ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն իրեն անվստահություն հայտնելու գործընթացը քաղաքական ճնշում է համարում. այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, որ իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր պաշտոնանկության գործընթաց է սկսել Թագուհի Թովմասյանն ասաց. «ՔՊ-ականների մոտ ստելը սովորություն է դարձել։ Հովիկ Աղազարյանը ստել է, որովհետեւ ես երկու անգամ ասում եմ Էդգար Ղազարյանին՝ ներողություն խնդրեք այդ խոսքի համար։ Ես ընդմիջման մասին ասել եմ, իրենք չեն համաձայնել։ Ընդմիջումը հնարավոր չէ հայտարարել միաձայն, պետք է լինի հանձնաժողովի անդամների համաձայնությունը։ Իրենք քաղաքական ճնշում են գործադրում ինձ վրա, դա քաղաքական որոշում է։ Այդ օրը չորս պատգամավոր խոսում էին ինձ անվստահություն հայտնելու մասին, բնականաբար, հստակ դիրքորոշումով։ Առաջինն ասաց Հովիկ Աղազարյանը, հետո ՝ Արթուր Հովհաննիսյանը, Ռուստամ Բաքոյանը, Վլադիմիր Վարդանյանը։ Վլադիմիր Վարդանյանը պարզ ասաց՝ քվեարկեք մեր թեկնածուի օգտին, դա ձեր ապագայի համար շատ լավ կլինի»:
Հիշեցնենք, Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթացի հիմքն այն է, որ հանձնաժողովում ՄԻՊ թեկնածությունների հարցի քննարկման ժամանակ նիստը նախագահող Թագուհի Թովմասյանն ընդմիջում չի հայտարարել, երբ իշխանական պատգամավորների եւ Էդգար Ղազարյանի միջեւ լեզվակռիվ է առաջացել, եւ չի հորդորել Էդգար Ղազարյանին ներողություն խնդրել 2018 թվականի իշխանափոխությունը ադրբեջանա-թուրքական համարելու համար։
Թագուհի Թովմասյանը տարակուսում է՝ երբ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը քաշքշում է Էդգար Ղազարյանին, սպառնում, դրանում հանցակազմ չկա, բայց երբ Նիկոլ Փաշինյանին են վիրավորում, անմիջապես ձերբակալում են․ «Աբսուրդ է, երբ պատգամավորը սպառնում է մարմնի մաս կտրել եւ շարունակում է լինել պատգամավոր»։
Թագուհի Թովմասյանի խոսքով՝ եթե իրեն պաշտոնանկ անեն, ընդդիմությունը թեկնածու չի առաջադրի, հանձնաժողովի նախագահի պաշտոնը կմնա թափուր. «Դա կնշանակի, որ ընդդիմությունը որեւէ պաշտոն չի ունենա խորհրդարանում, եւ Ազգային ժողովը կլինի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից բաղկացած խումբ։ Իսկ ժողովրդավարական երկրներում Ազգային ժողովը բաղկացած է իշխանությունից եւ ընդդիմությունից։ Այս պարագայում մենք գնում ենք շատ հեռու, դառնում ենք ոչ ժողովրդավար երկիր, բայց իրենց համար դա խնդիր չէ, որովհետեւ իրենք, իրենց խոստումները դրժելով, առաջ են գնում»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































