Լրահոս
Օրվա լրահոսը

Ճգնաժամային կառավարման  ազգային կենտրոնի պետ. «Յուրաքանչյուր քաղաքացի պիտի գիտակցի, որ հրդեհների դեմ պայքարը միայն հրշեջների գործը չէ»

Օգոստոս 08,2023 14:26

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տարածած հայտարարության համաձայն՝ առաջիկա օրերին Արարատյան դաշտավայրում ու Երեւանում ակնկալվում է մինչեւ +40-+42 աստիճան ջերմություն, ինչը հղի է մարդկանց առողջության հետ կապված եւ հրդեհների առաջացման վտանգներով:

Այդ առիթով այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում Ճգնաժամային կառավարման  ազգային կենտրոնի պետ, գնդապետ  Արսեն Մկրտչյանը զգուշացրեց, որ նշված օրերին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռնային հատվածներում, Սյունիքի, Տավուշի հովիտներում նույնպես սպասվում է  բարձր կարգի հրդեհային իրավիճակ, մեծանում է անտառային եւ հարակից բուսածածկ տրածքներում հրդեհների առաջացման վտանգը: «Չնայած վերջին շրջանում ի հայտ են գալիս անտառային հրդեհների առաջացման նոր պատճառներ, ինչպիսիք են ջերմոցային էֆեկտները, գլոբալ տաքացումը, սակայն հրդեհների հիմնական պատճառը մնում է մարդածին գործոնը:

Յուրաքանչյուր քաղաքացի պիտի գիտակցի, որ հրդեհների դեմ պայքարը միայն հրշեջների գործը չէ: Հրշեջ փրկարարներն, իհարկե, միշտ պատրաստ են կատարել իրենց վրա դրված պարտականությունները, սակայն պետք է հասկանալ, որ ֆիզիկապես անհնար է անտառն ամբողջությամբ եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահել: Ոչ մի վերահսկողություն եւ ոչ մի տեխնիկա ցանկալի արդյունք չի տա, եթե մեր քաղաքացիները եւ կազմակերպությունները չգիտակցեն դրա կարեւորությունը»-ասաց բանախոսը եւ օգտվելով հնարավորությունից՝ հրապարակեց փրկարար ծառայության հորդորը՝ ուղղված քաղաքացիներին: Դրանում իրազեկվում է, որ արգելվում է վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Իսկ եթե, այնուամենայնիվ, դա պետք է արվի, անել միայն բաց տարածքներում, ավարտին կրակը հանգցնել հողով կամ ջրով,  եւ հեռանալուց առաջ համոզվել, որ կրակը հանգել է: Արգելվում է նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, վառելիքով լիցքավորված տարաների եւ մեքենաների շրջակայքում ծխել կամ օգտվել բաց կրակից, կատարել չոր խոտի խոզանի այրում: Արգելվում է նաեւ բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, որովհետեւ դրանք արեւի ճառագայթի ֆոկուսացման հետեւանքով հնարավոր է հրդեհի պատճառ դառնան:

Արսեն Մկրտչյանը ներկայացրեց նաեւ ամառվա այս շոգ եղանակին համապատասխան գերատեսչությունների հետ համատեղ իրականացրած կանխարգելիչ աշխատանքները՝ սկսած իրազեկումներից, համայնքների եւ կազմակերպությունների հետ վարժանքներ կազմակերպելուց, մինչեւ փրկարար ծառայության տնօրենի հրամանով անտառածածկ,  բուսածածկ տարածքներում եւ հանգստյան գոտիներում ուժեղացված հերթապահություն, մշտադիտարկումներ, հրդեհների կանխարգելման հնարավորությունների գնահատման եւ արագ արձագանքման աշխատանքներ: Նա կարեւորեց նաեւ հանգստյան օրերին անտառամերձ մարդաշատ վայրերում ուժեղացված հերթապահության իրականացումը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031