Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր դեղատունը վերածվել է խանութային վիճակի օբյեկտի, առանց բժշկի դեղատոմսի նշանակում են լայն սպեկտորի հակաբիոտիկներ, հակասնկային եւ հորմոնային դեղեր»․ Մարինե Հարությունյան

Մարտ 22,2024 15:30

Չնայած մարտի 1-ից մի շարք դեղեր դեղատներում պարտադիր պետք է դուրս գրվեն էլեկտրոնային դեղատոմսով, սակայն համակարգի կազմակերպությունները, մասնավորապես՝ դեղատները դեռեւս առնչվում են բազմաթիվ խնդիրների։

«Վագա Ֆարմ» դեղատնային ցանցի պատասխանատու Վահան Գրիգորյանն այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց՝ առողջապահության նախարարությունը գործը կիսատ է արել, այսօր էլ շատ բժիշկներ բուժառուին դեղատուն են ուղարկում թղթի դեղատոմսերով։

«Քանի Արմեդ համակարգով է աշխատում էլեկտրոնային դեղատոմսը եւ, որպեսզի դեղատան աշխատակիցը կարողանա մուտք գործել համակարգ, պետք է մոբայլ ID ունենա։ Մեր ցանցի աշխատակիցների մեծ մասը չունեին ID քարտեր, իսկ քարտ հանելու համար մենք տեղյակ ենք, երբ նախարարությունը կազմակերպեց հանդիպում, դա փետրվարի սկիզբն էր։ Մեր աշխատողներին հենց հաջորդ օրն ասել ենք, որ պարտադիր ունենան քարտեր։ Օրինակ՝ աշխատողներից մեկը փետրվարի երեքին գրանցվում է էլեկտրոնային տարբերակով քարտ ստանալու համար, հերթը հասնում է մարտի 12-ին, ու ասում են՝ ապրիլի 4-ին նոր պատրաստ կլինի։ Մենք մեծ դժվարությամբ հասանք նրան, որ դեղատան մի աշխատողը գրանցվի Արմեդում։ Մյուս աշխատողներն այդ մեկ աշխատողի մոբայլ ID-ով պետք է սպասարկեին, որտեղ երեւում են տվյալ աշխատողի անձնական բոլոր տվյալները», -ասաց Գրիգորյանը։

Քննարկման մյուս մասնակիցը՝ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը վստահեցրեց՝ նախարարությունը պատշաճ իրազեկել է, թե ինչպես է համակարգը գործելու եւ ինչ պահանջներ են հարկավոր․ «Երբ դեղատունը լիցենզիա է ստանում, պետք է ներկայացնի Արմեդի հետ պայմանագիր։ Բերում են այդ պայմանագիրը, որ աշխատում են Արմեդ համակարգով ու մոռանում են դրա գոյության մասին»։

Ինչ վերաբերում է ID քարտ ստանալու ժամկետներին, Հարությունյանն ասաց, որ դա առողջապահության նախարարության լիազորությունից դուրս խնդիր է։

«Եթե որեւէ կազմակերպություն գործունեություն է ծավալում առողջապահական համակարգում, պարտավոր է բոլոր տեսակի փոփոխություններին հետեւել»,-ասաց Հարությունյանը։

Վահան Գրիգորյանն էլ արձագանքեց՝ մենք գաղափարին դեմ չենք․ «Բայց յուրաքանչյուր լավ գաղափար, եթե սխալ ձեւով է կիրառվում, դառնում է վատ բան, ինչը հիմա ունենք։ Որպես միջանկյալ փուլ՝ պետք է թղթային տարբերակը լիներ»։

Հարությունյանը միջամտեց՝ հինգ տարի ժամկետ է եղել. պարտադիր դեղատոմսով վաճառվող դեղերը թղթային տարբերակով են դուրս գրվել։

Գրիգորյանը պնդեց, որ նախարարությունը իրազեկումը վատ է կազմակերպել։

«Այս պահին 750 դեղատուն Արմեդին միացած չէ, կան բուժկենտրոններ, որոնք նույնպես Արմեդին կպած չեն։ Սա խոսում է այն մասին, որ ոչ պատշաճ իրազեկում է եղել։ Նույնը բժիշկների հետ է եղել։ Ամսի մեկից մինչ օրս «Վագա ֆարմ»-ի դեղատնային ցանց եկել է 292 էլեկտրոնային դեղատոմս, որից 88-ը՝ սխալ, միջինում ստացվում է, որ օրական մեր ցանց գալիս է 9 դեղատոմս, այսինքն, ունենք 67 դեղատուն, ամեն դեղատուն օրը գոնե մեկ էլեկտրոնային դեղատոմս չի սպասարկում։ Սա խոսում է այն մասին, որ փաստացի բժիշկները տեղյակ չեն կամ չի ստացվում իրենց մոտ»,-ասաց Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Նախարարության ներկայացուցիչն ասաց, որ 2019-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերն առանց համապատասխան դեղատոմսի վաճառքի դեպքում տուգանք է սահմանված, սակայն դեղատները շարունակում էին տուգանվել ու առանց դեղատոմսի վաճառել։

«Վագա ֆարմի» ներկայացուցիչն էլ ասաց, որ թղթային դեղատոմսերով դեղերի վաճառքը իրենց ցանցի դեղերի շրջանառության 10-15% է․ «Քիչ չէ։ Հիմա էլ են բժիշկները թղթով ուղարկում ու մենք չենք կարող չվաճառել, մարդը պետք շտապ դեղ ընդունի։ Ստացվում է՝ օրենք ենք խախտում ու պետք է տուգանվենք։ Ինձ մոտ տպավորություն է, որ սրա նպատակը ոչ թե դեղի հետագծելիությունը ստուգելն է եւ այլն, այլ՝ տուգանելը։ Ինչի՞ եք տուգանում, եթե բժիշկը թղթով է ուղարկել։ Բժիշկների հետ աշխատեք։ Բժիշկը մեզ ասում է՝ ես հերթերի պատճառով չեմ կարող ժամանակ ծախսել էլեկտրոնային դեղատոմսի վրա»։

Նախարարության ներկայացուցիչն էլ հակադարձեց՝ եթե բժիշկն իմանա, որ թղթով դուրս եք գրելու, իհարկե կգրի։ Թղթային դեղատոմսի վրա բժիշկը մոտ տասը րոպե է ծախսելու, իսկ էլեկտրոնայինի վրա՝ ավելի քիչ։

Հարությունյանը նկատեց, որ առանց բժշկի դեղատոմսի հակաբիոտիկների վաճառքը խիստ վնասում է մարդու առողջությունը, մարդիկ անտեղի եւ անկանոն հակաբիոտիկ են ընդունում, դառնում դեղակայուն, հետո, անհրաժեշտության դեպքում, երբ հակաբիոտիկ է բժիշկը նշանակում, այն չի օգնում բուժառուին։

Նա ասաց, որ միջազգային հետազոտությունների համաձայն՝ 2050 թվականին կայուն դեղաձեւերից ավելի շատ մահ է լինելու, քան քաղցկեղից․ «Մենք հիմա միջազգային փորձը դնում ենք մի կողմ, աշխարհից հետ ենք մնում, ասում՝ մեզ համար դժվար է։ Մեզ համար գլխավորը մարդու առողջությունն է։ Դեղատունը առողջապահական համակարգի մաս է, այսօր դեղատունը վերածվել է վաճառք իրականացնող կազմակերպության, խանութային վիճակի օբյեկտի։ Մարդը ունի խնդիր, դիմում է ոչ թե բժշկին, այլ՝ ծանոթին կամ դեղատան աշխատողին։ Դեղատուն էլ ֆինանսական խնդիրներից ելնելով՝ իրեն վերապահում է մի գործառույթ, որը բացառապես մասնագետի իրավունքն է, նշանակում են լայն սպեկտորի հակաբիոտիկներ, հակավիրուսային, հակասնկային դեղեր, հորմոնային դեղեր՝ առանց բժշկի դեղատոմսի, առանց հաշվի առնելու դեղաչափը, մարդու քաշը, հարակից հիվանդությունները»։

Նախարարության ներկայացուցիչը հիշեցրեց, որ պոլիկլինիկաներն անվճար են, եւ հորդորեց՝ դեղագետից խորհուրդ հարցնելու փոխարեն, լավ կլինի դիմել պոլիկլինիկայի բժշկին, եւ նրա միջոցով ստանալ համապատասխան դեղատոմս։

Ապա Հարությունյանը դիմելով «Վագա ֆարմ»-ի ներկայացուցչին, ասաց․ «Նշում եք, թե էլեկտրոնային դեղատոմսերով դեղերը ձեր դեղերի շրջանառության 15%-ն են, գիտե՞ք, թե բուժառուների քանի տոկոսին է վերջում հակաբիոտիկ նշանակվում, տասից՝ մեկին կամ ոչ մեկին։ Դուք ձեր վաճառքով եք նայում, իսկ մեր նման երկրներում նման դեղեր նշանակվում է բնակչության 5-6%-ին»։

Մանրամասն՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ, ընդհանուր առմամբ 3370 գրանցված դեղանվանում կա, որից 2566-ը 2025 թվականի հունվարի 1-ից պետք է դուրս գրվեն էլեկտրոնային եղանակով։ Մնացած դեղերի դեպքում դեղատոմսը պարտադիր չէ։ Էլեկտրոնային դեղատոմսով դուրս են գրվում հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկոբակտերային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները, իմունոգլոբոլինները, պատվաստանյութերը եւ միզապրաստոլ պարունակող դեղերը։

 

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031