Անհետ կորածների հարազատները ԱԱԾ տնօրենի հետ հանդիպումից հետո երեկվանից քննարկում են իրենց պայքարի հետագա քայլերը։ Հակարիի կամո՞ւրջ կգնան, ինչպես ավելի վաղ հայտարարել էին։
«Ծնողներով երեկ հավաքվել էինք՝ քննարկելու, թե ինչ անենք, ինչպես շարունակենք մեր պայքարի ձևաչափը։ Ծնողներից մեկն ասում էր՝ տեսնում եմ՝ ճար չկա, հացադուլի կանցնեմ։ Մյուսն ասաց՝ չէ, գնում ենք Հակարիի կամուրջ, մի ուրիշն ասում է՝ գնանք Նիկոլի տան դիմաց նստենք։ Անճարությունից մարդիկ անօգնական են։ Այս մարդկանց օգնել է պետք, ոչ թե ամեն մարդ մի կողմ է քաշվել։ Իրենց երեխան տանն է, փորները կուշտ է, վերջ, ինչ ունեն մտածելու։ Թող բոլորը հիշեն՝ բոլորը պարտական են այդ տղաների ինքնազոհողությանը։ Այդ տղաները, որ գնացել էին կռվելու, շատ-շատերը մկան ծակը հարյուր թումանով էին առել»,- Aravot.am-ին ասաց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը։
Նրա խոսքով՝ ԱԱԾ տնօրենը, անդրադառնալով իրենց՝ Հակարիի կամուրջ գնալու պատրաստակամությանը, չի փորձել համոզել, որ չգնան.
«Մեզ ասացին, որ գնաք էլ՝ մարդու չեք տեսնելու։ Առաջին պոստից այն կողմ առաջ չեք գնալու։ Ոնց եք պատկերացնում՝ գնանք, հասնենք Հակարիի մոտ ու մեր ոստիկանների կամ սահմանապահ զորքերի հետ, հո, թուրքի բերան, ղալմաղալ չենք սարքի, խայտառակվենք»։
Կարդացեք նաև
Արսեն Ղուկասյանն արձանագրում է, որ իրենց վեց տարվա պայքարը ոչ մի արդյունք չի տվել։
«Հաստատված գերիների մասով այս իշխանությունները ոչ մի բան չեն կարողանում անել, ուր մնաց անհետ կորածների մասով մի բան անեն։ Երբ Նիկոլ Փաշինյանը ծնողների հետ հանդիպման էր, ասաց՝ ծնողներ ջան, Ալիևն ասում է՝ այս 19 հոգին է մեր մոտ, ուրիշ մարդ չկա։ Ասում ենք՝ ունենք տեսանյութեր, որ ադրբեջանցիները մեր երեխաներին տանում են գերի։ Ադրբեջանի նախագահի այդ «չունեմ»-ը ո՞նց եք ընդունում ու համակերպվում։ Տեսանյութ ենք ցույց տալիս՝ ահա, մեր երեխային տարան։ Փաշինյանն ասում է՝ Ալիևն անգամ երդում կերավ, որ չունի։ Ալիևի երդումն իրենց համար տեսանյութերից ու փաստերից ավելի ծանրակշիռ փաստ է։
Ոչ մեկին պետք չեն մեր երեխաները։ Այսօր մի քանի ծնող է մնացել, որոնց իրենց երեխայի ճակատագիրը ցավ է տալիս։ Ո՛չ ազգին, ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը պետք չեն մեր երեխաները, միայն այդ մի քանի ծնողի։ Մի քանի ծնող գնացին, իրենց դարդով մահացան։ Սպասում են՝ այս մի քանիսս էլ կմեռնենք, ու վերջ՝ պահանջող չի լինի, թեման կփակվի»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































