Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես պատրաստ եմ իմ մանդատը վայր դնել, դուք պատրա՞ստ եք, ունեք երեք օր ժամանակ»․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին

Մայիս 22,2024 15:38

ԱԺ նստաշրջանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատասխանեց ՔՊ-ական պատգամավորներին։

Մասնավորապես, Վահագն Ալեքսանյանն իր ելույթում ասել էր․ «Հարգելի քաղաքացիներ, ես ուզում եմ, որ դուք անպայման իմանաք, որ Հայաստանն ունի 29 743 քկմ տարածք։ Իսկ այն բոլոր ուժերը, որ ասում են, թե ՀՀ տարածքն այդքան չէ, այդ բոլոր ուժերն ունեն միայն մեկ նպատակ, որպեսզի ՀՀ-ն չլինի ինքնիշխան ու անկախ հանրապետություն։ Երբ մեր ընդդիմադիր գործընկերներին հարցնում ենք՝ ըստ ձեզ ինչքա՞ն է ՀՀ տարածքը, նրանք չունեն պատասխան։ Բայց ամբողջ օրը գալիս այստեղից ասում են՝ հանձնում եք, հանձնում եք։ Լավ, եթե դուք չունեք ինչ-որ թիվ, որը Հայաստանի Հանրապետությունն է, այդ ինչի՞ց եք այդ հանձնելը հաշվում։ Ձեզ համար ինքնիշխան ու անկախ ՀՀ գոյությունը կարեւոր չէ»։

Արծվիկ Մինասյան արձագանքեց․ «Սիրելի հայրենակիցներ, դուք հենց նոր ականատես եղաք հերթական մանիպուլյացիայի՝ ՀՀ տարածքը որքա՞ն է։ Այդ հարցը ձեզ ենք տալիս, իշխանությունները դուք եք։ Երբ այստեղից հայտարարում եք 29 743 քկմ, հարցը տալիս եմ շատ պարզ՝ հիմա այդքա՞ն է Հայաստանը, այսինքն՝ Ադրբեջանը զավթած տարածքներ չունի՞ Հայաստանից։ ՀՀ տարածքը որքա՞ն է, որքանի՞ նկատմամբ Հայաստանն ունի իշխանություն այս պահի դրությամբ»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքեց․ «Բազմիցս ասել ենք՝ ՀՀ տարածքը 29 743 քկմ է։ Դուք հարց եք բարձրացնում՝ հիմա այդքա՞ն է, այո, միշտ այդքան է անկախությունից ի վեր։ Այն մասերը, որոնք այս պահի դրությամբ ձեր ասելով զավթվել են, եւ ես դրա հետ համաձայն եմ, նույնպես Հայաստանի Հանրապետության տարածքներ են։ Հիմա հարց է հնչել՝ ձեր ուժը արդյոք ընդունո՞ւմ է, որ ՀՀ ինքնիշխան տարածքը 29 743 քկմ է, այո կամ ոչ»։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ ՀՀ ինքնիշխան տարածքը՝ 29 743 քկմ-ն օրենքներով ամրագրված է։ «Իմ հարցը շատ պարզ է՝ իսկ հիմա ինչքա՞ն եք թողել ՀՀ-ից ու Արցախից»։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ իր հայտարարություններին շատ են անդրադարձ կատարում ՔՊ-ական պատգամավորները։ «Պարոն Սիմոնյան, անդրադարձել եք դուք, Անդրանիկ Քոչարյանը, Բաբկեն Թունյանը, Արփինե Դավոյանը։ Ես առաջարկում եմ այստեղից հրապարակային հայտարարել՝ ես պատրաստ եմ իմ մանդատը վայր դնել, դուք չորսդ պատրա՞ստ եք, ունեք երեք օր ժամանակ»։

Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Պարոն Մինասյան, ես շատ ուրախ եմ, որ դուք ձեզ այդպես բարձր եք գնահատում, որ Ազգային ժողովի նախագահը եւ եւս երեք պատգամավոր ձեր մանդատի դիմաց պետք է մանդատները դնեն, բայց, հարգելիս, ի տարբերություն ձեզ, ես, տիկին Դավոյանը, պարոն Քոչարյանը եւ մյուսները, մենք պարտավորություն ունենք ստանձնած մեր հայրենակիցների առաջ։ Մենք թռնող չենք եւ մենք մեր պարտավորությունը մինչեւ վերջ կատարելու ենք։ Դուք տարբեր ձեւով փորձում եք աթոռակռիվ հրահրել, այդ խաղի մեջ մենք չենք մտնելու»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031