Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մասնագիտության ընտրությունը՝ բարդ ու գիտակցված

Ապրիլ 27,2024 15:00

Մասնագիտության ընտրությունը այն հարցերից է, որին հաճախ բախվում են երիտասարդները: Երբեմն ուսանողները կրթության կեսից փոխում են իրենց ոլորտը, հետագայում ձեռք են բերում այլ մասնագիտություն: Այս ամենը առաջանում է, երբ մարդկանց չի հաջողվում ճիշտ ժամանակին ճիշտ կողմնորոշվել: Տվյալ ընտրության դժվարությունը կապված է իր պատասխանատու և որոշիչ լինելու հետ, ինչի հետ մարդիկ քայլում են ամբողջ կյանքի ընթացքում:

Մասնագիտության ընտրության հարցում ապակողմնորոշումը և նմանատիպ երևույթները կարող են առաջանալ մի քանի խնդիրներից. հոգեբանական, սոցիալական, տնտեսական և այլն:

Հոգեբանական տեսանկյունից  ճիշտ մասնագիտություն ընտրել նշանակում է ընտրել այնպիսին, որն առավելագույնս համապատասխանում է սեփական ընդունակություններին, հետաքրքրություններին և անձնային առանձնահատկություններին: Այսինքն  մարդիկ լիարժեքորեն չճանաչելով սեփական եսն ու նախասիրությունները՝ հաճախ չեն գիտակցում, որ տվյալ մասնագիտությունը չի բավարարում իրենց ներքին պահանջմունքները: Այս առումով հոգեբան Սոնա Դանիելյանն ասում է՝

«Պետք է անձին վաղ տարիքից մինչև երիտասարդության շեմ թույլ տալ փորձելու ամեն ինչ, անգամ այն, ինչ դժվար կամ գուցե անհաղթահարելի է թվում, այդպիսով շանս տալ երեխային, հասկանալու, թե որտեղ ու ինչ գործողություն անելիս է իրեն մաքսիմալ հարմարավետ և գոհ զգում»:

Շարունակելով թեման, հոգեբանը նշում է, որ ծնողների դերը այս հարցում շատ կարևոր է, քանի որ հաճախ երիտասարդները պարտադրված են ընտրություն կատարում՝ ծնողի ցանկությունից ելնելով. «Սա կարելի է դասել ամենաբացասական երևույթների շարքին, քանի որ տվյալ դեպքում ուսանողը չի կարող լիարժեքորեն տրվել մասնագիտությանը և դրական ազդեցություն ունենալ տվյալ ոլորտում»:

Հաճախ մարդիկ փորձում են ընտրել այնպիսի մասնագիտություն և ոլորտ, որը տվյալ ժամանակահատվածում պահանջված է և կարող է ունենալ լավ վարձատրություն: Տվյալ տեսակետից ելնելով՝ կարող ենք նկատել բուհական կառույցների հանդեպ թերահավատության զգացում հասարակության մեջ, քանի որ հաճախ երիտասարդները շտապում են որևէ արհեստ (մատնահարդարում, վարսահարդարում) սովորելու՝ կարծելով, որ այդկերպ ավելի շատ գումար կարող են վաստակել, քան համալսարանական կրթություն ստանալով: Յուրաքանչյուր մասնագիտություն կարևոր է, քանի որ ցանկացած ոլորտ նշանակություն ունի բնականոն կյանքի համար, սակայն այստեղ ևս պետք է հաշվի առնել սեփական կարողություններն ու պահանջմունքները՝ լինելու բավարարված:

Այս առումով ՏՏ ոլորտի մասնագետ Նարինե Եփրեմյանն ասում է.

«Համալսարանական կրթությունը թեև մի քանի տարի է պահանջում, բայց այն հնարավորություն է տալիս պարբերաբար աճել և կատարելագործվել սեփական մասնագիտության մեջ: Կարևոր է չլճանալը, իսկ համալսարանն այն կառույցն է, որն աստիճանաբար անհատին դարձնում է մասնագետ ընդհանուր ոլորտի համար, և ոչ թե կոնկրետ որևէ գործողության»:

Մասնագիտության հնարավորինս ճիշտ ընտրության հարցում կարևոր նշանակություն ունի մասնագիտական կողմնորոշումը, որը մեզանում զարգացել է վերջին տարիների ընթացքում: Սա գործառույթ է, որի նպատակն է անձին տրամադրել համակարգված տեղեկատվություն աշխատաշուկայի առկա իրավիճակի և զարգացման միտումների, կրթական համակարգի ընձեռած հնարավորությունների, մասնագիտությունների, անձնային որակների և հակումների վերաբերյալ` նրան հնարավորություն ընձեռելով կայացնել գիտակցված և արդյունավետ որոշում: Ներկայումս, ազատ տնտեսական ազատ տնտեսական հարաբերություններով պայմանավորված` այն դառնում է առավել արդիական և հրատապ:

Անձնային հատկությունների և նախասիրությունների բացահայտումից զատ կարևոր է իմանալ նաև, որ նորագույն տեխնոլոգիաների, կրթության և աշխատանքի նոր շուկաների զարգացման պայմաններում շատ մասնագիտությունների և զբաղմունքների ներկայացվում են նոր պահանջներ, ծնվում են նոր մասնագիտություններ, որոնց մասին սովորողներն ու նրանց ծնողներն անգամ պատկերացում չունեն:

Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կողմնորոշման համակարգի համընդհանուր ներդրման ուղղությամբ բարեփոխումները մեկնարկել են 2012 թվականից: Ըստ հայեցակարգի` մասնագիտական կողմնորոշման միասնական համակարգն ընդգրկում է հանրակրթական դպրոցները, մասնագիտական կրթության հաստատություններն ու սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները, որոնց վերապատրաստված համապատասխան մասնագետներն իրականացնելու են մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման ծառայություններ, ըստ թիրախավորման (աշակերտ, ուսանող, աշխատանք փնտրող, գործազուրկ և այլ):

12-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Հարությունյանը դեռևս չի կողմնորոշվում մասնագիտության ընտրության հարցում, թեև հունվար ամսին տվել է քննություններն, իսկ այժմ ժամանակն է ընտրություն կատարելու:

«Փորձում եմ մանրամասն վերլուծել իմ բնավորությունը, որպեսզի հասկանամ , թե ինչը կարող եմ ամենալավը անել, և որն էլ կարող է երջանկացնել ինձ: Իրականում միշտ մտածել եմ, թե շատ հեշտ հարց է, հիմա երբ եկել է ժամանակը, հասկանում եմ, թե ինչ բարդ ու պատասխանատու պահ է»:

Մասնագիտության հարցում ճիշտ կողմնորոշումը պայմանավորված է նաև մասնագիտության ճանաչմամբ. կարևոր է անհատի իմացությունը  ընտրած մասնագիտության վերաբերյալ, քանի որ հաճախ իրականությունը չի համապատասխանում  սպասելիքներին:

«Ես սիրում էի ստեղծագործել, ու համալսարան ընդունվելիս վստահ էի, որ լրագրության ֆակուլտետը լավագույնն է ինձ համար, սակայն ուսումնասիրելով մասնագիտությունը, հասկացա , որ այստեղ ամեն ինչ պետք է հստակ ու ճշգրիտ լինի, մինչդեռ ես ավելի ռոմանտիկ ժանրի սիրահար եմ»,- ասում է ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Նոնան:

Մասնագիտության ճիշտ ընտրությունը կարևոր է ինչպես անհատի, այնպես էլ հասարակության համար: Պլատոնը դեռ իր դարաշրջանում գրել է. «Ամեն առանձին անհատ պետք է զբաղվի այնպիսի մի բանով, ինչը պետք է պետությանը, և միևնույն ժամանակ նրանով, ինչին նա իր ամբողջ էությամբ ամենաշատն է համապատասխանում»:  Այսպիսով` մոտ 2,5 հազարամյակ առաջ Պլատոնը նախանշել է այն, որ աշխատանքի և հասարակության զարգացման գործում անխուսափելի է անհատի գործունեության դերերի տարանջատումը:

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930