Լրահոս
Օրվա լրահոսը

Էտիեն դը Լա Բոեսին, Սիմոնա Վեյը և հայ իրականությունը

Ապրիլ 14,2023 23:40

Ինչպես ազատագրվել բռնակալի լծից

Վճռական եղեք այլևս չստրկանալ և ահա դուք ազատ եք։

          Էտիեն դը Լա Բոեսի         

Այս բնաբանը վերցված է 16-րդ դարի ֆրանսիացի մտածող Էտիեն դը Լա Բոեսիի «Զրույց կամավոր ստրկության մասին»[i] աշխատությունից։ Բնագրով ընդամենը երեք տասնյակ էջ կազմող այս գործը իրավամբ համարվում է քաղաքական փիլիսոփայության ակնառու նմուշներից մեկը։ Դրանում արծարծված հարցերը արդիական են և այդպիսին եղել են ու կմնան ընդմիշտ։

Լա Բոեսին քննության է առնում իշխանության և ժողովրդի, բռնություն գործադրողի և բռնության ենթարկվողի հարաբերությունները՝ շեշտը դնելով «կամավոր» բառի վրա։ Ինչպե՞ս է լինում, հարցնում է նա, որ մեկ անձը կարողանում է հնազանդեցնել բազում մարդկանց, որոնք հոժարակամ հանձնում են իշխանությունն այդ անձին ու ծառայում նրան, և ինչպե՞ս կարելի է թոթափել ստրկության այդ լուծը արժանապատիվ կյանքով ապրելու համար։ Ահա այս երկու հիմնարար հարցի պատասխանին է նվիրված վերոհիշյալ աշխատությունը։ Փորձենք հնարավորինս հակիրճ քննել այս նյութը, որպեսզի տեսնենք, թե որքանով են արդիական ֆրանսիացի մտածողի մտքերն ու առաջարկած լուծումները։

*         *          *

Լա Բոեսին նկարագրում է մի իրավիճակ, երբ «միլիոնավոր մարդիկ թշվառորեն ծառայում են, վիզը դնելով լծի տակ, բայց ոչ որովհետև ենթարկվում են իրենցից ավելի հզոր ուժի, այլ որովհետև կախարդված ու դյութված են ինչ-որ մեկի ընդամենը անունով»։ Մինչդեռ․ «Նրանք չպետք է վախենան նրա զորությունից, որովհետև նա մենակ է, ոչ էլ սիրեն նրա հատկությունները, որովհետև նա անմարդկային է ու վայրենի»։

Ֆրանսիացի մտածողը տարակուսում է, թե ինչու «մարդիկ հպատակվում են ոչ թե թշնամական բանակի կամ բարբարոս ցեղերի, այլ մի մարդուկի, որը ազգի ամենանվաստն ու փոքրոգին է, և որը ոչ միայն չի կարող կառավարել, այլ ինքը ստրկաբար ծառայում է մի ճղճիմ կինարմատի»։

Այնուհետև Լա Բոեսին վերլուծում է այս կամավոր ստրկամտության պատճառները և հանգում հետևյալ եզրակացությանը․ «Ժողովուրդն ինքն է ստրկանում, ինքն է իրեն մորթում, ժողովուրդն է, որ կանգնած լինելով ազատություն կամ ստրկություն երկընտրանքի առաջ, հրաժարվում է ազատությունից և ընտրում լուծը, համաձայնվում է չարիքին, նույնիսկ բաղձում այն»։ Այնուհետև ավելացնում է, որ մարդիկ թույլ են տալիս թալանել իրենց ունեցվածքը, դառնում են ընչազուրկ, և այդ սնանկության պատճառը, ոչ թե թշնամիներն են, այլ այն թշնամին, որին «դուք ինքներդ եք դարձնում այդքան հզոր, հանուն որի դուք այդքան քաջաբար գնում եք պատերազմի, և որի մեծության համար զոհում եք ձեր կյանքը»։

«Եւ սակայն, – շարունակում է Լա Բոեսին,- նա, որ իշխում է ձեզ, ունի միայն երկու աչք, երկու ձեռք ու մի մարմին, և ոչնչով առավել չէ ամենաչնչին քաղաքացուց՝ բացառությամբ այն առավելությունից, որ դուք եք նրան ընձեռում․ ձեզ ոչնչացնելու առավելությունից։ Որտեղի՞ց է վերցրել իր աչքերը, որոնցով լրտեսում է ձեզ, եթե դուք չեք դրանք փոխ տվել։ Ինչպե՞ս է, որ ձեզ հարվածելու համար այդքան ձեռքեր ունի, եթե ձեզնից չի վերցնում դրանք։ Որտեղի՞ց նրան այդ ոտքերը, որոնցով կոխկրտում է ձեր քաղաքները, եթե դրանք ձերը չեն»։

Եւ վերջապես․ «Դուք կերակրում եք ձեր երեխաներին, որպեսզի նրանց տանի իր պատերազմներին, մատնի սպանդի, դարձնի իր ընչաքաղցության գործակալները և իր վրեժների կատարածուները։ Դուք տքնում եք, որպեսզի նա ըմբոշխնի բարիքները ու մխրճվի կեղտոտ ու ստոր հաճույքների մեջ»։

Եվ այսպես, Լա Բոեսին նախ և առաջ քննության է առնում ժողովրդի ստրկության պատճառները՝ գալով այն եզրահանգմանը, որ պատճառը նույն ինքը ժողովուրդն է։ Ժողովուրդն է, որ չարիքի իշխանությունը օժտում է իշխելու հատկությամբ, կամովին ենթարկվում է մի անձի կամայականություններին, կամավոր կերպով գնում բազում զոհողությունների՝ նույն այդ անձի անունը շուրթերին։

Ժողովրդի դյուրահավատության շնորհիվ իշխանությունը զավթած բռնակալը այնուհետև ստեղծում է իշխանական ուղղահայացի խիտ ցանց, որը պատռելը դառնում է գրեթե անհնարին։ «Ոչ թե հեծյալների զորախումբը, ոչ թե հետևակների վաշտերը, ոչ թե բանակներն են պաշտպանում  բռնակալին,- ասում է Լա Բոեսին,- այլ ընդամենը չորս-հինգ մարդ»։ Այս մի բուռ մարդիկ են, որ պատվար լինելով բռնակալին՝ ամբողջ երկիրը պահում են ստրկության մեջ։ Դրանք են, որ վերջինիս կանչով դառնում են նրա դաժանությունների մեղսակիցները, հաճույքների ընկերակիցները, հեշտանքի կավատները, թալանների մասնակիցները։ Այս հինգ-վեց մեղսակիցներին հպատակվում են վեց հարյուր մարդ, որոնք էլ իրենց հերթին օգտվում են թալանելու բարենպաստ պայմաններից, և այս շրջանը գնալով ընդլայնվում է՝ հնազանդության մեջ պահելով հարյուր հազարների և միլիոնների։

Եվ այնուամենայնիվ, հնարավո՞ր է արդյոք պատռել այդ ցանցը, թոթափել կամավոր ստրկության լուծը։ Աշխատության մյուս կարևոր բաժինը քննարկում է այդ հարցը։

*          *          *

ֆրանսիացի մտածողն առաջարկում է հետևյալ գործելակերպը. իշխողից ազատվելու համար անհրաժեշտ է ոչ թե հրել կամ ցնցել նրան, այլ պարզապես դադարել հենարան ծառայելուց, որից հետո հար և նման մի հսկա արձանի, որը զրկվել է պատվանդանից, նա կխորտակվի ու ջարդուփշուր կլինի։

Եւ կամ մեկ ուրիշ մեջբերում․ փոքր կայծից բռնկված կրակը անընդհատ մեծանում և ուժգնանում է, և ինչքան ավելի են փայտ նետում այդ կրակի մեջ, այնքան ավելի է այն մոլեգնում։ Բավական է փայտ չավելացնել, և կրակն ինքն իրեն կհանգի՝ առանց ջրի, առանց որևէ կողմնակի ազդեցության։ «Այդպես էլ,- ասում է Լա Բոեսին,- բռնակալներն են։ Ինչքան ավելի են ձեզ թալանում, ինչքան ավելի են պահանջում, սնանկացնում ու ոչնչացնում, ինչքան ավելի են մարդիկ նրանց տալիս ու ծառայում, այնքան ավելի են ամրապնդվում ու հզորանում, որպեսզի փոշու վերածեն ու ոչնչացնեն ամեն բան։ Բայց եթե նրանց ոչինչ չտրվի, եթե նրանց այլևս չծառայեն, չկռվեն նրանց դեմ ու չհարվածեն, նրանք մնում են մերկ ու պարտված և այլևս ոչինչ են, ինչպես այն ծառը, որն այլևս չստանալով խոնավություն ու սնուցում, չորանում է ու մեռնում»։

Լա Բոեսիի առաջարկած լուծումները հետագա սերունդների աչքում նրան դարձրել են քաղաքացիական անհնազանդության և անարխիզմի նախակարապետ։ Անարխիզմի համատեքստում այս գնահատականը հարկ է վերապահումներով ընդունել։ Եթե անարխիստները դեմ են ցանկացած իշխանության, ապա Լա Բոեսին դեմ չէ իշխանությանն ընդհանրապես։ Նա դեմ է բռնակալին, դեմ է այն իշխանությանը, որը կեղեքում ու ստում է ժողովրդին՝ ամենից վեր դասելով սեփական ընչաքաղցությունն ու զեխությունը։

Սակայն քաղաքացիական անհնազանդության հարցում պատկերն այլ է։  Ինչպես տեսանք, բռնակալի լուծը թոթափելու համար Լա Բոեսին առաջարկում է փայտ չավելացնել կրակին, հենարան չծառայել հսկայի արձանին։ Այսինքն, առաջին հայացքից, կոչ է անում ոչինչ չանել։ Իրականում նա կոչ է անում չհնազանդվել, իսկ չհնազանդվել նշանակում է պայքարել։ Փաստորեն, Լա Բոեսին ուրվագծում է քաղաքացիական անհնազանդության հիմնական սկզբունքը՝ առանց տեսականորեն ձևակերպելու պայքարի ձևերը։ Փոխարենը՝ նա առատորեն հղումներ է անում անտիկ պատմությանը՝ վկայակոչելով հելլեն և հռոմեացի ազատատենչ հերոսների անձնուրաց պայքարն ընդդեմ ներքին ու օտարերկրյա բռնակալների։

16-րդ դարի քաղաքական փիլիսոփան չէր կարող իմանալ, թե իրենից հետո պատմությունն ինչպես կմարմնավորեր իր ուսմունքը։ Նա չէր կարող կանխատեսել ոչ Մահաթմա Գանդիի, ոչ Մարթին Լյութեր Քինգի, ոչ էլ կանանց ընտրական իրավունքների համար պայքարող սուֆրաժիստ առաջնորդուհիների պայքարն ու հաղթանակը։

Այս հաղթանակները ձեռք են բերվել  հասարակական հզոր շարժման արդյունքում անձնուրաց և լայնախոհ քաղաքական առաջնորդների շնորհիվ։ Բայց որո՞նք են հասարակական ժողովրդական հզոր շարժման ստեղծման նախապայմանները, ո՞րն է այն հիմնական խոչընդոտը, որն անհրաժեշտ է հաղթահարել հաջողության հասնելու ճանապարհին։ Ահա այստեղ է, որ հույժ արդիական հնչեղություն են ստանում մեկ այլ ականավոր ֆրանսիացի մտածողի՝ 20-րդ դարի առաջին կեսերին ապրած Սիմոնա Վեյի քաղաքական փիլիսոփայական հայացքները, մի անձնավորություն, որին Ալբեր Կամյուն բնութագրել է որպես «մեր ժամանակների միակ մեծ ոգին»։

Քաղաքական կուսակցությունների վնասն ու դրանց չեղարկման անհրաժեշտությունը

Կուսակցություններն այն մարմիններն են, որոնք հրապարակայնորեն, պաշտոնապես կառուցվել են այնպես, որ մարդկանց հոգիներում սպանեն ճշմարտությունն ու արդարությունը։

Սիմոնա Վեյ

Սիմոնա Վեյի ՝ Ճշմարտության և արդարության մասին մտորումները բախվում են արևմտյան ժողովրդավարության սրբություն սրբոց «քաղաքական կուսակցություն» հասկացությանը։ Իզուր չէ, որ նրա աշխատությունը, որը նույնիսկ ավելի հակիրճ է, քան Լա Բոեսիի գործը, և որտեղից էլ հենց վերցված է այս ակնարկի երկրորդ բնաբանը, կոչվում է «Գրառում քաղաքական կուսակցությունների համընդհանուր չեղարկման մասին»[ii]։

Վեյը ջախջախիչ քննադատության է ենթարկում քաղաքական կուսակցությունները՝ կոչ անելով ընդհանրապես արմատախիլ անել դրանք հասարակական կյանքից։ Շատ շատերին նման դիրքորոշումը կարող է թվալ, մեղմ ասած, արտառոց։ Շատ շատերը նրան կարող են համարել ամբողջատիրության ջատագով, ժողովրդավարության թշնամի։ Իրականում, եթե խորանալու լինենք Վեյի փիլիսոփայության մեջ, կտեսնենք, որ կուսակցություններն իրենք են էությամբ ամբողջատիրական և գործունեությամբ՝ հակաժողովրդավարական։ Վեյն ասում է հետևյալը․ «Ցանկացած կուսակցություն ամբողջատիրության սաղմ է և ամբողջատիրության ձգտում», և իր ասածը հիմնավորում է երեք բնութագրով․

Որևէ կուսակցություն հավաքական կիրք արտադրելու մեքենա է:

Որևէ կուսակցություն մի կազմակերպություն է, որը կառուցված է այնպես, որ հավաքական ճնշում գործադրի իր անդամ յուրաքանչյուր մարդ արարածի վրա:

Յուրաքանչյուր քաղաքական կուսակցության նպատակը և վերջին հաշվով միակ նպատակը իր իսկ սահման չճանաչող ընդլայնումն է։

Հակիրճ կանգ առնենք այս երեք հատկանիշի վրա։ Վեյը, որպես քաղաքական փիլիսոփա, նախ և առաջ քննարկում է բարու և չարի չափանիշները, որպեսզի այնուհետև վերլուծի, թե «քաղաքական  կուսակցություն» կոչվածը բարի՞ք է, թե չարիք։ Որպես առաջին քայլ նա սահմանում  է, որ այդ չափանիշներն են, նախ և առաջ, ճշմարտությունն ու արդարությունը, այնուհետև, հանրային օգուտը։

Ճշմարտությունը մեկն է, արդարությունը՝ նույնպես, մինչդեռ սուտն ու ոճրագործությունը ունենում են բազմապիսի դրսևորումներ։ Ահա թե ինչու ճշմարտությունն ու արդարությունը համախմբում են, իսկ կեղծիքը՝ պառակտում։ Ամեն մի կուսակցություն ունի ճշմարտության իր նեղ պատկերացումը, իր քաղաքական դիրքորոշումը, հետևաբար, չի կարող նպաստել հասարակության համախմբմանը։ Եվ որպեսզի ընտրություններին հնարավորին չափ ձայներ հավաքի, որպեսզի ընտրազանգվածին համոզի հենց իր դիրքորոշման ճշմարտության մեջ, հենվում է հանրային կրքեր արթնացնելու և բորբոքելու, այլ կերպ ասած, պրոպագանդիստական մեքենան գործի դնելու հնարքների վրա։ Եվ ինչպես ասում է Վեյը․ «Պրոպագանդայի երդվյալ նպատակը համոզելն է, ոչ թե լույս սփռելը»։ Վեյը ընդգծում է սրա սարսափելի հետևանքը․ «Երբ մեն մի հանրային կիրք տիրանում է երկիրն ամբողջությամբ, ողջ երկիրը համերաշխվում է ոճրագործության մեջ»։

Կուսակցության երկրորդ հատկանիշն այն է, որ իր շարքերում չի կարող հանդուրժել դույզն իսկ այլախոհություն։ Կուսակցության անդամը դառնում է գերի և ծառայում է այդ կուսակցության ծրագրային կետերի իրականացմանը, այլ ոչ թե հանրօգուտ գործունեության։ Մինչդեռ, ինչպես ընդգծում է հեղինակը, եթե մարդ ընդունում է, որ կա մեկ ճշմարտություն, այլևս չի կարող մտածել այլ բան, քան այն, ինչը թելադրում է ճշմարտությունը։ Եվ ուրեմն, մարդու կարծիքը կազմվում է ոչ այն պատճառով, որ ֆրանսիացի է, կաթոլիկ է, կամ սոցիալիստ, ոչ այն պատճառով, որ պատկանում է ինչ-որ խմբի կամ կուսակցության, այլ որովհետև այդ կարծիքը կազմողը ակներևության անդիմադրելի լույսն է։

Աշխատությունը խիստ քննադատության է ենթարկում նաև կուսակցության ծրագիր կոչվածը։ Ըստ հեղինակի՝ թույլ և ուժեղ կուսակցություններն ունեն մեկ ընդհանրություն․ իրենց ուսմունքի աղոտությունը։ Ոչ մեկը, որքան էլ խորապես ուսումնասիրած լինի քաղաքականությունը, ի վիճակի չէ հստակորեն ու պարզ բացատրել որևէ, այդ թվում նաև իր իսկ կուսակցության ուսմունքը։

Եվ վերջապես, անդրադառնանք երրորդ բնութագրին․ կուսակցությունը՝ որպես ինքնանպատակ երևույթ։ Վեյը համարում է, որ կուսակցության նյութական աճը դառնում է բարին ու չարը սահմանելու միակ չափանիշը։ Նպատակն ու միջոցը տեղերը փոխում են։ Բացարձակ բարուն և հանրային օգտին ծառայելու նպատակին փոխարինելու են գալիս իշխանության հասնելու ձգտումը, երբ կուսակցությունը դառնում է գործիք, վերածվում է միջոցի ծառայելու ոչ թե համընդհանուր նպատակներին, այլ հասարակության որոշակի խմբի նեղ շահերի իրականացմանը։

Ահա թե ինչու, հետևություն է անում Վեյը, «գոյություն ունի մերձեցում, դաշինք ստի և ամբողջատիրության միջև»։ Չունենալով ճշմարտությունից բխող նպատակ՝ տվյալ կուսակցությունը ձգտում է հասարակության վզին փաթաթել այդ նպատակն ունենալու խաբեությունը։ Եվ որքան մեծանում է խաբեությունը, այնքան մեծանում են կուսակցության շարքերը, այնքան ավելի է ամրապնդվում անսասան իշխանության հասնելու մոլուցքը։ Այսպես է, որ սուտն ու ամբողջատիրությունը մերձենում, դաշինք են կազմում, իսկ հանրային բարուն հասնելու նպատակը այս կամ այն կուսակցության համար դառնում է ընդամենը իր զորության պատրանքը ստեղծելու միջոց։

Եզրափակելով ակնարկի այս բաժինը՝ անդրադառնանք կուսակցությունների ամբողջատիրական և հակաժողովրդական էության ևս մի հիմնավորման։ Վեյը երկու հարց է տալիս․ առաջին, «Ֆրանսիայի ժողովուրդը կազմող մարդկանց իրականում ինչպե՞ս ընձեռել հնարավորություն, որպեսզի երբեմն իրենց դատողությունն արտահայտեն հանրային կյանքին առնչվող մեծ խնդիրների շուրջ», երկրորդ, «Ինչպե՞ս  խանգարել, այն պահին երբ ժողովրդին հարցում են անում, որ ոչ մի տեսակի հանրային կիրք ժողովրդի մեջ շրջանառություն չունենա»։

Սիմոնա Վեյի պատասխանը մեկն է․ ձերբազատվել քաղաքական կուսակցություններից։ Մեր կողմից հանդգնենք ավելացնել․ կուսակցություններն են, որ ժողովրդին զրկում են ազատ կամարտահայտման իրավունքից աղմկոտ ու էժանագին տոնավաճառի՝ իբրև թե ազատ, իբրև թե գաղտնի, իբրև թե ուղղակի և համընդհանուր ընտրությունների միջոցով։ Դրանք են, որ հանրօգուտ ճշմարտության փոխարեն շրջանառության մեջ են մտցնում հանրային կիրքը՝ գործի դնելով ահռելի գումարներ արժեցող պրոպագանդիստական խաբկանք ու կեղծ քարոզչություն։

Պատասխանենք նաև երրորդ հարցին, որը տրվել է այս ակնարկի առաջին բաժնում․ ո՞րն է այն հիմնական խոչընդոտը, որն անհրաժեշտ է հաղթահարել ժողովրդի՝ հաջողության հասնելու, այսինքն, անվտանգ, բարեկեցիկ և ազատ կյանքով ապրելու  ճանապարհին։

Այս երեք հարցերն ունեն մի պատասխան․ ճշմարիտ ժողովրդավարության հասնելու, հանրային օգտի իրականացման ճանապարհին գտնվող լրջագույն խոչընդոտը քաղաքական կուսակցություններն են։ Կարծում ենք, Սիմոնա Վեյի փաստարկները միանգամայն բավարար են այս դրույթը չվիճարկելու համար։

Սակայն, առաջանում է ևս մի հարց։ Եթե չկան կուսակցություններ, ապա ո՞րն է լինելու հանրային կյանքի, քաղաքական գործառույթների առանցքը։ Այս հարցին պատասխանելու համար դիմենք  Հայաստանի օրինակին։

Զուգահեռներ հայ իրականության հետ

Հայաստանի անկախությունից ի վեր անցած երեքից ավելի տասնամյակները քաղաքական կուսակցությունների չեղարկման անհրաժեշտության լավագույն ապացույցն են։ Եթե անգամ թռուցիկ հայացքով ընդգրկենք այդ տարիները, կտեսնենք, որ Հայաստանում գործող կուսակցություններից և ոչ մեկը ի վիճակի չեղավ ծառայել ժողովրդի անվտանգությանը, ապահով ու բարեկեցիկ կենսապայմաններ ստեղծելու պահանջին, որը ծառացած է յուրաքանչյուր իշխանության առաջ՝ անկախ այդ իշխանության բնույթից։

Սիմոնա Վեյի աշխատության հակիրճ քննարկումից հետո իմաստ չունի խորանալ այս ցավալի երևույթի մեջ, որը երկիրը հասցրեց ներկայիս վիճակին։ Ավելացնենք միայն, որ Հայաստանի և իշխանական, և թե ընդդիմադիր կուսակցություններին հատկանշական են եղել վերը նշված բնութագրումները․ նեղ կուսակցական շահերի հետապնդում՝ ի վնաս ազգային շահերի, նախընտրական կեղծ պրոպագանդա և պետության ամրապնդմանը նպատակամղված հստակ ու համապարփակ ծրագրի բացակայություն, հետևաբար, պայքար իշխանության համար հանուն իշխանության ոչ թե ծրագրի իրագործման, ժողովրդի անտեսում, եթե չասենք արհամարհանք։

Այս իրավիճակն ավելի վատթարացավ սկսած 2015թ․-ից, երբ ըստ վերափոխված սահմանադրության Հայաստանը դարձավ խորհրդարանական հանրապետություն, իսկ այնուհետև ընդունվեց ընտրությունների բացառապես համամասնական համակարգը։ Սա էլ ավելի մեծացրեց կուսակցությունների դերը, էլ ավելի նպաստեց դրանց բոլոր բացասական հատկանիշների դրսևորմանը։

Մինչդեռ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի, անկախության ձեռք բերման, Արցախի ազատագրման փառավոր էջերը գրել են ոչ թե կուսակցությունները, այլ ազգային-ազատագրական հզոր շարժումը։ Միջին և ավագ սերնդի հայերը լավ են հիշում Երևանի այն միլիոնավոր հանրահավաքները, որոնք ղեկավարում էր ժողովրդի կամարտահայտիչ «Ղարաբաղ» կոմիտեն։ Նույնը կատարվում էր նաև Խորհրդային Միության շատ հանրապետություններում։ Ահա այսպես է, որ կոմունիստական կուսակցության քայքայման հետևանքով և հասարակական լայնածավալ շարժումների հսկայական ճնշման ներքո երբեմնի հզորագույն պետությունը փշուր-փշուր եղավ ։

Թեև Հայաստանի ներկայիս գոյատևական ճգնաժամի պատճառները մի քանիսն են, կասկածից վեր է, որ կարևորագույն պատճառներից մեկը քաղաքական կուսակցությունների առկայությունն է ու դրանց բնորոշ եսակենտրոն շահադիտական քաղաքականությունը։ Հայ ժողովրդի առջև ներկայումս ծառացած ծանրագույն մարտահրավերները սկիզբ առան այն ժամանակ, երբ համաժողովրդական «Ղարաբաղ» կոմիտեն այլակերպվեց Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ), որը ոչ համազգային էր, ոչ էլ, առավել ևս, շարժում, այլ պետության հոգևոր ու նյութական արժեքները ավերող ապազգային կուսակցություն։

Ստեղծված ծանրագույն իրադրությունից ելք գտնելու համար անհրաժեշտ է ապավինել Էտիեն դը Լա Բոեսիի և Սիմոնա Վեյի դրույթներին։

Ինչպես ասել էր Լա Բոեսին, հարկ է չհամակերպվել ստրկությանը, այլ գնալ ազատագրման ճանապարհով։ Ելնելով մեր իրականությունից՝ ավելացնենք․ ժողովուրդը պետք է հստակ պատկերացում ունենա, թե որն է ազատագրման ճանապարհը, որոնք են այն հետևողական քայլերը, որոնք բերելու են իրավիճակի կտրուկ փոփոխության՝ ի շահ ազգային շահերի վերականգնման ու պահպանման, երկրի ու ազգի հզորացման։

Ինչպես «Ղարաբաղ» կոմիտեն էր, որ ժամանակին ստեղծեց այլընտրանքային իշխանություն, կարողացավ ղեկավարել համաժողովրդական շարժումը, նպատակասլաց ծրագրի հիման վրա հետևողական քայլերով առաջնորդեց ժողովրդին, այնպես էլ հիմա փրկության միակ ելքը համաժողովրդական շարժման ստեղծումն է, այլընտրանքային ռազմավարական ծրագրի հրապարակումը ու դրա հետևողական իրականացումը։

Եվ ուրեմն, ինչպես ասել է Վեյը, ճշմարտության ու արդարության հասնելու գրավականը քաղաքական կուսակցությունների լուծարումն է, քանի որ յուրաքանչյուր կուսակցություն կողմնակալ է, իսկ կողմնակալությունը, Վեյի խոսքերով ասած, բոր է, որը սկիզբ է առել քաղաքական շրջանակներում, իսկ հետո տարածվել երկրով մեկ՝ տիրացել մտքերի գերակշռող մեծամասնությանը։

Իր աշխատությունը Վեյը եզրափակում է հետևյալ խոսքերով․ «Կասկածելի է, որ հնարավոր լինի բուժել մեզ սպանող այդ բորը, եթե չսկսենք չեղարկել քաղաքական կուսակցությունները»։

Էտիեն դը Լա Բոեսիի և Սիմոնա Վեյի հայացքները, կարծես, միավորվում են, ստեղծելով քաղաքական ուսմունքի կուռ համակարգ, որը ի զորու է դառնալ ռազմավարական հետևողական քայլերի անսխալական ուղեցույց․ կուսակցությունների փոխարեն՝ հասարակական-քաղաքական շարժում, ցաք ու ցրիվ քաղաքական ուժերի սին խոստումների ու դատարկ ծրագրերի փոխարեն՝ ազգային գաղափարախոսության վրա հիմնված ռազմավարական հստակ ծրագիր ու այդ ծրագիրը կենսագործելու հաստատակամություն, հին ու նոր խամաճիկների փոխարեն՝ ազգանվեր ու լայնախոհ մարդկանցից կազմված այլընտրանքային ղեկավարություն։

Ահա թե ինչ են հեռվից հեռու մեզ հուշում Ֆրանսիայի ծնունդ, բայց համայն մարդկությանը պատկանող քաղաքական փիլիսոփաներ Էտիեն դը Լա Բոեսին և Սիմոնա Վեյը։

 

Վահրամ Աբաջյան

 (PhD in Political Science)

Միացյալ Թագավորությունում Հայաստանի

Հանրապետության դեսպան (2001 -2002)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930