Լրահոս
Օրվա լրահոսը

Բալի ու կեռասի տպավորիչ առավելություններն առողջության համար

Հունիս 26,2023 09:30

Բալի ու կեռասի հյութեղ պտուղները անտարբեր չեն թողնում և ոչ մեկին․ դրանք երևակայության անսպառ աղբյուր են․ օղեր՝ փոքրիկների համար, կոմպոտի հրաշալի հումք՝ տանտիկինների համար, տորթին պիկանտ նրբություն հաղորդող լրացում՝ ռոմանտիկների համար և վերջապես ոգեշնչման աղբյուր՝ հանճարեղ գրողների համար։ Լինեն թթու թե քաղցր, մուգ կարմիր թե դեղին, դրանք միշտ տեղին են ու հանգիստ կարող են համադրվել ամենատարբեր ուտեստների հետ։ Սակայն գեղագիտական ու համային հատկանիշներից զատ կորիզավոր այս փոքրիկ պտուղները շատ օգտակար են առողջության համար: Մենք առանձնացրել ենք առնվազն 6 պատճառ, թե ինչու արժե ոչ միայն վայելել այդ պտուղների ամառային առատությունը, այլ մի լուրջ պաշար հավաքել ձմռան համար։

1․ Բալն ու կեռասը սննդանյութերի գանձարան են

Բալի (Prunus cerasus) և կեռասի (Prunus avium) բոլոր տեսակները շատ սննդարար են՝ հարուստ բջջանյութով, վիտամիններով ու հանքանյութերով, մասնավորապես B խմբի վիտամիններով, վիտամին C-ով, վիտամին K-ով, կալիումով, պղնձով, մանգանով, մագնեզիումով և այլն։

2. Հարուստ են հակաօքսիդանտներով և հակաբորբոքային միացություններով

Կեռասի և բալի կազմում առկա են բուսական միացություններ՝ բարձր խտություններով, որոնք ունեն հակաօքսիդանտային ու հակաբորբոքային հատկություններ։ Այդ միացությունները նպաստում են խրոնիկ շատ հիվանդությունների և վաղաժամ ծերացման կանխարգելմանը։ Մի զեկույցում նշվել է, որ կեռասի օգտագործումը նվազեցրել է բորբոքումը 16-ից 11 հետազոտությունում և օքսիդացման սթրեսի մարկերները՝ 10-ից 8 հետազոտությունում։

Բալն ու կեռասը հատկապես հարուստ են պոլիֆենոլներով՝ բուսական քիմիական միացություններով, որոնք օգնում են պայքարել բջիջների վնասվածքների դեմ և բարելավել առողջական ընդհանուր վիճակը։

Փաստացի, պոլիֆենոլներով հարուստ սննդակարգը կարող է պաշտպանել խրոնիկ շատ հիվանդություններից, ներառյալ սրտի հիվանդությունները, դիաբետը, մտավոր կարողությունների թուլացումն ու քաղցկեղի որոշ տեսակները։
Այս հյութեղ մրգերը հարուստ են նաև կարոտինոիդային պիգմենտներով, ինչպիսիք են բետա-կարոտինն ու վիտամին C-ն, որոնք նաև օժտված են հակաօքսիդանտային ու հակաբորբոքային հատկություններով։

3. Բալն ու կեռասը կարող են արագացնել վերականգնումը ֆիզիկական վարժություններից հետո

Հետազոտությունները ցույց են տվել, որ կեռասի հակաբորբոքային ու հակաօքսիդանտային միացություններն օգնում են ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով առաջացած մկանային ցավերի, վնասվածքների, բորբոքման թուլացմանը։

Թթվաշ տեսակներն ու դրանց հյութն արագացնում են մկանների վերականգնումը, նվազեցնում մկանային ցավերն ու օգնում պահպանել ուժերը։ Կան նաև տվյալներ, որ կեռասը բարձրացնում է աշխատունակությունը։

27 վազորդների մասնակցությամբ անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր մարաթոնից 10 օր առաջ ամեն օր 480 մգ թթու բալի փոշի են օգտագործել, միջինը 13%-ով ավելի արագ են վազել և ավելի քիչ մկանային ցավեր են ունեցել, քան հետազոտության պլացեբո օգտագործած մասնակիցները։
Նշենք, որ այս խոստումնալից արդյունքն ապահովվել է բալի խտացված մթերքի միջոցով և դեռևս հայտնի չէ, թե որքան թարմ միրգ է պետք ուտել՝ նման արդյունքի հասնելու համար։

4. Նպաստում են սրտի առողջությանը

Կեռասն ու բալը սրտի առողջության մասին հոգալու համեղ եղանակներից են։ Հատկապես կեռասը հարուստ է այնպիսի սննդանյութերով ու միացություններով, որոնք նպաստում են սրտի առողջության բարելավմանը․ դրանք են կալիումն ու պոլիֆենոլային հակաօքսիդանտները։
Առանց կորիզի մեկ բաժակ կեռասը (154 գրամ) ապահովում է սրտի համար կարևոր հանքանյութ համարվող կալիումի օրական նորմայի 10 տոկոսը։
Կալիումն անհրաժեշտ է սրտի կանոնավոր ռիթմի պահպանման համար, ինչպես նաև նպաստում է օրգանիզմից նատրիումի ավելցուկի դուրսբերմանը՝ գործելով զարկերակային ճնշումը կարգավորող ազդեցություն։

Բալը հարուստ է պոլիֆենոլային հզոր հակաօքսիդանտներով՝ անտոցիաններով, ֆլավոնոլներով ու կատեխիններով։ 84 158 մարդու մասնակցությամբ անցկացված հետազոտությամբ պարզվել է, որ այս միացություններով հարուստ մթերքների օգտագործումը կապվում է սրտի հիվանդությունների ռիսկի նշանակալի նվազեցման հետ։

5. Թեթևացնում են արթրիտի և հոդատապի ախտանշանները

Բալի և կեռասի հակաբորբոքային ուժեղ ազդեցությունը նպաստում է արթրիտների և հոդատապի ախտանշանների նվազեցմանը։ Հոդատապն արթրիտի տեսակ է, որն առաջանում է հոդերում միզաթթվի կուտակման արդյունքում և դրսևորվում է այտուցով, բորբոքմամբ ու ցավերով։

Բալը ոչ միայն օգնում է ճնշել բորբոքային սպիտակուցները, այլև նպաստում է օրգանիզմում միզաթթվի մակարդակի նվազեցմանը։

10 կանանց մասնակցությամբ անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ երեկոյան քաղցած ստամոքսին 280 գրամ կեռասի օգտագործումը 5 ժամ հետո նվազեցնում է С-ռեակտիվ սպիտակուցի և միզաթթվի մակարդակներն օրգանիզմում։
Հոդատապ ունեցող 633 մարդու մասնակցությամբ մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ նրանք, որոնք 2 օր թարմ բալ են կերել, 35 տոկոսով քիչ են ունեցել հոդատապի նոպաներ, քան նրանք, որոնք չեն կերել այդ միրգը։

6. Կարող են բարելավել քնի որակը

Բալի կամ բալի թթու խտահյութի օգտագործումը բարելավում է քնի որակը։ Այդ նպաստավոր ազդեցությունը թերևս պայմանավորված է բուսական միացությունների բարձր խտությամբ։ Դրանից բացի բալը մելատոնին է պարունակում, որն օգնում է կարգավորել քնի և արթնության ցիկլը։
20 մարդու մասնակցությամբ անցկացված հետազոտությունը քնի որակի, քնի տևողության բարելավում և մելատոնինի մակարդակի բարձրացում է արձանագրել այն մասնակիցների շրջանում, որոնք 7 օր շարունակ բալի թթու խտահյութ են ըմպել։ Իսկ տարեց մարդկանց շրջանում անցկացված երկշաբաթյա հետազոտությունը ցույց է տվել, որ քնելուց առաջ 240 մլ բալի թթու խտահյութի օգտագործումը կարող է ավելացնել քնի տևողությունը 84 րոպեով։ Սակայն այս հետազոտություններում ևս բալը օգտագործվել է խտացված տարբերակով։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Նյութը պարունակում է տեղեկություններ հետևյալ աղբյուրից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930