«44-օրյա պատերազմում զոհված տղայիս նկարն եմ վերցրել, շորերս ու մի քանի հազար դրամ։ Ինչ կուտակել էի մինչեւ բլոկադան՝ բաղիս բերքը ծախելով»,-ասում է 57-ամյա Շուշաննա Նահապետյանը։ «Ես կորցնելու բան չունեմ, տղայիս գերեզմանի մոտ պիտի մնայի, բայց հարսս ու երկու թոռներս մենակ չէին կարող գալ Հայաստան, որտե՞ղ մնան, ո՞ւմ ձեռքին նայեն»,-ասում տիկին Շուշաննան ու պատմում, որ երբ Հակարիի կամուրջում թշնամու սահմանապահները բարձրացան ավտոբուս՝ «լեղաճաք եղավ»։
«Տղայիս լուսանկարը թափանցիկ տոպրակի մեջ էր։ Մտածեցի՝ չվերցնեն ջարդեն, որովհետեւ լսել էի, որ մտել էին հայերի տները, առաջինը պատից կախված զոհվածների նկարներն էի ջարդել»,-ասում է մեր զրուցակիցը։
Հիմա մի քանի հոգով, իր իսկ խոսքով՝ «բռնազավթածներով» Գորիսի զոհվածների հուշահամալիր են գնալու՝ ծաղիկներ դնեն, խնկարկեն 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը։
Զրուցակիցս՝ հարսի եւ երկու թոռների հետ Գորիսում բարեկամի տանն է տեղավորվել։ Բարեկամի հարեւանը Ռուսաստանում է, եւ հիմա փորձում են խոսել, որ տունը վարձակալությամբ վերցնեն։ «Դե ռուսաց լեզվի ուսուցչուհի եմ, երեւի գործ կգտնեմ, ասում են՝ դասատուների կարիք կա՝ բայց մեր հողը, երեքհարկանի տունս մնաց էդ թաղվածներին»,-լացակումած ասում է զրուցակիցս։
Կարդացեք նաև

Aravot.am-ը կփորձի այս հարցի շուրջ պարզաբանում ստանալ իրավասու կառույցներից։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































