Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնում ենք դատարան, Վահան Քերոբյանի խափանման միջոցի հարցը պետք է քննարկվի»․ Տիգրան Եգորյան

Փետրվար 15,2024 23:40

«Պարոն Քերոբյանն արդեն Քննչական կոմիտեում չէ․ դեպի դատարան ենք գնում։ Խափանման միջոցի հարցը պետք է քննարկվի»,-լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։

Նա ասաց, որ «Սիներջի» և «Հարմոնիա» ընկերությունների մրցույթի վերաբերյալ գործն է։ Մեղադրանք է առաջադրվել նաև Վահան Քերոբյանին, ինչը նա չի ընդունում։ Փաստաբանն ասաց․ «Մեր գնահատմամբ՝ այն հիմքերը, որոնք բերված են հետապնդման որոշման մեջ և որոնք արտացոլված են դատարան ներկայացվող միջնորդության մեջ, բավականին թույլ են։ Այն հետևությունները կամ եզրահանգումները, որոնք նշված են, կարծում եմ՝ իրականությանը չեն համապատասխանում։ Դրանք հիմնականում ենթադրությունների մակարդակում են մեր գնահատմամբ»։

Տիգրան Եգորյանն ասաց՝ այս պահին նախաքննության մարմինը, գիտակցելով մեղադրանքի հիմնավորվածության ցածր մակարդակը, պաշտպանվում է իրենց հրապարակային խոսքից՝ լրացուցիչ գաղտնիություն հաղորդելով փաստական տվյալների հրապարակմանը, արգելելով իրենց հրապարակել նախաքննության բոլոր այն փաստական տվյալները, որոնք մեզ հայտնի կլինեն։

Հարցին՝ ի՞նչ հոդվածով է մեղադրանք առաջադրվել նախկին նախարարին, Տիգրան Եգորյանը պատասխանեց․ «441-րդ հոդվածի 2-րդ մաս, 4-րդ կետ՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելը, անցնելը, օգտագործելը, ազդեցություն կիրառելը խմբի կազմում շահադիտական նկատառումներով՝ նախնական համաձայնությամբ»։

Հարցին՝ ինչո՞ւ հիմա պարոն Քերոբյանի դեմ այս գործընթացը սկսվեց, Տիգրան Եգորյանը պատասխանեց․ «Ենթադրում եմ՝ քանի որ Վահան Քերոբյանը հրաժարական տվեց, որոշեցին, որ կարելի է առանձնապես չտնտղել այդ հարցում, շատ լուրջ չմոտենալ հարցին․ այսքանով էլ կարելի է մի հատ էլ Քերոբյանին հետապնդել»։

Փաստաբանն ասաց՝ իրենց նման բան հայտնի չէ, թե Վահան Քերոբյանի՝ արդեն նախկին աշխատասենյակի խուզարկության ժամանակ լրացուցիչ բան հայտնաբերած լինեն․ «Եթե նման բան լիներ, եթե լրացուցիչ որևէ հիմնավորում և դա հիմնավորող ապացույց լիներ, կունենայինք։ Այն, ինչ մեր ձեռքին ունենք, ցավոք, կարծում եմ չի հաղթահարում այն շեմը, որ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսվի»։

Փաստաբանն ասաց՝ Վահան Քերոբյանը ցուցմունք չի տվել․ «Մենք չէինք կարող այսօր ցուցմունք տալ, քանի որ այսօր Վահան Քերոբյանին ցերեկն են հայտնել, որ նրա նկատմամբ հանրային հետապնդում է նախաձեռնվում։ Դրանից հետո նա կապ է հաստատել ինձ հետ, մոտ մեկ ժամ անց արդեն այստեղ հանդիպել ենք, և միայն այդ ժամանակ ներկայացվել է մեզ այն փաստաթուղթը, որը հետապնդման որոշումն է։ Այս ժամանակահատվածում չենք հասցրել ոչ այդ փաստաթուղթն ընթերցել, ոչ միմյանց հետ քննարկել տարբեր՝ պարոն Քերոբյանին հայտնի տեղեկություններ, փաստեր, նաև վերլուծել և ըստ դրա՝ պաշտպանական դիրքորոշումներ արտահայտել։ Հնարավորություն օբյեկտիվորեն չկա ցուցմունք տալու։ Պարոն Քերոբյանը՝ իր նախարար եղած ժամանակ իրեն հայտնի տեղեկությունները հայտնելուց որևէ պարագայում չի խուսափում, դրանք ըստ անհրաժեշտության և պատեհության կներկայացվեն ամբողջ ծավալով և կհանձնվեն պետության դատին։ Ուղղակի պաշտպանական իրավունքն իրացնելու, պաշտպանի հետ խորհրդակցելու տարրական հնարավորության համար պետք է մեկ-երկու օր ժամանակ, որ կարողանամ այդ նյութերին ծանոթանալ, և քննարկենք այդ հարցերը»։

Փաստաբանն ասաց, որ ժամը 00։00-01։00-ի կողմերը խափանման միջոցի հարցի քննարկումը կարծում է ավարտված կլինի։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829