Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյանի նկատմամբ քաղաքական հետապնդո՞ւմ է․ ըստ փաստաբանի՝ նախաքննական եւ դատախազական հսկողության փուլում վերլուծական մոտեցումը մոտ է զրոյին

Մարտ 07,2024 12:11

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանն այսօր հրավիրած ասուլիսում մանրամասներ ներկայացրեց Քերոբյանի գործի վերաբերյալ։ 

«Քննչական կոմիտեն մեզ պատմում է, որ հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքներ են կատարել եւ պարզել են, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք ինչ-որ նախնական համաձայնությամբ, դիտավորություն ունենալով կոնկրետ մի կազմակերպությանն օժանդակելու ընդդեմ մյուսի, իրականացրել են հակամրցակցային քաղաքականություն եւ գործողություններ, խախտել են օրենքը, ՀՀ կառավարության որոշումները, եւ արդյունքում՝ մի կազմակերպության դուրս են հանել մրցակցությունից։ Բոլորիդ արդեն հայտնի է, որ խոսքը «Սիներջի» եւ «Հարմոնիա» կազմակերպությունների մասին է։ Եվ մի շարք անձանց ձերբակալել են, այնուհետեւ կալանավորել են մի քանիսին, եւ հանգուցալուծումը նաեւ նախկին նախարար Վահան Քերոբյանի ձերբակալությունն ու նրա նկատմամբ խափանման միջոցի կիրառումն է եղել։ Այս ողջ ընթացքում մենք դիտարկել ենք, որ փաստորեն այդ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները բավական մոտ են զրոյին։ Այդ արդյունքներն այնքան ոչ տպավորիչ ու այնքան ոչ արդյունավետ են եղել, որ այսօր այդ խիստ խափանման միջոցների կիրառման միջոցով եւ դրանք ծառայեցնելով անձանց համար որպես ցանկալի ցուցմունքներ տալու հարկադրանքի միջոց, սկսել են ձեւավորել ի սկզբանե մտածված նարատիվի հիմքեր, ապացույցներ։ Օրինակ՝ որեւէ մեղադրյալի առաջարկվում է ինչ-որ հարցադրումների վերաբերյալ պատասխաններ, մարդը հասկանում է, թե ինչ է իրենից ակնկալվում։ Եվ, ստանալով այդ հարմարեցված ցուցմունքները, ինչպես մենք տեսնում ենք Գլխավոր դատախազության հայտարարություններից, հենց այս ցուցմունքները ստանալու բերումով նրանց նկատմամբ խափանման միջոցները փոխվում են։ Գործն այս ընթացքում է գտնվում, եւ այս գործընթացներն են իրականացվում»,- ասաց նա։

Ըստ փաստաբանի՝ նախաքննության մարմինը հարցեր չունի Վահան Քերոբյանին։ Ուղղակի չկան բովանդակային լուրջ հարցեր, որոնցից հնարավոր կլինի հասկանալ, որ մարդիկ ցանկանում են բազմակողմանիորեն քննել ու պարզել, թե ինչ է տեղի ունեցել։

«Այդ հարցերի բացակայությունը եւ նախաքննական մարմնի այս ողջ մարտավարությունը մեզ համար ակնհայտ է դարձնում, որ նախաքննությունը հետեւյալ տրամաբանությամբ է իրականացվում՝ ձեւավորվել է մի նարատիվ, որոշվել է, որ իրադարձություններն այսպիսին են։ Եվ անկախ փաստական հանգամանքներից ու փաստերից, այս նարատիվը հիմնավորելու համար փորձ են անում մեկնաբանություններ ու տեղեկություններ ամրագրել։ Սա, մեղմ ասած, նախաքննություն չէ, սա մի միաբանության կողմից իրենց համոզմունքների քարոզն է։ Սա ուղղակի նախաքննության մարմնի կազմում գործող քննիչների համոզմունքն է, կարծիքն է՝ որեւէ էական փաստական հիմքով չհիմնավորված։ Եվ այստեղ մի կարեւոր հարց է առաջանում՝ ըստ էության նախաքննության մարմինն անում է այն, ինչում մեղադրում է այս մրցութային հանձնաժողովին։ Եվ տարբերությունն այն է, որ այդ մրցութային հանձնաժողովը լիազորություններ չի ունեցել մարդկանց ձերբակալելու, իրենք ունեն։ Նախաքննության մարմինը որոշում է կայացնում այս վարկածի օգտին եւ չի քննարկում որեւէ այլ վարկած։ Սա առանցքային նշանակություն ունի, որովհետեւ նախաքննությունը պետք է լինի բազմակողմանի»,- հայտարարեց Տիգրան Եգորյանը։

Նա ասաց, որ այս մոտեցումը բավական խորքային խնդիր է, այն վերաբերում է ՀՀ-ում իրականացվող նախաքննության որակին եւ դրա նկատմամբ դատախազական հսկողության որակին, որի վերլուծական մակարդակը բավական ցածր է։ Այն բացարձակ բավարար չի կարող համարվել ՀՀ համար, ժողովրդավար հասարակությունում արդար դատաքննության իրավունքն ապահովելու համար։

«Եթե ավելի խիստ արտահայտվեմ, կարելի է ասել, որ նախաքննական եւ դատախազական հսկողության փուլում վերլուծական մոտեցումը գրեթե մոտ է զրոյին։ Այս հետապնդումները հիմնականում հանգում են մեկ վարկածի առաջ քաշմանը եւ բոլոր միջոցներով ու ամեն գնով այդ վարկածի քարոզմանն ու հաստատմանը։ Բոլոր մնացած հնարավոր վարկածներն անտեսվում են, բոլոր փաստերը, որոնք խոսում են այդ վարկածի դեմ, անտեսվում են»,- հավելեց նա։

Տիգրան Եգորյանն անդրադարձավ հարցին, թե այս գործում քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է։ Նա ասաց, որ քաղաքական է համարվում այնպիսի հետապնդումը, որը հենված չէ քրեադատավարական չափանիշների եւ ապացույցների բավարար համակցության վրա։ «Եվ սա, բնականաբար, անպատճառ չի լինում։ Ինչ-որ մարդիկ, ինչ-որ շահեր լինում են այդտեղ։ Հիմա այն, ինչ մենք տեսնում ենք այստեղ, մենք տեսնում ենք, որ անտեսվում են բոլոր այն փաստերը, այն տվյալները, որոնք հերքում են առաջ քաշված վարկածը։ Անտեսվում են բոլոր հնարավոր այլ վարկածները, որոնք հավասարապես հնարավոր են։ Այս գործի՝ մեզ հասանելի փաստերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նույն հիմնավորվածությամբ կարելի է ասել, որ եղել է դիտավորություն՝ անել այնպես, որ ի վերջո «Հարմոնիա» ընկերությունը հաղթի։ Այսինքն՝ քաղաքական կարող է համարվել ցանկացած այնպիսի հետապնդում, որը հենված չէ եւ դուրս է կոնվենցիայով ու Սահմանադրությամբ սահմանված սկզբունքներից։ Մեր դիտարկմամբ՝ այս գործը հենված չէ այդ սկզբունքների վրա։ Ուղղակի ասել՝ քաղաքական է կամ ոչ, դրա տակ ենթադրել, որ վարչապետը տեղյակ է, զանգել ասել է, Քննչական կոմիտեն գնացել է, դա այդպես չէ։ Ես չունեմ փաստեր, որ քաղաքական իշխանությունում ընդգրկված ինչ-որ անձ հանձնարարություններ է տվել։ Ես տեսնում եմ, որ կա ստեղծված վարկած, գործ, որը երկար ժամանակ չի հաստատվել եւ չի բխում փաստերից, բայց ինչ-որ ձեւով առաջ է մղվել։ Հիմա, թե այս գործից որքանով է տեղյակ վարչապետը, ես կարծում եմ, որ համապատասխան ընթացակարգեր կան զեկուցման, մանավանդ եթե հարցը վերաբերում է նախարարին, փոխնախարարին։ Եթե այդ զեկուցումներում ներկայացվել է այն, ինչ մենք տեսնում ենք հրապարակման մեջ, եւ եթե սրանք սնուցվել են համոզիչ դեմքի արտահայտությամբ ու պնդումներով, որ դեռ այնպիսի վատ բաներ կան այստեղ, դա սուտ է եղել։ Հիմա, թե ինչպիսի արձագանք է սրան եղել, ես չգիտեմ, բայց ասում եմ, որ այս տեղեկությունները չեն ներկայացնում այն ամբողջ իրականությունը, որը կա գործի նյութերում»,- ասաց նա։

Տիգրան Եգորյանն անդրադարձավ հարցին, թե ճի՞շտ է տեղեկությունը, որ Վահան Քերոբյանը հանդիպել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի հետ։ «Իսկ ո՞վ ասաց, որ հանդիպել է, որտե՞ղ է նշվում։ Այդպիսի բան չի եղել, Վահան Քերոբյանն ընդհանրապես այս մրցույթի մասին իմացել է այնքանով, որքանով այդ տեղեկությունները ստացվել են իր տեղակալի կողմից»,- ասաց նա։

Փաստաբանը հավելեց, որ ըստ ապացույցների՝ Վահան Քերոբյանն արել է ուղիղ հակառակը, ինչում իրեն մեղադրում են։ Այսինքն՝ արել է ամեն ինչ, որպեսզի մրցույթը լինի մրցակցային, եւ մրցակցային ոչ մի կանոն չսահմանափակվի։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031