Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ֆիքսում ենք, որ լիազորությունների անցում չկա, լիազորությունների անցմանը որեւէ մեկը, այդ թվում՝ Լիլի Մկրյանը, չէր կարող օժանդակել». փաստաբան

Փետրվար 02,2024 14:47

«Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանը (լուսանկարում) չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ըստ որի` օժանդակել է պաշտոնատար անձանց իրենց լիազորությունների չարաշահմանը:

Երեկ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ մեկ ամսյա կալանք կիրառվեց նաեւ Լիլի Մկրյանի նկատմամբ: Նա ունի 2 տարեկան մանկահասակ երեխա, որը մինչ օրս օգտվում է մայրական կաթից։ Լիլի Մկրյանն անցնում է էկոնոմիկայի նախարարության 8 պաշտոնյաների՝ առերեւույթ կոռուպցիոն չարաշահումների գործով:

Էրիկ Ալեքսանյան

«ՕԺանդակելը կայացել է իբրեւ խորհուրդներ, համապատասխան տեղեկատվություն տրամադրելու միջոցով: Լիազորությունների անցումը եւ չարաշահումը պաշտոնատար անձանց դեպքում քննչական մարմինը գնահատում է, ի թիվս այլ հանգամանքների, նաեւ այն, որ իբրեւ Անի Իսպիրյանը մրցույթի երկրորդ փուլի ժամանակ իրավունք չուներ լրացուցիչ պայմաններ առաջադրելու, ինչու չէ նաեւ խստացված որոշակի պայմաններում: Այսինքն՝ կողմերի համար առաջադրել որոշակի լրացուցիչ կամ խստացված պայմաններ: Բայց դա հիմնավոր չէ այնքանով, որքանով կան փաստական տվյալներ, այս պահին չեմ կարող բացահայտել դրանց բովանդակությունը, բայց դրանց համադրելիությունը ցույց է տալիս, որ Իսպիրյանն ուներ իրավունք լրացուցիչ պայմաններ առաջադրելու, ինչու չէ նաեւ խստացված որոշակի պայմաններով, ինչը չի կարելի ասել խտրական պայմաններ առաջադրելու մասին: Տվյալ պարագայում խոսքը գնացել է լրացուցիչ, որոշակի չափով խստացված պայմանների մասին, որի իրավունքը նա ունեցել է, նա պարզապես չէր կարող իր լիազորություններն անցնել… Հետեւաբար, եթե ֆիքսում ենք, որ լիազորությունների անցում չկա, լիազորությունների անցմանը որեւէ մեկը, այդ թվում Լիլի Մկրյանը, չէր կարող օժանդակել:

Ինչ վերաբերում է չարաշահմանը, այստեղ չարաշահում եւս չկա: Իր լիազորությունների շրջանակում Անի Իսպիրյանը ինչ որ կատարել է՝ որեւէ ձեւ պետական շահին վնաս չի պատճառվել: Նույնիսկ պայմանականորեն ինչ գործողություններ էլ կատարած լինեն, ես ուղղակի չեմ կարող բոլոր փաստական տվյալների բովանդակությունը բացահայտել, ավելի շատ վկայում են այն մասին, որ դրանք եղել են հօգուտ պետության շահերի, ոչ թե ի վնաս: Ավելին ասեմ՝ այդ փաստական տվյալների մեջ նույնիսկ չի էլ երեւում, որ որեւէ մեկը եղել է շահագրգռված, իր կամ այլոց օգտին ինչ-որ գործողություններ կատարելու՝ ունենալով անձնական կամ նյութական շահագրգռվածություն: Ես չեմ կարող շատ մանրամասն ներկայացնել, բայց խոսքը մրցույթի մասին է… այս գործում առկա տվյալները վկայում են այն մասին, որ ամեն ինչ արվել է, որ այն ընկերությունը հաղթող համարվի, որն ավելի լավ պրոդուկտ կարող է տալ պետությանը երկարատեւ ժամկետով, այլ ոչ թե ամեն ինչ արվել է, որ այս ընկերությունը հաղթի ու կապ չունի, թե ինչ պրոդուկտ կտա»,- Aravot.am-ին ասաց Մկրյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Լրատվամիջոցներով եղան հրապարակումներ, որ մրցույթի մասնակիցները եղել են «Սիներջի» եւ «Հարմոնիա» ընկերությունները: Վերջինս մրցույթից իրեն բաց թողնելը վիճարկել է Քաղաքացիական դատարանում եւ 2023 թվականի հունիսի 20-ին դատարանը վճռել է բավարարել «Հարմոնիա»-ի հայցն ընդդեմ Էկոնոմիկայի նախարարության, անվավեր ճանաչել «Հարմոնիա»-ին դուրս թողնելու, «Սիներջիին» հաղթող ճանաչելու, ինչպես նաև այդ ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին որոշումները։

Էրիկ Ալեքսանյանից հետաքրքրվեցինք՝ դատարանի որոշումը բավարար չէ՞ր հաստատելու, որ ամեն դեպքում ինչ-որ մեկը ինչ-որ պահի պաշտոնեական լիազորություններն անցել է, ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Պետք է տարանջատել զանցանքը հանցանքից, ամբողջ խնդիրը հենց սրանում է: Յուրաքանչյուր մրցույթ չէ, որ իդեալական է, յուրաքանչյուր մրցույթի արդյունքում մեկը հաղթում է, մյուսը չի հաղթում: Յուրաքանչյուր մրցույթի արդյունքում մեկը լինում է դժգոհ: Իսկ երբ դժգոհը բողոքարկում է այդ արդյունքները դատարանում ու պատկերացնենք՝ հաղթում է, դա չի նշանակում, որ մրցույթի ժամանակ ինչ կատարվել է հանցանքի հատկանիշների մասին է վկայում… երբ է զանցանքը վերաճում հանցանքի, այն դեպքում, երբ կա հանցավոր, թաքնված միտում, իսկ այս պարագայում հանցավոր միտում չկա, հետեւաբար, եթե այստեղ ինչ-որ իրավախախտման մասին խոսք էլ գնա, քանի որ վկայակոչեցիք դատարանի որոշում, նվազագույնի տիրույթում կարող է խոսք գնալ զանցանքի մասին»:

Փաստաբանն ասաց նաեւ, որ չի ցանկանում խտրական մեկնաբանություն տալ, թե ինչու դատարանը Իսպիրյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք, իսկ իր պաշտպանյալի նկատմամբ կալանք: Բայց հավելեց, որ հենց ստանան դատարանի որոշումը կալանքի վերաբերյալ, միանգամից բողոքարկելու են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829