Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ինչպիսի արհամարհանք կամ՝ հանդգնություն՝ շոշափել մեր բաց վերքը՝ առանց զղջման, առանց ներում հայցելու». «Ազգ»

Փետրվար 08,2024 12:04

Փետրվարի 19-ին լրանում է Գուրգեն Մարգարյանի սպանության 20 տարին

«Հունգարիան այսօր» գերմանալեզու լրատվական պորտալը փետրվարի 7-ին զետեղել է «Հայաստանն ու Հունգարիան միասնական են՝ հանուն քրիստոնեական արժեքների» վերնագրյալ հոդվածը, որով անդրադարձել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցին՝ առավելաբար ներկայացնելով դրա առթիվ իրենց նախագահ Կատալին Նովակի խոսքի շեշտադրումները:

«Հայաստանն ու Հունգարիան Եվրոպային եւ աշխարհին ուղղված միասնական ուղերձ ունեն՝ կամենում ենք ասել, որ քրիստոնեական արժեքները գոյության իրավունք ունեն»,- ընդգծել է Հունգարիայի նախագահ Նովակը փետրվարի 6-ին Բուդապեշտի Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանում:

«Հունգարիան այսօր» լրատվականը շեշտել էր նախագահ Կատալին Նովակի խոսքը, դրանով ընդգծել նրա քրիստոնեական արժեքներին հավատարմությունն ու դրանց պաշտպանությանն ուղղված հանձնառությունը:

Փորձեցինք 2022-ից Հունգարիայի առաջին կին նախագահի գրառումներում որեւէ հիշատակություն գտնել Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման, էթնիկ զտումը, քրիստոնեական հուշարձանների պղծումն ու եղծումը դատապարտող որեւէ տողի, ապարդյուն:

Նրա X-ի հարթակն էլ փաստում է, որ վարչապետ Օրբանի կուսակից նախագահը Ադրբեջանին, հատկապես էներգետիկ տեսանկյունից, դիտարկում է որպես ռազմավարական մեծ դեր ունեցող գործընկերոջ: Հունգարիայի նախագահը 2022-ին դատապարտել էր «անկախ ինքնիշխան պետության՝ Ուկրաինայի դեմ Պուտինի ագրեսիան», 2023-ին՝ Համասի հոկտեմբերի 7-ի ագրեսիան Իսրայելի դեմ, սատարել այդ երկրին՝ ինքնապաշտպանության իրավունքը վկայակոչելով, այնուհետ նոյեմբերին անձամբ մեկնել Իսրայել՝ ի նշան համերաշխության:

Քաղաքական ակտիվության այս ծիրում կարող էր Հայաստանը «չլինել», եթե Հունգարիայի նախագահը երեքշաբթի չհիշատակեր քրիստոնեական արժեքներին իր հավատարմության մասին, իսկ «Հունգարիան այսօր»-ը հիշեցներ, որ դրանց մեջ առաջնայինը զղջումն է, ապաշխարությունը: Նախագահ Նովակն ակնարկել է ՀՀ-ի հետ «դիվանագիտական ուղիների խզման», «տարաձայնությունների հաղթահարման մասին»: Բարոյազուրկ լինելո՞ւ, թե՞անբարո լինելու նշան է քաղաքական գործչի, երկրի նախագահի համար մեղքն ու ոճիրն այսպես կոծկելը:

Հունգարիայի նախագահն, ի դեպ, Ռամիլ Սաֆարովի տարեկիցն է՝ ծնվել է 1977-ին, բժիշկները չեն արձանագրել, թե տառապում է հիշողության կորստով: Նա չէր կարող չիմանալ, որ մի քանի օր հետո լրանում է այդ ոճրի 20 տարին: Ուրեմն՝ ինչպիսի արհամարհանք կամ՝ հանդգնություն՝ շոշափել մեր բաց վերքը՝ առանց զղջման, առանց ներում հայցելու:

Հիշեցնենք՝ Բուդապեշտում 2004-ի փետրվարի 19-ին է եղել ոճիրը, Սաֆարովը կացնի 16 հարվածով քնած Գուրգեն Մարգարյանի գլուխն անջատել է մարմնից: Հիշեցնենք՝ հունգար դատավորն էլ ոճրագործության դաժանությունից ազդված՝ մեղսունակ Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության՝ առաջին 30 տարին առանց ներման իրավունքի, իսկ «քրիստոնեական արժեքներին կառչած» նախագահ Նովակի կուսակից վարչապետ Օրբանի որոշմամբ՝ 2012-ին Սաֆարովն արտահանձնվեց Ադրբեջանին, ներում շնորհվեց նրան, պարգեւատրվեց: Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզման պատճառը սա է:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829