Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիության 10 հազարից ավելի դիմում է գրանցվել․ մի փոքր քիչ է 2022-ից, բայց ավելին, քան 2020-2021-ին»․ Զարեհ Սինանյան

Օգոստոս 08,2023 21:45

«Հայրենադարձության թվերից խոսելը դժվար է։ Անցյալ տարվա թվերը՝ ոչ հայրենադարձության, այլ թե քանի դիմում է եղել քաղաքացիության, 25000 է եղել։ Այս տարի մի փոքր ռիթմն ընկել է։ Տարվա առաջին վեց ամիսների ընթացքում 10 հազար դիմում և ավելի է գրանցվել»,-մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նրա պնդմամբ՝ այդ թիվն ավելի շատ է, քան 2020-2021-ին, բայց 2022-ից մի փոքր քիչ է․ «Իհարկե, դա չի նշանակում, որ ՀՀ քաղաքացիության համար բոլոր դիմորդները հայրենադարձվել են, կամ հայրենադարձվելու մտադրություն ունեն։ Բայց զուտ այն փաստը, որ այդ թիվը 60-70 տոկոսով ավելի շատ է, քան նախորդ տարիներին, տեղ է տալիս մտածելու, որ երևի 60-70 տոկոս ավելի հայրենադարձություն ունենք, քան, օրինակ, անցյալ տարի։ Դա տեսանելի է՝ մանավանդ ՌԴ-ից, նաև Ուկրաինայից հայրենադարձություն կա։ Բայց կան, օրինակ, Ավստրալիայից եկող հայրենակիցներ, որտեղից հայրենադարձությունը տարօրինակորեն մեծ է՝ հաշվի առնելով համայնքի փոքրությունը, նրանց հայրենադարձման թիվը մեծ է։ Բացարձակ թվերը փոքր են, բայց համեմատական թվերը շատ բարձր են»։

Դիտարկմանը՝ շատ անձինք հայկական անձնագիր են ձեռք բերում այլ երկրներ մեկնելու համար, Զարեհ Սինանյանն այսպես արձագանքեց․ «Հավանական է, որ մի մասը ձեռք է բերում հայկական անձնագիր և մեկնում այլ երկիր, բայց, անկասկած, մի մեծ մասն էլ մնում է ՀՀ-ում։ Դա բառիս բուն իմաստով տեսանելի է։ Չունենք վիճակագրական տվյալներ, ունենք թվեր՝ կապված նրա հետ, թե քանի մարդ է օգտվում հայրենադարձության ծառայություններից՝ մեզնից, անցյալում հենց գրասենյակից, իսկ այսօր արդեն մեր հայրենադարձության և ինտեգրման գրասենյակից»։

Զարեհ Սինանյանն ասաց, որ այդ կենտրոնը ֆորմալ առումով ընդամենը 10 օր է բացվել է, ուստի դրա աշխատանքին գնահատական տալը շատ վաղ է․ «Որքան հասկանում եմ՝ շաբաթը 60 հայրենադարձ արդեն դիմում է գրասենյակին։ Հեռախոսները համարյա չեն լռում․ ոչ թե միայն դիմում են Հայաստանում հայտնվելուց հետո, այլ մինչև Հայաստան գալը։ Դա մեր նպատակներից մեկն էր, մենք ուզում ենք, որ մարդիկ գործընթացը սկսեն և մեզ ներգրավեն այդ գործընթացում մինչև իրենց գալը ՀՀ։ Այդ դեպքում գալուց հետո հեշտ կլինի նրանց հետ աշխատելը։ Շատերը դիմել են նաև մեզ մոտ աշխատելու համար։ Մարդիկ կան, որոնք ասում են՝ հայրենադարձվելու մտադրություն ունեն, բայց ուզում են՝ որպես մասնագետ կայանալ, ընտանիքի հարցեր լուծել, նոր գալ։ Մեզ համար հոգեբանական հայրենադարձությունն է կարևոր։ Մեզ պետք է, որ մեր հայրենակիցները՝ մանավանդ երիտասարդներն իրենց սրտում ընդունեն, որ ՀՀ-ն մի երկիր է, որտեղ իրենք կուզեն ապրեն։ Եթե դա ընդունեցին, դա առաջին քայլն է։ Ֆիզիկական հայրենադարձությունն այդ դեպքում դառնում է ժամանակի և հանգամանքների հարց»։

Ըստ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի՝ եթե չլինեին անվտանգային խնդիրները, հայրենադարձության տվյալներն ավելի բարձր կլինեին․ «Ասենք՝ օրինակ՝ տնտեսական բացահայտորեն ազատականացման պայմաններում մարդիկ շատ ավելի ազատ են մտածում ՀՀ-ում տնտեսական ներդրումներ անելու և կայանալու մասին, քան անում էին նախկինում։ Հիմա անվտանգային անհանգստությունը կա, մարդիկ դեռ մտածում են, կրթական խնդիր ունենք լուծելու։ Այն ամենը, ինչը ՀՀ-ում տեղի է ունենում, ազդում է մարդկանց հայրենադարձման որոշման վրա։ Մենք մի բան էլ ենք շեշտում․ մեր հայրենակիցներն ու երիտասարդները, երբ ասում են՝ դե որ լավ լինի, կգանք, մենք ասում ենք, որ լավ լինի, ֆրանսիացին էլ, անգլիացին էլ կգան։ Եկեք այնպես անենք, որ լավ լինի․ դուք էլ այդ՝ լավ լինելու մեջ դեր ունեք խաղալու»։

Հարցին՝ արդյոք ունե՞նք զբաղվածության բավարար պայմաններ՝ մանավանդ հաշվի առնելով աշխատավարձերը, Զարեհ Սինանյանը պատասխանեց․ «Այո և ոչ՝ կախված, թե ում հետ ենք համեմատվում։ Արդյոք այսօր կարո՞ղ ենք լավ մասնագետին, որն ԱՄՆ-ում կարող է տարեկան 200-250 հազար դոլար եկամուտ ապահովել, այստեղ նույն կերպ վճարել, ոչ։ Բայց ամեն ինչ համեմատական է։ Լավ կենցաղ ունենալու համար համապատասխան վարձատրություն ստանալու հնարավորություն Հայաստանում կա։ Այսօր ավելի շատ այդ հնարավորությունը կա, քան երկու տարի առաջ, քան չորս, տասը տարի առաջ։ Մարդիկ դրականորեն են տրամադրված ապագայի նկատմամբ։ Բայց ասել, որ դա բավարար է, իհարկե, դեռ ոչ, դեռ հեռու ենք բավարար լինելուց»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031