Հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ տեղի ունեցավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից և փոխկապակցված անձանցից շուրջ 19.1 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքերն ու ակտիվները բռնագանձելու գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա հետ փոխկապակցված անձանց՝ որդիներ Տիգրան Խաչատրյանի ու Տրդատ Խաչատրյանի, Լորետա Բարսեղյանի, Վարդան Բարսեղյանի, Մանվել Մալինցյանի, Էրիկ Համբարձումյանի, Լուսինե Բարսեղյանի եւ Նորայր Մնացականյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ 

«Առավոտի» հետ զրույցում Վահագն Գրիգորյանն ասաց, որ Սուրիկ Խաչատրյանի տեսակետն այս գործի վերաբերյալ այն է, որ դատախազության հայցը հիմնավոր չէ։ «Այսինքն՝ ի սկզբանե կան որոշ դրվագներ, որոնք գոյություն ունենալու իրավունք էլ չունեն, բայց հայցում ներկայացվել են։ Դա իրավական մասով, իսկ այն, ինչը ողջամտորեն կարող էր հարց առաջացնել դատախազության մոտ, այդ հարցի պատասխանները համապատասխան փուլում կներկայացնենք։ Այսինքն՝ երկու մասից է բաղկացած, կան բաներ, որոնց մասով մենք համարում ենք, որ հարցադրում բարձրացնելու իրավունք ընդհանրապես ոչ ոք չունի, որովհետեւ դատախազությունը շատ իրականությունից կտրված դիրքորոշումներ ունի։ Այդ մասով մենք չենք պատրաստվում պարզաբանել մի բան, որի պարզաբանման պարտականություն չենք կրում։ Օրինակ՝ երրորդ անձը քեզ գումար է փոխանցել, դատախազությունն ասում է՝ դա ապօրինի գույք է։ Ասում է՝ դուք բանկային քաղվածքում նշել եք, որ եղել է նվիրատվություն, բայց մենք չենք համարում, որ սա նվիրատվություն է, ուզում ենք, որ սրանով ձեռք բերված գույքը բռնագանձվի։ Այդտեղ մենք չենք կարծում, որ մեր պարտականությունն է բերել բոլոր այն մարդկանց, որոնցից երբեւէ ինչ-որ գումար է ստացվել, եւ այդ մարդիկ ցուցմունք կան, պայմանագիր ցույց տան, թե ինչի հիման վրա է դա գումարը փոխանցվել։ Դա ընդունելի դիրքորոշում չէ, ստացվել է գումար, գումարն օրինական եկամուտ է, հատկապես եթե նվիրատվություն է։ Այն մասով, որով դատախազություն ինչ-որ բաներ չի տեսնում, իր մոտ հարց է առաջացել, այդ մասով մեր դիրքորոշումը ու ապացույցները կներկայացնենք»,- ասաց փաստաբանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































