Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական աճը չի ազդում մեծամասնության կենսամակարդակի վրա. Jamnews

Օգոստոս 07,2023 12:09

Jamnews. Վերջին ամիսներին Հայաստանի պարենային շուկայում գնանկում է նկատվում: Այն նկատելի է 2022թ-ի՝ ապրանքների, ծառայությունների, տների վարձակալության գների աննախադեպ թանկացումներից հետո։ Փորձագետները կարծում են, որ գնաճը և դրան հարակից հանգամանքները հավասարապես սթրեսային էին թե տնտեսության, թե երկրի բնակիչների համար։

Տնտեսական աճը չի ազդում մեծամասնության կենսամակարդակի վրա

Կենտրոնական բանկը 2023թ-ի համար Հայաստանում 6․9 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։ Ըստ կառույցի, արտաքին հատվածից գնաճային ազդեցությանն էականորեն թուլացել է, իրենք էլ շարունակվում են գնաճը զսպող դրամավարկային քաղաքականությունն ու դրամի արժևորմանն ուղղված քայլերը: Սակայն բարձր պահանջարկի և գնաճային սպասումների պայմաններում ծառայությունների և որոշ ապրանքների գնաճն ավելի դանդաղ է ճշգրտվում:

Գյուղատնտեսական ապրանքների վաճառքով զբաղվող կրպակի աշխատակից Գոհարն ասում է, որ նախորդ տարիների համեմատ առևտուրը քիչ է, պատճառը որոշ ապրանքների բարձր գներն են.

«Երբ նոր էին առաջին գյուղմթերքները շուկա մտնում բավականին թանկ էին՝ սմբուկը, լոլիկը, լոբին: Քիչ էր առևտուրը, հիմա, կարելի է ասել, իրավիճակը  փոխվում է, բանջարեղենն արդեն ավելի հասանելի է դառնում: Լավ է, որ գները կարգավորվում են, մարդիկ կկարողանան գոնե պահածոներ պատրաստել, սառեցված պահել ձմռան համար»:

Այսպիսով, դատելով ԿԲ հայտարարությունից՝ երկրում արձանագրվում է որոշակի տնտեսական աճ։ Բայց այն ներառական չէ, շոշափելի ազդեցություն չունի գների ու բնակիչների մեծամասնության կենսամակարդակի վրա։ Սա փորձագետները համարում են Հայաստանի տնտեսության խնդիրը՝ մի քանի ոլորտ են աճն ապահովում, և «փողը քիչ մարդկանց մոտ է գնում»։

Պատճառների մասին խոսել ենք տնտեսագետ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանի հետ:

«Եկամուտների անհամաչափ բաշխման խնդիր կա»

Տնտեսագետը կարծում է՝ նախ պետք է հասկանալ, թե կյանքի որակի ինչպիսի փոփոխություններն է, որ կարելի է համարել զգալի։

«Ընդհանրապես, կա մի ֆենոմեն, որ մենք չենք զգում աստիճանաբար տեղի ունեցող փոփոխությունները դրանց տեղի ունենալու ընթացքում։ Դրանք կարող ենք տեսնել առավել երկարաժամկետ հորիզոնում դիտարկելուց։ Այդ կտրվածքով գնանկումը, հատկապես՝ սննդամթերքի, չի կարող մարդկանց համար զգալի չլինել»,- ասում է նա:

Կարապետյանը շեշտում է՝ պետք է հաշվի առնել նաև, որ գնանկումը տեղի է ունեցել անցած տարվա գների բարձր բազայի վրա։ Հետևաբար, դրանք շարունակում են դեռևս մնալ բարձր մակարդակներում:

Ասում է՝ տնտեսությունում հատկապես վերջին շրջանում՝ Ռուսաստանից մարդկանց և կապիտալի ներհոսքի ազդեցությամբ գրանցվող տնտեսական աճի ֆոնին կա եկամուտների անհամաչափ բաշխման խնդիր։ Ոչ բոլորն են հավասարապես գրանցում եկամուտների մակարդակի բարձրացում։

Ինչ վերաբերում է կենսաթոշակների և նպաստների բարձրացմանը, տնտեսագետի գնահատմամբ՝ դրանց իմաստը տնտեսությունը խթանելը չէ, այլ սոցիալական լարվածությունը և կուտակված գնաճի ազդեցության որոշակի մեղմումն է.

«Բացարձակ ծավալի առումով բնականաբար դրանք փոքր են, սակայն ես կարծում եմ, որ դրանք այս պահին ադեկվատ են մեր հնարավորությունների հետ։ Եթե ցանկանում ենք շեշտակի փոփոխություններ մեր սոցիալական քաղաքականության մեջ, ապա պետք է առավել ամուր և արդյունավետ տնտեսություն կառուցել»:

Գայանե ԱՍՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031