Լրահոս
Օրվա լրահոսը

«Կապիտուլյացիան ուղեղումդ է», «դավայ եղի ստեղից, արա՜»․ ՔՊ-ականների հեգնանքն ու վիրավորանքները՝ ուղղված Էդգար Ղազարյանին

Ապրիլ 04,2023 19:11

«Ենթադրենք՝ ինչ-որ հրաշքով Էդգար Ղազարյանը ՄԻՊ է։ Նա կարողանալո՞ւ է առաջնորդվել սահմանադրությամբ, որովհետեւ ՄԻՊ-ը բոլորի պաշտպանն է, այլ ոչ թե իշխանության կամ ընդդիմության։ Բայց պարոն Ղազարյանն ուզում է առաջադրվել բոլոր պաշտոններում»,-ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

«Մեկ-երկու անգամ տեսել եմ, որ նա ինքնառաջադրվել է որպես ՀՀ վարչապետ, նախագահի թեկնածու․․․թողեք այս մարդը դրսեւորվի»,-գործընկերներին կոչ արեց Վլադիմիր Վարդանյանը՝ ասելով, որ նման մարդկանց չպետք է հնարավորություն տալ բոլոր պաշտոններում առաջադրվելու։

Հիշեցնենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ՄԻՊ թեկնածուների քննարկումը թեժ վեճերով է ուղեկցվել․ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը 2018թ․-ի հեղափոխությունն անվանել  է «ադրբեջանաթուրքական գործընթաց»՝ պարզաբանելով, որ ոչ թե ժողովրդին նկատի ունի, այլ գործընթացի շահառուներին եւ հետեւանքները։ Իսկ ՔՊ-ականներն աչքի են ընկել «լեզուն կկտրեմ նրա, ով նման բան կասի», «անասուն», «կլոուն» եւ նմանօրինակ այլ արտահայտություններով։

ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն էլ կարծիք հայտնեց, որ Էդգար Ղազարյանը տառապում է նարցիսիզմով, իրեն լավ է զգում լեհական զինվորական համազգեստով․ «Ինձ համար նորմալ չէ նման կերպարի տեսնել ՄԻՊ պաշտոնում։ Կրկեսում գուցե»։

ՔՊ-ից պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն էլ դիմեց հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին, որը ներկայացնում էր ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանին․ «Տիկին Թովմասյան, բա որ մենք ենք՝ բռնում ընտրում ենք․․․ի՞նչ է լինելու»։ Ղահրամանյանի գործընկերները քմծիծաղեցին։ Ապա Նարեկ Ղահրամանյանն անկեղծացավ, որ Էդգար Ղազարյանի թեկնածությունն իրեն զարմացրել է, եւ երբ հետաքրքրվել է, թե ով է նա, մի լրագրող ասել է․ «Ղազարյանը նա է, էն որ ծեծել էին»։ Պատգամավորն ասաց․ «Ձեզ շատերը, անկեղծ, ճանաչում են որպես ծեծվածի»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նույնպես հեգնեց Էդգար Ղազարյանին՝ ասելով․ «Հարգելի արտակարգ դեսպանորդ, լիազոր նախարար, տնտեսագիտության դոցենտ, վարչապետի նախկին թեկնածու եւ ներկայիս ՄԻՊ թեկնածու։ Զարմացած եմ, թե ինչու ընդդիմադիրները չեն եկել։ Ամաչո՞ւմ են, որ ձեր թեկնածությունն են ներկայացրել։ Իրականում ամաչելու բան չկա, որովհետեւ դուք պարոն Ղազարյան ընդդիմության շարքերում ինտելեկտով, պարկեշտությամբ մի քանի անգամ գերազանցում եք ձեզ առաջադրած մարդկանց։ Ընդդիմությունը վերջապես գիտակցել է, որ իր ներսի լավագույն սերուցքը, լավագույն ներկայանալի անձը․․․»։

Ալեքսանյանն այստեղ իր խոսքն ընդհատեց, որովհետեւ չկարողացավ ծիծաղը զսպել։ Չդիմացավ նաեւ նրա կողքին նստած Նարեկ Ղահրամանյանը եւ քմծիծաղով արագ դուրս եկավ դահլիճից։

«Չի կարելի, Նարեկ»,-ծիծաղեց Վահագն Ալեքսանյանը ու մի կերպ՝ մեկընդմեջ քմծիծաղելով, ավարտեց ելույթը։

Էդգար Ղազարյանը պատասխան ելույթում նկատեց, որ իշխանական պատգամավորներն անգամ չգիտեն, որ իրենց ասածը  զինվորական համազգեստ չէ, այլ դիվանագետի համազգեստի իր հեղինակած տարբերակը։ Ղազարյանն իշխանության պատասխանատվության գոտում գտնվող այլ փաստեր էլ մատնանշեց՝ նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությունը որակելով կապիտուլյացիոն։ Սրանից ՔՊ-ականները կրկին բորբոքվեցին։ «Կապիտուլյացիան ուղեղումդ է»,-բղավեց ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

Էդգար Ղազարյանը «խուլիգանական միջամտություններ» որակեց ՔՊ-ականների գնահատականները։ Ապա նա Սեւակի բանաստեղծություններից մեկն արտասանեց՝ բնորոշելու համար մթնոլորտը հանձնաժողովում։

«Վազգեն Մանուկյանին առաջադրեիք»,-հեգնեց Արթուր Հովհաննիսյանը։ Ապա Էդգար Ղազարյանից կարծես լսվեց Հովհաննիսյանին ուղղված «պլանքյաշ» բառը, ինչից Հովհաննիսյանը վրդովվեց։ Միջամտեց Ռուստամ Բաքոյանը․ «Հո դու անասուն չես, արա, ի՞նչ ես խոսում»։

Արթուր Հովհաննիսյանը ձեռքերի նյարդային շարժումներով Էդգար Ղազարյանին ասում էր․ «Քեզ խաբել, բերել-գցել են ստեղ, արա, դավա՜յ։ Ստեղ ոչ մեկ քեզ չի ծեծելու, մատով չի կպնելու։ Մի սադրի, դավայ գնա։ Ռադ արեք թող գնա, սրա ելույթն ավարտվել է»։

Հիշեցնենք՝ մամուլը գրել է, որ Արթուր Հովհաննիսյանը 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով․  քրեական գործ է հարուցված եղել, որը կարճվել է:

Հիշեցնենք նաեւ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ՄԻՊ թեկնածուն գլխավոր դատախազի գործող տեղակալ Անահիտ Մանասյանն է, իսկ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների թեկնածուն՝ Էդգար Ղազարյանը։ Հանձնաժողովի դրական եզրակացությունն է ստացել միայն Անահիտ Մանասյանը, եւ նրա թեկնածությունն առաջիկայում կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930