Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւը ԼՂ վրա հարձակումը անվանել է «վերջին զտում», Ադրբեջանի գործողությունները հիմնված են ռասայական հիմքերի վրա»․ պրոֆեսոր Շոն Մըրֆի

Ապրիլ 16,2024 16:33

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր տեղի ունեցան Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումները։ Հայկական կողմը գլխավորում էր Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Երեկ դատարանը լսել էր Ադրբեջանի առարկությունները։ 

Պրոֆեսոր Շոն Մըրֆին անդրադարձավ Ադրբեջանի առարկություններին, որոնք վերաբերում են նյութական հիմքերին՝ նշելով, որ հայկական կողմի պահանջները տեղավորվում են կոնվենցիայի շրջանակներում։ «Պետք է դիտարկել, թե ինչ է Ադրբեջանը պահանջում դատարանից։ Ադրբեջանն, ըստ երեւույթին, դատարանից ցանկանում է ստանալ որոշում առ այն, թե Ադրբեջանի կողմից էթնիկ հայ զինվորականների նկատմամբ որեւէ բռնություն՝ կապված մարտական գործողությունների հետ, անգամ եթե դա ուղեկցվել է ծայրահեղ ատելությամբ եւ ռասայական հռետորաբանությամբ, չի կարող առաջացնել Խտրականության վերացման բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի խախտում։ Դա պարզապես անհնար է, դա չի կարող ճիշտ լինել, հնարավոր չէ, որ այս կոնվենցիան որեւէ կապ չունենա այն էթնիկ հայ զինվորականների հետ, ովքեր վիրավոր ընկած էին գետնին, եւ նրանց գնդակահարում էին գլխից՝ կրակելով մի քանի անգամ։ Եվ կրակողն ադրբեջանցի զինվոր էր, ով հայհոյում էր՝ դիմելով դիմացինի ժողովրդին։ Հաշվի առնելով այս ապացույցները՝ պնդել, թե էթնիկ հայ զինվորների նկատմամբ այս բռնությունը չի կարող առաջացնել կոնվենցիայի խախտում, բացարձակ անիմաստ է։

Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպե՞ս կարող է այն դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ։ Բայց նույն ատելության խոսքը, եթե օգտագործվում է անպաշտպան անձանց նկատմամբ՝ կամ խոշտանգելով նրանց բանտում, կամ անհետացնելով նրանց, ապա հանկարծ այդ նույն խոսքը որեւէ կապ չունի ռասայական խտրականության դրսեւորումների հետ»,- ասաց նա։

Շոն Մըրֆին անդրադարձավ նաեւ Ադրբեջանում բացված այսպես կոչված «ռազմավարի պուրակին»՝ ներկայացնելով կադրեր․ «Հարց պետք է տալ նրանց՝ մարտական գործողությունների մասնակիցները սովորաբար կառուցո՞ւմ են նման հասարակական պուրակներ՝ թշնամու զինվորներին ներկայացնելով նվաստացած վիճակում եւ դեմքի ուռճացված արտահայտություններով, որոնք ակնհայտորեն ռասայական լարերի վրա են խաղում։ Ոչ, չեն անում, իսկ Ադրբեջանն անում է։ Դատարանը հիշում է թերեւս, որ այդ պուրակն անձամբ բացեց նախագահ Ալիեւը։ Այդ ռասիստական մանեկեններն արագորեն հանվեցին Ադրբեջանի կողմից դատարանի կողմից առաջին պայմանական միջոցի քննության ժամանակ։ Պատասխանողը դրանից ավելի լավ չէր կարող խոստովանել, որ հայ զինվորականների նկատմամբ իր վերաբերմունքը սովորական թշնամանքով եւ մարտական վերաբերմունքով չէր պայմանավորված, այլ ռասայական թշնամանքով էր մոտիվացված։ Մի բան, որն արգելված է սույն կոնվենցիայով։

Սովորաբա՞ր է այդպես, որ մարտական գործողությունների ներկայացուցիչներն իրենց երեխաներին դրդում են հավատալ այս ռասայական պատմություններին։ Ոչ, իսկ Ադրբեջանն անում է։ Ռասիստական այս ծաղրանկարների հեղինակները հպարտորեն հայտարարում են՝ «Մենք փորձել ենք ստեղծել ամենատգեղ կերպարները։ Մենք սովորաբար փորձում ենք գեղեցիկ գործեր անել, բայց այժմ հակառակն է։ Դա երկար եւ ծանր գործընթաց էր, մենք նրանց տվել ենք կեռ քթեր, տափակ գլուխներ եւ այլ առանձնահատկություններ», մեջբերման ավարտ։

Արդյոք մարտական գործողությունների սովորական մասնակիցները զինված հակամարտության շրջանակում զինվորներին տալի՞ս են տարբերանշաններ, որոնց վրա գրված է՝ «հայ, մի փախիր, այսպես թե այնպես մեռնելու ես, պարզապես ուժասպառությունից»։ Ոչ, չեն անում, սակայն Ադրբեջանը դա անում է։

Արդյոք մարտական գործողությունների սովորական մասնակիցները զինված հակամարտությունից հետո հրապարակո՞ւմ են նամականիշներ, որոնցում ներկայացված է, թե ինչպես է զինվորը ժողովրդին «մաքրում» հակամարտության տարածաշրջանից։ Ոչ, չեն անում, իսկ Ադրբեջանն արել է։ Եվ այդ նամականիշներն այնքան աղաղակող էին, որ միջազգային փոստային միությունը հրաժարվեց դրանք գրանցել»։

Շոն Մըրֆին ասաց, որ այս դրսեւորումները զինված հակամարտության բնական արդյունքը չեն։ Սրանք կարող են շատ հեշտորեն հասկացվել որպես գործողություններ, որոնք ի զորու են խախտել կոնվենցիան։ Նա ասաց, որ Հայաստանն ուղիղ ապացույցներ է տրամադրել, որ յուրաքանչյուր հայցի հետեւում կա ռասայական հիմքերի վրա կառուցված մոտիվացիա։

«Բայց ընդհանուր հայատյացությունը, որն Ադրբեջանի կառավարության կողմից արմատավորված է, այստեղ է, որ ակտուալ է։ Այսպիսի հայատյացությունը կարծես թե մի ոճիրի մաս է կազմում, որը հանգում է բռնության, ազատազրկման կամ անհետացման, որոնց վրա հիմնված են Հայաստանի փաստարկները։ Այս առումով հայատյացությունը եւս մեկ անգամ օգնում է ապացուցել, թե ինչու այն փաստերը, որոնք մենք ներկայացրել ենք, ճշմարիտ են եւ կարող են համարվել սույն կոնվենցիայի խախտում»,- հավելեց նա։

Շոն Մըրֆին նաեւ ներկայացրեց ապացույցներ՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից էթնիկ հայերի նկատմամբ ռասայական հիմքով թշնամանք սերմանելու մասին․ «Նախագահ Ալիեւը պարբերաբար էթնիկ հայերին նկարագրել է որպես «վանդալներ, ավազակներ, ֆաշիստներ», որպես «վայրի գազաններ, գիշատիչներ, վայրի ցեղեր»։ Նախագահ Ալիեւը նաեւ հայտարարել է, թե հայերն ամբողջ աշխարհում Ադրբեջանի հիմնական թշնամին են։

Իրականում նախագահ Ալիեւը նաեւ խոստացել է, որ «Ադրբեջանի բանակը կքշի հայերին Լեռնային Ղարաբաղից դուրս, ինչպես շներին»։ Այս եզրույթը նաեւ օգտագործվել է Ադրբեջանի այն զինծառայողների կողմից, ովքեր էթնիկ հայերի նկատմամբ բռնություններ են գործել։ Ադրբեջանի նախկին փոխվարչապետը եւ Բաքվի քաղաքապետը հետեւյալն է ասել՝ «մեր նպատակն է միանգամայն վերացնել հայերին։ Դուք, նացիստներ, վերացրել եք հրեաներին 1930-ականներին եւ 40-ականներին, այդպե՞ս չէ։ Դուք նաեւ պետք է կարողանաք մեզ հասկանալ»։

Ադրբեջանի խորհրդարանի միջազգային եւ միջխորհրդարանական հարցերի հանձնաժողովը Հայաստանին եւ հայկական Սփյուռքը նկարագրել է որպես Եվրոպայի խոց։ Նախագահ Ալիեւը Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումը անվանել է «վերջին զտում», «վերջին մաքրում»։ Ամենաբարձր պաշտոնյաների նկատմամբ այսպիսի հայտարարությունները ակնհայտորեն իրենց բնույթով էթնիկ են, եւ Ադրբեջանը չի կարող այսպիսի հայտարարությունների հետեւում թաքնվել՝ ներկայացնելով դրանք որպես առանձին անձանց ուղղված խոսքեր։ Փաստերն ապացուցում են, որ այս էթնիկ ատելությունը պետական քաղաքականություն է։ Այս ընդհանուր վերցված ռասայական հիմունքներով թշնամանքը, որն ամբողջ աշխարհում էթնիկ հայերի նկատմամբ է, հանգեցնում է այն բռնի գործողություններին, որոնք այս դատավարության սրտում են։

Այսպիսով՝ փաստերը ցույց են տալիս, որ էթնիկ հայ լինելը ոչ միայն երկրորդական կամ կողմնակի գործոն է եղել՝ ուղված հայ զինծառայողներին կամ ազգությամբ հայերին, այլ փաստերը ցույց են տալիս, որ եղել է ռասայական ատելության կանոնավոր քաղաքականություն՝ ընդդեմ էթնիկ հայերի։ Եվ դա հանգեցրել է էթնիկ հայերի նկատմամբ ոճրագործությունների։ Ադրբեջանի վարքագիծը համարում է ռասայական խտրականություն, այնպիսի տեսակի, որը հազվադեպ կտեսնենք վերջին տարիների մարդկության պատմության շրջանակներում։ Հայաստան արդեն բավականաչափ ապացույցներ է ներկայացրել, որոնք վերաբերում են ռասայական հիմունքներով թշնամանքին»,- հայտարարեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930