Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկուհին Մոսկվայում ուսումն ավարտելուց հետո կհամալրի Երեւանի օպերային թատրոնի արտիստական խումբը

Հունիս 20,2022 12:30

Հարցազրույց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանի հետ

– Հարգելի Րաֆֆի, թեպետ ձեզ հետ հանդիպման առիթը Սանկտ Պետերբուրգի Մարինա Մեդվեդսկայայի թատրոնի խմբի հետ վերջերս ԱՄՆ կատարած հյուրախաղերն են, բայց սկսենք մի հետաքրքրական փաստով. երեւանյան հագուստի սրահներից մեկում մեր անվանի դերասանների նկարներով շապիկների կողքին հանդիպեցինք նաեւ ձեր լուսանկարով, ավելի ճիշտ՝ պատկերված էր տեսարան «Սպարտակ» բալետից, որտեղ դուք Սպարտակի կերպարում եք, իսկ ճանաչված մենապարուհի Սոնա Վարդանյանը՝ Ֆրիգիայի։ Կարելի՞ է ենթադրել, որ ընդամենը չորս տարի առաջ կարիերա սկսած արտիստը՝ դուք, այսօրվանից է գիտակցում բալետի արտիստի կարճ բեմական կյանքից հետո իր զբաղվածության մասին եւ ոտք է դնում բիզնես։

– Բիզնեսի հետ ես ոչ մի կապ չունեմ։ Իսկապես չգիտեմ, թե ինչպես եմ հայտնվել վերնաշապիկի վրա։ Այդ մասին ես տեղեկացա ընդամենը երկու օր առաջ, ընկերոջիցս, որը լուսանկարել էր շապիկը եւ ուղարկել։ Գուցե արտադրողը բալետարվեսի ֆանա՞տ է, չգիտեմ, իսկապես չգիտեմ։

– Գանք մշակույթ. խնդրում ենք ներկայացնել ձեր ամերիկյան հյուրախաղը եւ հետաքրքիր է՝ ճանաչված բալետի արտիստ ու խորեոգրաֆ Մարինա Մեդվեդսկայան ինչպե՞ս գտավ ձեզ։

– Առաջին անգամ էր համագործակցությունս Սանկտ Պետերբուրգի բալետային այդ թատրոնի հետ։ Ինչ վերաբերում է ինձ հրավիրելուն, նշեմ, որ Սանկտ Պետերբուրգում գործող բալետային այդ թատրոնի կազմում ընդգրկված են արտիստներ Ղազախստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից։ Ֆլորիդա նահանգի հինգ քաղաքներում, այդ թվում՝ Մայամի, Օրլանդո, Սանկտ Պետերբուրգ եւ այլն, ներկայացրինք Մինկուսի «Բայադերկա» ներկայացումը՝ Մեդվեդսկայայի խորեոգրաֆիայով։ Կուզեի հատկապես նշել հանդիսատեսի անսահման ջերմ վերաբերմունքի փաստը, որը ոչ միայն ոգեւորված էր, այլեւ ոգեւորել գիտեր։ Ավելի տպավորիչ ասեմ, գուցե չափազանցված՝ այն տպավորությունն էր, որ հանդիսատեսը ներկայացման սկզբից մինչեւ ավարտը անդադար ծափահարում էր։ Չմոռանամ նշել, որ Հայաստանից հրավիրված էր նաեւ մեր թատրոնի արտիստ Ժաննա Թեւոսյանը։ Հրավիրված արտիստները, որոնք, բնականաբար, տարբեր դպրոցներ էին ներկայացնում, ունեին ներկայանալի ստեղծագործական կենսագրություն, օրինակ՝ մեկ եւ ավելի միջազգային մրցույթներում դափնիներ շահած, տարբեր բալետային խմբերի կամ թատրոնների կազմում հյուրախաղերի մասնակցած եւ այլն։ Մի խոսուն փաստ էլ. Մարինա Մեդվեդսկայան ուսանել է լեգենդար Վախթանգ Չաբուկիանիի ղեկավարությամբ։

Տեսարաններ Մինկուսի «Բայադերկա» ներկայացումից։

– Դուք ընդամենը 21 տարեկան եք, բայց մասնակցել եք ու ձեզ նկատել են միջազգային մրցույթներում, այդ թվում՝ Էստոնիայում, Ֆրանսիայում, Չինաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, նույնիսկ աշխարհահռչակ խորեոգրաֆ Բորիս Էֆմանն է հրավիրել Սանկտ Պետերբուրգ, իր ղեկավարած թատրոն…

– Այդ ժամանակ ես 16 տարեկան էի, ու թեեւ ինձ համար մեծ պատիվ էր նման խորեոգրաֆի կողմից նկատվելը, բայց վերադարձա, քանի որ պարտադիր զինվորական ծառայության պիտի անցնեի։ Հիշում եմ՝ 2018-ին, երբ ընդունվեցի թատրոն, բառացիորեն մեկ-երկու օր հետո բալետային խմբի հետ մեկնեցի Մոսկվա, որտեղ «Բոլշոյ» թատրոնում մասնակցեցի Խաչատրյանի «Գայանե» ներկայացմանը։ Հետո արդեն հյուրախաղեր Սաուդյան Արաբիա եւ այլն։ Ճիշտ նշեցիք՝ տարբեր մրցույթներում դափնեկրի կոչման արժանանալուց հետո արժանացա նաեւ ՀՀ նախագահի մրցանակի։

– Ստացվում է՝ ձեզ մոտ ամեն ինչ հարթ է ընթանում, բայց այդպես լինո՞ւմ է…

– Իհարկե՝ չի լինում (ժպտում է- Ս. Դ.)։ Արվեստի ճանապարհը ինքն իրենով անհարթություն է։ Փորձում եմ այդ անհարթ ճանապարհն անցնել այնպես, ինչպես կանցնեի հարթ ճանապարհով։

– Ասում են՝ մրցույթներից հետո ստացած հրավերները՝ համալրել արտերկրյա մեկ-երկու թատրոնների արտիստական խումբը, մերժել եք։ Ինչո՞ւ։

– Պատասխանս կարճ է՝ Հայաստանից չեմ ուզում հեռանալ։ Ասեմ նաեւ, որ ընտրյալս՝ Դեյզի Ուայեթը, ամերիկուհի է, ներկայումս սովորում է Մոսկվայի պետական խորեոգրաֆիայի ակադեմիայում, ավարտելուց հետո նա է ընդմիշտ գալու Հայաստան եւ կհամալրի Երեւանի օպերային թատրոնի արտիստական խումբը։

– Նրա հետ որտե՞ղ եք ծանոթացել։

– Տարիներ առաջ Դեյզիին հանդիպեցի Երեւանում, ընկերներիս շրջապատում… Նա պարզապես սիրահարված է Հայաստանին, ընդունում է մեր տրադիցիաները, հայկական խոհանոցը… Առաջին հանդիպումը 2017-ին էր, նա այնքան էր տպավորված մեր երկրով ու մարդկանցով, որ գնացել ու հայերեն բառեր էր սովորել, հետո այդ բառերը նախադասություններ դարձան։ Հիմա արդեն Դեյզին հիանալի հայերեն գիտի։

– Մեր դիտարկմամբ՝ զբաղված եք թատրոնի խաղացանկային բոլոր ներկայացումներում, հանդես եք գալիս տարբեր կերպարներով՝ Սպարտակից մինչեւ Արմեն, Էսպադայից մինչեւ Բազիլ, Զվեզդիչից՝ Արբենի… Այս օրերին ձեր թատրոնում սկսվել են Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացման բեմադրական աշխատանքները, որն իրականացնում է աշխարհահռչակ Օլեգ Վինոգրադովը։ Ենթադրում ենք, որ դուք զբաղված կլինեք այս ներկայացման մեջ եւս։ Ամիսներ առաջ մեզ հետ զրույցում Վինոգրադովը հավաստիացրել էր, որ իր ծննդյան հոբելյանական 85-ամյակը նշելու է Երեւանում՝ այս տարվա օգոստոսի 1-ին, «Ռոմեո եւ Ջուլիետ»-ի պրեմիերայով։ Դուք տեղյա՞կ եք դրանից։
– Իհարկե՝ այո։ Ինձ վստահված է Ռոմեոյի դերապարը, մեծանուն Վինոգրադովն էլ, ինչպես ասացիք, իր ծննդյան օրը՝ օգոստոսի 1-ին, կնշի 85-ամյակը՝ «Ռոմեո եւ Ջուլիետ»-ի պրեմիերայով։
Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

 

Գլխավոր լուսանկարում՝ Րաֆֆի Գալստյանը եւ Դեյզի Ուայեթը։

Տեսարաններ Մինկուսի «Բայադերկա» ներկայացումից։

«Առավոտ» օրաթերթ
18.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930