Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի համար էր Թուրքիան պատերազմ սկսել

Նոյեմբեր 11,2023 10:00

Արցախի կորուստը մեզ անտանելի ցավ է պատճառում: Ասելով՝ «մեզ», նկատի ունեմ բոլոր նորմալ հայերին: Հայաստանում շատ կան մարդիկ, որոնք այս հարցի նկատմամբ անտարբեր են, կամ էլ (եկեք ճշմարտությանը բաց աչքերով նայենք) հոգու խորքում ուրախացել են՝ տեսնելով այդ աղետի մեջ ինչ-որ, իմ կարծիքով, ոչ բնական, վրեժխնդրության բավարարում:

Բոլոր դեպքում, այդ բազմահազար «շեղվածներին» մի կողմ թողնելով, տեղի ունեցածը հայկական տեսանկյունից ազգային ողբերգություն էր: Բայց, եթե վերանանք մեր այդ հույզերից, պետք է հասկանալ, որ Թուրքիան (հե՛նց Թուրքիան) 2020 թվականին պատերազմը սկսել էր ոչ թե բուն Արցախի, այլ շատ ավելի լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու համար:

Իհարկե, Շուշիում ինչ-որ միջոցառում կազմակերպելը կամ Ստեփանակերտում զորահանդես անցկացնելն Ալիեւի PR-ի տեսանկյունից ազդեցիկ ակցիաներ են: Բայց որքան էլ Էրդողանը սիրի Ալիեւին եւ իր եղբայրը համարի, հանուն այդ PR-ի նա միլիարդներ չէր ծախսի:

Թուրքիայի ռազմավարական ծրագրի կարեւոր բաղադրիչներից է «Զանգեզուրի միջանցքը»: Հանուն դրա՝ 20-րդ դարի վերջում թուրք-ադրբեջանական տանդեմը քիչ էր մնում հրաժարվեր Արցախից եւ վերցներ «Մեղրիի միջանցքը», ինչն, իհարկե, դարձյալ կործանարար կլիներ Հայաստանի Հանրապետության համար:

Սակայն այս պահի առանձնահատկությունն այն է, որ միջանցքի հարցում Թուրքիան լիակատար համաձայնության է հասել Ռուսաստանի հետ: Այդ երկիրն, իր հերթին, խիստ շահագրգռված է, որ Ադրբեջան – Նախիջեւան ճանապարհը վերահսկի իր ԱԴԾ-ն (ФСБ-ն), ինչի մասին վերջերս կրկին խոսել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Դրանով Ռուսաստանն ազդեցության լուրջ լծակներ կունենա թե՛ Թուրքիայի եւ թե՛ Ադրբեջանի վրա:

Մեր մասին չեմ խոսում, որովհետեւ մեր դեպքում Ռուսաստանի լծակները բազմաթիվ են: Եվ դրանց թվում է Ադրբեջանի նոր ագրեսիայի սպառնալիքը՝ ագրեսիա, որը կարող է տեղի ունենալ միայն Ռուսաստանի լուռ (կամ նույնիսկ՝ «բարձրաձայն») համաձայնությամբ, ինչպես որ դա եղել է, մասնավորապես, 2020 եւ 2023 թվականներին:

Ինչ անել այս իրավիճակում, դժվար է ասել: Մի բան պարզ է. նեղացածի կեցվածք ընդունելը եւ առիթ-անառիթ Ռուսաստանին «քլնգելը» հակաարդյունավետ է: Ինձ թվում է, որ շարունակելով զարգացնել «արեւմտյան ուղղությունը», պետք է աշխատել նաեւ Ռուսաստանի հետ: Ինչպես՝ դա առանձին խոսակցության նյութ է;

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Այն, որ հազարամյակներ ենք անցել եւ հասել ենք մեր օրեր՝ սա մեր նախնիների շնորհքն է, ովքեր հզորագույն ընտենական, համայնքային, պետական, արքայական ավանդույթներ են ունեցել, հետո հետընթաց ենք ապրել՝ կորցնում ենք մեր արքայությունները, պետությունները, համայնքներն ու ընտանիքները: Ազգի հիմքը՝ դա ընտանիքն է, ընտանիքի հիմքը՝ երեխան է, դրա համար երեխային ամբողջ մարդկությամբ, արքայությամբ, պետությունով, համայնքով ու ընտանիքով պետք է արքա կարգենք եւ արքայավայել դաստիարակենք ու կրթենք, ինչպես էն մութուցուրտին յոթ տասը տարեկան երեխաներն էին իրենց գործազուրկ ծնողներին պահում՝ դոլար ռուբլի առուծախով, հիմա էլ երեխան, բայց արդեն շատ ավելի բարձրտեխնոլոգիական շնորհքներով, որոնք բարձր են իրենց ծնողների շնորհքներից, պետք է ընտանիք պահեն եւ ունենան բարձր եկամուտներ: Երեխայի ծնունդից առաջ եւ հետո օրացույցի ամեն թերթիկի վրա գրվածի համաձայն պետք է երեխային տալ եւ նրանից ստանալ տարիքին ու սեռին համապատասխան շնորհքներ: Տղաները պետք է ավելի շուտ ամուսնանան, քան աղջիկները, քանի որ մի կողմից պատերազմական պայմաններում ժառանգ թողնեն, մյուս կողմից դա մեր հին ավանդույթի մեջ է մտնում, նույնիսկ երգ կա, երբ ջահել հարսները իրենց տատերին բողոքում են, որ իրենց ստիպում են դեղնակտուց փեսացուների հետ ամուսնանալ: Հետո տղաները մի քանի տարի հետո կյանքի իմաստնությամբ հավասարվում են աղջիկներին ու հետագայում վերջանականապես ընտանիքի պատասխանատվությունը վերցնում իրենց ուսերին: Երեխաները պետք է դաստիարակվեն եւ կրթվեն հատուկ տղաների համար գիշերօթիկ եւ ռազմական դպրոցներում, աղջիկներն էլ առանձին իրենց աղջկական գիմնազիաներում: Այդ դպրոցների շրջանավարտները պետք է դառնան ազգի ղեկավարող ուղղորդող անձնակազմը: Ծնված օրվանից արքա դաստիարակված եւ կրթված երեխան՝ մեր ազգի բարօրության ու զարգացման միակ միջոցն է, նմանապես մյուս ազգերին էլ կօգնենք դաստիարակել ու կրթել իրենց երեխաներին՝ իրենց բարօրության ու զարգացման համար: Հայ մտավորականներ, ձե՛ր կարծիքը:

  2. Հ.Շ. says:

    Անցած երեք տարիների ընթացքին, Ռուսաստանի թերացումները՝ Արցախի եւ Հայաստանի նկատմամբ՝ էական են, ակնյայտ են, անհերքելի են:

    Սակայն զանոնք բացառապէս վերագրելը Թուրքիոյ եւ Ռուսաստանի միջեւ համաձայնութեան, վիճելի կարծիք մըն է:

    Արդարեւ, Թուրքիոյ յարձակումը սկսելէն ի վեր՝ Հայաստանի վրայ – թրքական այդ գործողութեան առաջին հանգրուանն էր միայն Արցախը – , տարածաշրջանին մէջ Ռուսաստանի ծայրագոյն թերացումները կարելի է նաեւ վերագրել՝ անկարողութեան. Անզօրութեան:

    Այս տեսութիւնն ալ վիճելի է, այո, սակայն գոնէ ակնյայտ հիմնաւորում ունի: Որ կը կոչուի՝ Ուկրաինա: Ռուսաստանի վիճակը, Ուկրաինայում: Հայաստանի մասին մտածելէ առաջ, Ռուսաստանի դեռ պէտք է որ ինքզինք փրկէ, այդ ճակատին վրայ:

    Ժամանակագրական հակափաստարկն ալ ի զուր է, այստեղ: Ուկրաինայում ընդմէջէն՝ Ռուսաստանի դէմ, ՆԱՏՕի յարձակումին բացայայտ հանգրուանը, սկսած էր արդէն 2004-ին: Հայաստանի իշխանութիւններն է որ սակայն, այդ թուականէն սկսեալ, խելքը չունեցան նախատեսելու դեռ մեր գլխին գալիքը…

    Մ. Հայդուկ Շամլեան

  3. Gohar says:

    Շնորհակալություն, Պ-ն Աբրահամյան։ Որքան հասկանում եմ այս նկարագրված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը այնքան դժվարին մի սցենար, որն ուղղակի լուծում չունի: Լուծումը կախում ունի նրանից, թե ներկա իշխանությունները ի զորու են լուծելու նման բարդ խնդիրները։ Խնդիրներ, որոնք պահանջում են հատուկ դիվանագիտական ջանքեր, երկխոսության և միջազգային համագործակցության հատուկ համադրություն: Ես գիտեմ, որ Հայաստանում դիվանագիտության մեջ սահմանափակ թվով մարդիկ կան, որոնց IQ-ն թույլ կտա խորանալու այդ խնդրի լուծման մեջ։ Բայց իշխանական լծակներին դա հաճո՞ է, եվ ցանկալի՞, որ նրանք սկսեն երկար տարիներ պահանջող այդ խնդրի լուծմանը։ Ի՞նչպես խրախուսել դիվանագիտական երկխոսությունը ներգրավված կողմերի միջև, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Ուկրաինայի միջև: Ի՞նչպես ընդունել միջազգային կազմակերպությունների միջնորդական ջանքերը, որոնք հնարավոր է, կարող են նպաստել արդյունավետ քննարկումներին․․․ Մի խոսքով հենց այս իրավիճակի համար է ,երեվի ասված ,Գյումրիում ապրածս տարիներին լսված այս խոսքերը․ ” Շունը շապիկ է հագել․ կատուն՝ վարտիք”

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930