
Նա հավելեց, որ կարճ ժամանակահատվածում հասցրել են կյանքի կոչել բազմաթիվ համատեղ ծրագրեր, որոնց թվում են՝ Ազգային դպրոցը, որն իրականացնում է Ալեքսանդրինյան թատրոնը Երեւանում, արվեստի կառավարիչների եռօրյա վարպետության դասերը, Մայր թատրոնի տեխնիկական աշխատողների վերապատրաստումները՝ Ալեքսանդրինյան թատրոնում: Դրանից հետո կայացել են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հյուրախաղերը՝ Ալեքսանդրինյան փառատոնի շրջանակներում:
«Վահրամ Փափազյանից հետո որեւէ հայ դերասան չէր խաղացել այնտեղ, իսկ ինստիտուցիոնալ առումով սա առաջին մեծ համագործակցությունն էր Ալեքսանդրինյան թատրոնի պատմական բեմում: Դա հրաշալի հյուրախաղ էր, լեփ-լեցուն դահլիճ, փառահեղ ընդունելություն»,-ընդգծեց Վարդան Մկրտչյանը:
Այժմ համագործակցությունը շարունակվում է Երեւանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում, եւ Ալեքսանդրինյան թատրոնը Երեւանում կներկայացնի երկու ներկայացում. մեկը Գոգոլի «Ամուսնությունն» է, երկրորդը՝ «Արարածը»: Վարդան Մկրտչյանը Ալեքսանդրինյան թատրոնի հյուրախաղերը որակեց տարվա գլխավոր թատերական իրադարձություն:
Կարդացեք նաև

«Այսօր մենք ենք Հայաստանում, եւ մեզ համար նույնպես պատմական իրադարձություն է նման հեղինակավոր թատրոնի բեմում հանդես գալը, սա քննություն է մեզ համար: Մենք երբեք հյուրախաղերով չենք եղել Երեւանում, սա մեր առաջին ստեղծագործական քայլն է, եւ այժմ ներկայանում ենք մեր երկու հզոր ներկայացումներով: Վստահ ենք, որ հայ հանդիսատեսը շատ ինտելեկտուալ է եւ թատերային, հուսով ենք, որ Ալեքսանդրինյան թատրոնն այս քննությունը գերազանց կհանձնի՝ հետխորհրդային երկրներից ամենաթատերայինում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Sputnik Արմենիայի


















































