«Ես դեռ 2025 թվականի դեկտեմբերի 25-ից բերեցի դիմումը՝ մեծ քանակի ծնողների ստորագրությունով հանձնեցի, որ մենք սպասել ենք այսքան տարիներ քննիչ հանձնաժողովի զեկույցին։ Մեզ հավաստիացնում էին, որ մենք ունենալու ենք այդ պատասխանը, բայց փաստորեն վերջում տեսաք ինչ արեցին՝ մտցրեցին Ազգային ժողով, գաղտնիություն ու փակեցին, պարտակեցին, գնացին, մեզ ասելու բան չունեն»,- խորհրդարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Լույսի ճրագ» ՀԿ նախագահ Արսեն Ղուկասյանը։
Հիշեցնենք, 44-օրյա պատերազմում զոհված և անհայտ կորածների մի խումբ ծնողներ այսօր կրկին ցույց էին անում ԱԺ շենքի մոտ պահանջելով հանրայնացնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը։
«Բայց կոնկրետ մենք՝ ծնողները, անհետ կորածների և զոհվածների հարազատները, օրենքի կողմից ունենք արդեն ստացած իրավունքը․ իրենք պարտավոր են մեզ այդ ամեն ինչը ներկայացնել։ Առավել ևս չեմ ասում, որ հանրությանը հետաքրքրող թեմա է: Իրենք տարբեր, բազմազան, զարմանազան, անբովանդակ պատասխաններ ուղարկելով մեզ․․․ բայց վերջում էլի իրենց ձևով գաղտնի գցեցին այնտեղ։ Միևնույնն է, դա ոչ մի ձևով չի փոխում հարցը: Միևնույնն է, մենք պահանջելու ենք, շարունակելու ենք պահանջել մեր պատասխանը»,- շարունակեց Արսեն Ղուկասյանը՝ հավելելով, որ ծնողները, ովքեր տարիներ շարունակ ինքնուրույն են զբաղվել անհետ կորած հարազատների որոնողական աշխատանքներով, հիմնավոր կասկածներ ունեն, որ 44-օրյա պատերազմում դավաճանությունը եղել է ամենաբարձր մակարդակի վրա․ «Մինչև անգամ ՊԲ-ի շտաբի քարտեզները… մեծ կասկած ունենք ու ասում եմ՝ հիմնավոր կասկած, որ հայտնվել է ադրբեջանցիների մոտ: Բա այդ հարցը չպարզե՞նք, այդ քարտեզը ՊԲ-ի շտաբից ո՞նց գնաց հասավ ադրբեջանցիքի մոտ, որ ադրբեջանցիք այդպես կետային խոցեին սաղ մեր տղերքի դիրքերը, կետային խոցեին, ոչ թե շեղումներով, կետային, ոնց որ այդ широта, долгота գրած դեմները դրած էր, նրանց արդեն պետք էլ չէր օդով նայել՝ ինչ է տեղաշարժվելը: Այդ ամեն ինչը մենք էլ ենք իմացել, դա մեզնից չեն կարող խաբել։ Ախպերս զոհվել է, ես պիտի չիմանա՞մ իմ ախպերը ում կատարած սխալ գործողության հետևանքով է զոհվել, թող պատասխան տա: Հենց այնպես չէին էլի այն տղերքը, այն երեխան կորել․․․ վեց տարի է՝ չկա, չիմանա՞նք ում կատարածի հետևանքով այդ երեխան գնաց, կորավ ու իր նման լիքը»։
Անդրադառնալով ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնանկությանը՝ Արսեն Ղուկասյանն ասաց, որ Դավիթ Սանամյանն առաջին օրվանից ներգրավված է եղել գերիների վերադարձի բանակցություններում և որոնողական աշխատանքներում․ «Դա էլ է ինձ համար շատ մեծ հարցական՝ ինչո՞ւ հենց իրան հանեցին․ ԶՈՒ հրամանատար կա, թող ԶՈՒ հրամանատարը պատասխան տա, ԱԱԾ տնօրեն կա, թող պատասխան տա, բայց տեղակա՞լը ինչ։ Ինչքան գերի բերվել է, Դավիթը այնտեղ է եղել»։
Կարդացեք նաև
«Ես էլ սպասելու բան չունեմ, թող այդ սպասողները սպասեն։ Սպասողները սպասեն, բայց ոչ թե եսիմ ինչերի, այլ Աստծո արդար դատաստանի։ Դա հաստատ լինելու է, ես համոզված եմ ասում, իրենց սաղին հասնելու է, իրենք դա չեն մարսելու։ Հենց այնպես տանեին այդքան տղու փրթեին, կոտորեին, ու որ էլի… ես չեմ ասում, վարչապետն է ասում․ «Այո, մենք գնացել ենք գիտակցված զոհության»։ Ո՞ւմ ես հարցրել, որ դու տարար այդքան տղուն գիտակցված զոհության»,- շարունակեց զոհվածի և անհայտ կորածի հարազատը՝ մանրամասնելով, որ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է այցելել կազմակերպության գրասենյակ և հորդորել, որ երբ ժամանակը գա, իրենց ունեցած տեղեկությունները տրամադրեն․ «Ինչը որ մենք, ասենք, այդ ընթացքում փորփրել ենք, այսպես ասենք, բայց ոչ մեկիս էլ չեն հարցրել, ոչ էլ ինձ թողեցին, որ ես մտնեմ այդ հանձնաժողով, թուք արեցին, որ ես… չէ, ոչ մի անգամ չեն թողել։ Իրենք հլը իրենց այն մարդկանց, ում որ մենք ասել ենք՝ թող մի հատ նրանց կանչեն, ախր այն ում էլ որ մատնացույց ենք արել, ասել ենք՝ մի հատ սրանց անպայման պետք է կանչեն, սրանք մեծ ինֆորմացիա պարունակող մարդիկ են, կանչե՞լ են․ չէ, դե ճուրտուքշել են արել, փակել են»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































