդդիմադիր են։ Մի խումբ մարդիկ էլ անում են ամեն ինչ, որ վարկաբեկեն իշխանությանը։ Դուք ինչպե՞ս կվերաբերվեք նման մարդկանց, եթե իրենք դիմեն ձեզ»։
Կարդացեք նաև
Անահիտ Մանասյանը նշեց, որ նկատի կունենա իրավական սկզբունքներն ու արժեքները, եւ կապ չունի, թե ինչ հայացքների տեր մարդկանց մասին է խոսքը»։
Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էլ խնդրեց կարծիք հայտնել 2022թ․-ին Եռաբլուրում կատարվածի մասին, երբ զոհված զինծառայողների ծնողներրին ոստիկանները վնասվածքներ պատճառելով բերման էին ենթարկել, եւ որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ «Այդ ժամանակ Եռաբլուրում էին նաեւ գլխավոր դատախազը եւ նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը»,-նկատեց Թագուհի Թովմասյանը։
Անահիտ Մանասյանն ասաց․ «Վերջնական գնահատական տալ չեմ կարող, բայց ՀՀ-ում անհամաչափ ուժի կիրառման խնդիրներ կան։ Անելիք ունենք, եւ դա բոլորի խնդիրն է»։
Հիշեցնենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ՄԻՊ թեկնածուների քննարկումը թեժ վեճերով է ուղեկցվել․ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը 2018թ․-ի հեղափոխությունն անվանել է «ադրբեջանաթուրքական գործընթաց»՝ պարզաբանելով, որ ոչ թե ժողովրդին նկատի ունի, այլ գործընթացի շահառուներին եւ հետեւանքները։ Իսկ ՔՊ-ականներն աչքի են ընկել «լեզուն կկտրեմ նրա, ով նման բան կասի», «անասուն», «կլոուն» եւ նմանօրինակ այլ արտահայտություններով։
Այս առիթով Թագուհի Թովմասյանն ասաց, որ բոլոր տեսակի վիրավորական արտահայտությունները ժողովրդի հասցեին դատապարտելի են, բայց ակնհայտ է, որ ՔՊ-ն նիստը տարավ տղայական հարթություն։ Թովմասյանը կարծիք եւ գնահատական հայցեց Անահիտ Մանասյանից կատարվածի մասին։
ՄԻՊ թեկնածուն պատասխանեց․ «Ես անձանց մասին գնահատական չեմ տա, բայց կգնահատեմ երեւույթը, որովհետեւ ՄԻՊ-ը երեւույթների մասին կարող է խոսել։ Ատելության խոսքի, բռնության քարոզի հետ կապված բոլոր երեւույթները պետք է բացառել, անկախ նրանից՝ իշխանակա՞ն հայացքներով մարդն է այդպես ասում, թե ընդդիմադիր»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































