Կայացավ «Արարատ 73, հայկական ֆուտբոլի ոսկեդարը» գրքի շնորհանդեսը
«Կոնգրես» հյուրանոցում կայացավ «Արարատ 73» գրքի շնորհանդեսը։ Պատմական հաղթանակից 50 տարի անց նույն օրը «Newmag»-ը ներկայացնում է անվանի մարզական մեկնաբան, լրագրող Սուրեն Բաղդասարյանի հեղինակային գիրքը՝ «Արարատ 73, հայկական ֆուտբոլի ոսկեդարը»։

«Անկախ իրավիճակից, պետք է ծնկի չգալ, այլ վեր բարձրանալ դեպի հաղթանակ։ Արարատի հաղթանակը մեր ազգի հաղթանակն էր։ «Արարատ 73»-ից հետո մեր ֆուտբոլում եղել են բազմաթիվ աստղեր, հրաշալի ֆուտբոլիստներ, բայց չկար հավաքական, դա հայկական մենթալիտետի խնդիրն էր, բայց երբ լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը եկավ Հայաստան, ֆուտբոլը սկսեց ծաղկել բոլոր իմաստներով։ Նա թույլ չտվեց, որ արտաքին ուժերը խանգարեն եւ իր ներուժը գործադրեց եւ «Արարատ 73»-ը բազում հաղթանակներ կերտեց»,-ասաց գրքի հեղինակ Սուրեն Բաղդասարյանը։

Կարդացեք նաև
«Newmag»-ի հրատարակչության տնօրեն Արտակ Գալստյանի խոսքով. «Արարատ 73»-ի հաղթանակը ամբողջ պետության, սերունդների, պրոֆեսորների, խելացի, մտածված եւ երկար ճանապարհ անցած բանաձեւի արդյունքում ստեղծված հաղթանակ էր, իսկ հաղթանակը ոչ թե երազանք է, այլ նպատակ։ Եվ երբ գտնվում ենք ծանր ժամանակաշրջանում, մենք պետք է ունենանք նախատիպեր եւ պատմական էմոցիաներ, որոնք մեզ կստիպեն նորից հավատալ ապագային, եւ հավատալ, որ այս ազգը, որը տվել է աշխարհին չեմպիոններ, ստեղծել է պետություն, կազմավորվել է, եւ արդեն գոյություն ունի 2000 տարի, ոչ միայն կարող է, այլեւ իրավունք ունի հայտ ներկայացնել նոր հաղթանակների, 21-րդ դարում։ «Արարատ 73»-ը գիրքն այդ հայտի մասին վավերագրությունն է, որ մենք հաղթել ենք, հիմա չենք հաղթում, բայց ապագայում նորից կհաղթենք»։
Անժելա ՍԵԴՐԱԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.10.2023

















































