Գեղարքունիքի մարզի սահմանամերձ դարձած Սոթք համայնքում վերջին շրջանում կրակոցները չեն դադարում։ «Երեկ օրվա տարբեր ժամերին դարձյալ կրակոցներ են եղել, այսօր համեմատաբար հանգիստ է։ Երեկ մեկ զոհ ունեցանք, մեկ հոգի էլ վիրավորվել է։ Այդ միջադեպից հետո էլի կրակոցներ եղել են ամբողջ օրվա ընթացքում։ Կրակոցներ պարբերաբար կան, բայց պահ է լինում, որ 1-2 օր մեզ հանգիստ են թողնում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Սոթքի նախկին գյուղապետ, գյուղի բնակիչ Կոլիկ Շահսուվարյանը։
Պաշտպանության նախարարությունը մայիսի 17-ին տեղեկացրել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է ՀՀ ՊՆ մեկ զինծառայող։ Շտապ օգնության մեքենայի ուղղությամբ արձակված կրակողների հետեւանքով վիրավորվել է բուժակը։

Կոլիկ Շահսուվարյանի տեղեկացմամբ՝ Սոթքի հանքավայրը չի աշխատում, քանի որ ադրբեջանցիները պարբերաբար կրակում են հանքավայրի ուղղությամբ։ Դրա հետեւանքով տարածաշրջանում սոցիալ-տնտեսական խնդիրներ են նաեւ առաջացել։ «Հանքավայրն ունի ավելի քան 500 աշխատակից, մոտ 30 ընտանիք հենց Սոթք գյուղից էր աշխատում»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ըստ Շահսուվարյանի՝ ադրբեջանցիներն իրենք իրենց նախաձեռնությամբ հետ չեն քաշվի։ «Թուրքը եթե քանակով շատ է, լկտիանում է։ Մեր 10 հոգին իրենց 15 հոգու հետ հավասար են։ Եթե մենք 10 հոգի ենք, մինչեւ իրենք 20-25 հոգի չլինեն, մեզնից էլ ավելի լավ զենքեր չունենան, իրենք չեն համարձակվում կրակել կամ հարձակվել։ Թուրքն իր «խոդով» հետ չի գնա, թուրքին պիտի հետ բրթես մեծ ուժով։ Հույս պահենք, որ այդ օրը կգա»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































