Լրահոս
Օրվա լրահոսը

Պարանոյան՝ որպես քաղաքականություն

Օգոստոս 03,2023 10:00

ՀՅԴ Հայ Երիտասարդաց Դաշնակցության՝ Վաշինգտոնի «Անի» մասնաճյուղի անդամ Արենի Մարկոսյանի (լուսանկարում) մուտքը Հայաստան փաստացի արգելվել է: Հայաստանի իշխանությունների (եթե իրենց բառապաշարն օգտագործենք) «դուխը չի հերիքում» ուղիղ տեքստով ասելու, որ պատճառն այն է, որ այդ աղջիկը մասնակցել է «հակափաշինյանական» ցույցերի կամ անդամակցում է մի կառույցի, որը նման ցույցեր է կազմակերպել: Բայց, քանի որ սփյուռքահայերին հայրենիք չթողնելու դեպքերը մեկ տարվա ընթացքում հասել են մեկ տասնյակի, կարելի է չկասկածել, որ խոսքը նույն «սեւ ցուցակի» մասին է՝ այն հայերի, որոնք համարձակվել են չհիանալ Հայաստանի առաջին դեմքի «իմաստուն» ներքին եւ արտաքին քաղաքականությամբ:

Հայաստանի իշխանությունների դեմ Սփյուռքում ցույցեր են եղել նաեւ անցյալում: Մասնավորապես, նույն Դաշնակցությունը շատ բուռն ձեւով իր բողոքն էր արտահայտում 2009 թվականի Ցյուրիխյան արձանագրությունների դեմ: Չեմ հիշում, սակայն, երբեւէ նման միջադեպերի առիթով պաշտոնական Երեւանը «պատժամիջոցներ» կիրառեր:

«Ինչպե՞ս կարելի է անհարգալից արտահայտություններ թույլ տալ հայոց վարչապետի հասցեին»՝ սովորաբար էթիկական հարցերում այդ՝ ծայրահեղ բծախնդիր վերաբերմունքն են արտահայտում նրանք, ովքեր ՀՀ նախորդ ղեկավարների հասցեին սեռական հայհոյանքներ էին գրում կամ ողջունում էին դրանք: Բնականաբար, ես կտրականապես դեմ եմ նաեւ Փաշինյանի հասցեին վիրավորական արտահայտություններին: Բայց զայրույթի նոպայի պահին ընդունված որոշումը՝ պատժել ամբողջ կառույցը՝ դա, համաձայնեք, պետական քաղաքականության տեսակետից սխալ որոշում է:

Հայաստանի ցանկացած իշխանություն, անկախ գաղափարական տարաձայնություններից, պարտավոր է նորմալ, գործնական հարաբերություններ պահպանել ՀՅԴ-ի, ինչպես նաեւ սփյուռքյան այլ ազդեցիկ կառույցների հետ: Այդպես եմ ես հասկանում մեր պետական շահը՝ պետություն, որն, իմ կարծիքով, շատ ավելի մեծ հնարավորություններ ունի դիմագրավելու մարտահրավերներին՝ օգտագործելով ամբողջ հայության ներուժը: Ես սա ասում էի նաեւ անկախ Հայաստանի առաջին իշխանության իմ բարեկամներին: Թե որքանով էր դա ընկալելի՝ ուրիշ հարց:

Բայց այն ժամանակ հակասություններն իսկապես գաղափարական էին: Իսկ հիմա ամբողջ խնդիրը խոցված ինքնասիրությունն է եւ մանր վրեժխնդրության փափագը: Երբ այդ պարանոյիկ դրսեւորումներն են դրվում քաղաքականության հիմքում, դա ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ջորդանո Գալիլյան says:

    “Բայց այն ժամանակ հակասություններն իսկապես գաղափարական էին: Իսկ հիմա ամբողջ խնդիրը խոցված ինքնասիրությունն է եւ մանր վրեժխնդրության փափագը: Երբ այդ պարանոյիկ դրսեւորումներն են դրվում քաղաքականության հիմքում, դա ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնում:”

    Իհարկե՝ մեծարգո պարոնի աբիժնիկ լինելը առավել քան ակնհայտ է, բայց փաստ է եւ այն, որ իր հակասությունները ազգային ուժերի հետ նույնպես գաղափարական են: Ըստ էության՝ ԼՏՊ-ի վերաբերմունքը ՀՅԴ-ի նկատմամբ այն ժամանակ ոչնչով չի տարբերվում Նիկոլի այժմյան հակադաշնակցական կապիկություններից: Պտուղը ծառից հեռու չի ընկնում. ԼՏՊ-ի քիրվայական միջավայրում մեծացած մեկից այլ բան սպասելը առնվազն միամություն կլիներ: Համոզված եմ, որ այստեղ կարեւոր են հենց գաղափարական նույն հակասությունները, այլ ոչ թե մեծարգո ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքները…

Պատասխանել Ջորդանո Գալիլյան

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031