Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ․ «Մարությանը հին չէ․ նրա սեւեր-սպիտակներ հայտարարությունը հիմիկվա հետ կապ չունի»

Օգոստոս 08,2023 17:37

Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին, ինչպես այսօր հայտարարվել է, մասնակցելու է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը գլխավորելու է  «Ազգային առաջընթաց»  կուսակցության նախընտրական ցուցակը։

Անցած տարի սեպտեմբերին «Ազգային առաջընթացը» հայտարարել էր, որ մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին, քաղաքապետի իրենց  թեկնածուն լինելու է վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։

Ինչո՞ւ մտքափոխվեց կուսակցությունը, եւ ինչո՞ւ նախընտրեցին Հայկ Մարությանին, այս հարցին ի պատասխան՝ Հայկ Գրիգորյանն Аravot.am-ին ասաց՝ ուղղակի համագործակցություն է հաստատվել։

Ենթադրվում է՝ հաշվարկել են, որ Մարությանի թեկնածությամբ կուսակցությունն ավելի շատ ձայն կհավաքի, քան՝ Գրիգորյանի, մանավանդ որ 2018-ին 1%-ի  շեմն այս կուսակցությունը չի հաղթահարել։ Այս դիտարկմանն ի պատասխան՝ Գրիգորյանն ասաց․ «Համագործակցության իմաստը դա չէ։ Համագործակցության իմաստն այդ երկու ուժերը, խմբերը միավորելն է, ինչը, բնականաբար, ավելի շատ ձայն կբերի։ Այսինքն, մեր հաշվարկն այն է, որ համագործակցությունն ուժեղ արդյունք կապահովի»։

Ինչ վերաբերում է 2018-ին 1%-ի  շեմը չհաղթահարելուն, Գրիգորյանն ասաց, որ տարբեր իրավիճակներ են․ «Հինգ տարի առաջ քաղաքական իրավիճակն այլ էր,  բացի այդ, այն ժամանակ հանրապետական ընտրություն էր, իսկ այժմ Երեւանի ավագանու ընտրություններ են»։

Մեր դիտարկմանը՝ ճանաչելիության խնդիր կա, «Ազգային առաջընթացին» շատերը չեն ճանաչում, Գրիգորյանն ասա՝ ժամանակի ընթացքում կուսակցության  ճանաչելիությունն աճել է։ Այս պնդմանը Գրիգորյանը հանգել է ոչ թե հարցումների միջոցով, այլ, ինչպես ինքն ասաց՝ կուսակցության անդամների եւ աջակիցների թվի աճով։ Իսկ թե քանի՞ անդամ ունի կուսակցությունը, Գրիգորյանը չասաց։

Հայկ Գրիգորյանին հիշեցրեցինք, որ իր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին կուսակցության մասնակցությանը, նա ասել էր՝ մարդիկ հոգնել են, մարդիկ չեն գնա ընտրության, եթե լինեն նախկիներ ու ներկաներ, նույն դեմքերը, նոր դեմք լինելն ավելի ձեռնտու է, քան լինել հին, վարկաբեկված, բայց հայտնի դեմք։  Մարությանն էլ, ըստ էության, հին դեմք է, «Իմ քայլի» ցուցակով քաղաքապետ է ընտրվել։ Որքանո՞վ է վարկաբեկված՝ դժվար է ասել, համենայնդեպս նրա պաշտոնանկությունն այնքան էլ արժանապատվորեն չընթացավ․ «Իմ քայլը» Մարությանին անվստահություն հայտնեց։ Այս առնչությամբ էլ Գրիգորյանն ասաց՝  Մարությանի աշխատանքն արհեստական ընդհատել են, այդ իմաստով նա հին չէ․ «Այո, նա ունեցել է պաշտոն, բայց մեր ընդհանուր թիմը վարկաբեկված եւ հին չէ»։

Մարությանը նաեւ հայտնի է, հասարակությանը սեւերի եւ սպիտակների բաժանելով, նա 2018-ին հայտարարել է․ «․․․կան սպիտակ ուժեր, եւ կան սեւ ուժեր, վե՛րջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել՝ այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են»։

Մարությանին անվերջ այս մասին հիշեցնելու են, արդյոք վտանգավոր չէ՞ կուսակցության համար նրան քաղաքապետի թեկնածու առաջադրելը, Գրիգորյանն այս հարցին ի պատասխան ասաց․ «Չեմ կարծում, որ դա արդիական է այսօրվա կոնտեքստում։ Նա այդ հայտարարությունն այն ժամանակվա կոնտեքստում ու միջավայրում է ասել։ Հիմիկվա հետ կապ չունի։ Դա գաղափարական դոգմա չէ, իրավիճակային հայտարարություն է եղել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031