Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատ 73»-ի հաղթանակը պետության, սերունդների, պրոֆեսորների, բոլորի կողմից մտածված բանաձեւի արդյունքում ստեղծված հաղթանակ էր»

Հոկտեմբեր 14,2023 12:00

Կայացավ «Արարատ 73, հայկական ֆուտբոլի ոսկեդարը» գրքի շնորհանդեսը

«Կոնգրես» հյուրանոցում կայացավ «Արարատ 73» գրքի շնորհանդեսը։ Պատմական հաղթանակից 50 տարի անց նույն օրը «Newmag»-ը ներկայացնում է անվանի մարզական մեկնաբան, լրագրող Սուրեն Բաղդասարյանի հեղինակային գիրքը՝ «Արարատ 73, հայկական ֆուտբոլի ոսկեդարը»։
«Մեր հաղթանակները ոչ միայն անցյալում են եղել, այլ նաեւ մեր խորին համոզմամբ եւ հավատով՝ ապագայում էլ լինելու են։ Այս գիրքը ոչ միայն լրագրողական հրաշալի աշխատանք է, այլ նաեւ արձակագրի գործ։ Մեր ֆուտբոլային, սպորտային գրականությունը եւ ընդհանրապես հայկական սպորտին նվիրված գրականությունը կարեւոր ձեռքբերում է ունեցել այս գրքով, քանի որ այստեղ ի մի են բերված բոլոր փաստերն ու տվյալները, մեր լեգենդար ֆուտբոլիստների պատմությունը»,- ասաց գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը։

«Անկախ իրավիճակից, պետք է ծնկի չգալ, այլ վեր բարձրանալ դեպի հաղթանակ։ Արարատի հաղթանակը մեր ազգի հաղթանակն էր։ «Արարատ 73»-ից հետո մեր ֆուտբոլում եղել են բազմաթիվ աստղեր, հրաշալի ֆուտբոլիստներ, բայց չկար հավաքական, դա հայկական մենթալիտետի խնդիրն էր, բայց երբ լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը եկավ Հայաստան, ֆուտբոլը սկսեց ծաղկել բոլոր իմաստներով։ Նա թույլ չտվեց, որ արտաքին ուժերը խանգարեն եւ իր ներուժը գործադրեց եւ «Արարատ 73»-ը բազում հաղթանակներ կերտեց»,-ասաց գրքի հեղինակ Սուրեն Բաղդասարյանը։

«Արարատ 73»-ի ֆուտբոլիստներից լեգենդար Սերգեյ Բոնդարենկոն նշեց, որ թեկուզ 50 տարի է անցել ֆուտբոլային կարիերայից, բայց հայ հասարակությունը մշտապես գովաբանում է «Արարատ 73»-ին. «Մեզ շատ հաճախ են ասում՝ արտասահմանում եթե ֆուտբոլիստ դառնայիք, շատ հարուստ կլինեիք, բայց իրենք մի բան չեն հասկանում. երբ ֆուտբոլային թիմը դուրս էր գալիս ֆուտբոլային հրապարակ, 75000-ից ավելի հանդիսատես դիտում էին մեզ, եւ երբ մենք հաղթում էինք, նրանք երգում եւ պարում էին այդ հաղթանակի համար։ Դա է մեր մեծ հարստությունը, մեր միլիոնը»։ Ֆուտբոլիստը հիշեց իր թիմակից ընկերներին եւ նշեց, որ նրանք բոլորն էլ ջանք ու եռանդ են դրել հայկական ֆուտբոլի մեջ։

«Newmag»-ի հրատարակչության տնօրեն Արտակ Գալստյանի խոսքով. «Արարատ 73»-ի հաղթանակը ամբողջ պետության, սերունդների, պրոֆեսորների, խելացի, մտածված եւ երկար ճանապարհ անցած բանաձեւի արդյունքում ստեղծված հաղթանակ էր, իսկ հաղթանակը ոչ թե երազանք է, այլ նպատակ։ Եվ երբ գտնվում ենք ծանր ժամանակաշրջանում, մենք պետք է ունենանք նախատիպեր եւ պատմական էմոցիաներ, որոնք մեզ կստիպեն նորից հավատալ ապագային, եւ հավատալ, որ այս ազգը, որը տվել է աշխարհին չեմպիոններ, ստեղծել է պետություն, կազմավորվել է, եւ արդեն գոյություն ունի 2000 տարի, ոչ միայն կարող է, այլեւ իրավունք ունի հայտ ներկայացնել նոր հաղթանակների, 21-րդ դարում։ «Արարատ 73»-ը գիրքն այդ հայտի մասին վավերագրությունն է, որ մենք հաղթել ենք, հիմա չենք հաղթում, բայց ապագայում նորից կհաղթենք»։

Անժելա ՍԵԴՐԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031