Պրիմա պարուհի Նինո Սամադաշվիլին հիացած է
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում 35 տարիների ընդմիջումից հետո բեմադրված Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի պրեմիերային յոթ ներկայացումներն անցան անշլագ։ Մենք անդրադարձել ենք այս բեմադրությանը։ Հիշեցնենք, որ ներկայացման երաժշտական ղեկավարն ու դիրիժորն է Կարեն Դուրգարյանը, բալետմայստերը՝ Ալեքսեյ Ֆադեեւիչը, ով Երեւանում ներկայացրեց հանրահայտ բալետմայստերներ Մարիուս Պետիպայի եւ Լեւ Իվանովի խմբագրած տարբերակը։ Յոթ ներկայացումներում ընդգրկված էին մեր թատրոնի բալետային խումբն ու մենապարողները՝ բացառությամբ մեկ երեկոյի, որի ժամանակ Օդետա Օդիլիայի դերապարով հանդես եկավ հեղինակավոր թատրոնների սպասված ու ցանկալի հյուր, Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի պրիմա պարուհի Նինո Սամադաշվիլին, որն առաջին անգամ էր ներկայանում հայաստանցի հանդիսատեսին, իսկ հիշյալ դերապարով հաճախ է մեկնում հյուրախաղերի։


Դիտարկմանը՝ մենք մեր մենապարող աստղերին, բնականաբար, լավ գիտենք, ինչպես դուք նշեցիք՝ նրանք հաճախ են հրավիրվում հեղինակավոր թատրոնների կողմից, կուզեինք լսել հատկապես ձեր կարծիքը մեր կորդեբալետի մասին, մանավանդ «Կարապի լճում» այդ խմբի դերը ակնհայտորեն մեծ է, մեր զրուցակիցը արձագանքեց. «Հիացած եմ ձեր կորդեբալետով։ Միտքս պարզ շարադրեմ՝ բալետային խումբը կարծես մեկ մարդ լիներ։ Նույնիսկ չգիտեմ՝ կարող եմ ինձ թույլ տալ այդպես արտահայտվել, թե ոչ, բայց նման խումբ ունենալը մեծ ձեռքբերում է ցանկացած թատրոնի համար։ Կրկնեմ, այո, հիացած եմ ձեր կորդեբալետով»։
Կարդացեք նաև
Նինո Սամադաշվիլին «ոտքի վրա» զրույցն ավարտեց հետեւյալ խոսքերով. «Գոհ ու շնորհակալ եմ ամեն ինչից։ Հույս ունեմ՝ մեր երկրորդ հանդիպումը չի ուշանա»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.10.2023






















































