Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Պապոյան, եթե ոչ մի բանով չեք կարող միջամտել, գերակա շահը հետ կանչեք, մարդիկ ունեզրկվում են»

Օգոստոս 08,2024 13:49 Share

Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ցույց էին անում Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչները՝ պահանջելով համարժեք փոխհատուցում հանրային գերակա շահ ճանաչված իրենց հողերի համար։

Գյուղացիները դժգոհ են ներդրող «Ռիդ» ընկերության առաջարկած փոխհատուցման չափից, եւ 1 քմ համար 2000 դրամ փոխհատուցում են պահանջում՝ նշելով, որ այս չափը գյուղի բնակչության մեծամասնության կողմից ընդունելի է եղել։

«Այսինքն՝ պահանջում ենք համարժեք փոխհատուցում, որպեսզի կարողանանք ձեռք բերել նմանատիպ հողամասեր։ Սակայն որքան խնդիրը խորանում է, սկսվում են տարբեր հիասթափություններ տարբեր պետական գերատեսչությունների պաշտոնյաներից։ Վերջին անգամ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել, հանդիպել է ժողովրդին։ Եվ, կարծես թե, ժողովրդի սրտի ուզածն ենք լսել, որ՝ ժողովուրդ ջան, ես ձեզնից ակնկալում եմ բալանսավորված մոտեցում, այսինքն՝ որոշակի կոմպրոմիսի մենք ենք գնում, որոշ կոմպրոմիսի էլ գալիս է ներդրողը, եւ ստանում ենք խնդրի լուծում։ Դրա համար եկել ենք այսօր նեղ միջավայրով, եթե հնարավոր է ընդունելություն ունենալ։ «Ռիդ» ընկերության կողմից պատվիրված գնահատող ընկերությունը, որը որոշել է մեր հողատարածքների շուկայական արժեքը, ընտրել է համեմատական մոտեցման կիրառումը, դրա արդյունքում ստացել է շուկայական արժեք՝ 1 քմ համար 260-300 դրամ, դա մեզ չի բավարարում»,- լրագրողներին ասաց ցույցի մասնակիցներից Խորեն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, 2023-ի մարտին կառավարությունը հավանություն տվեց «ՌԻԴ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ ամառային եւ ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկո-գյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման եւ ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագրին:

Կառավարության նիստից հետո ցուցարարները դիմեցին էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին․ «Եթե ոչ մի բանով չեք կարող միջամտել, գերակա շահը հետ կանչեք։ Շատ կոպիտ ասեմ, պարոն Պապոյան, մարդիկ ունեզրկվում են, պատը ցույց տվեք, գլուխները տան այդ պատին։ Ջղայնացած ենք, արդեն հասել է եսիմ որտեղ»։

Պապոյանն ասաց․ «Կօգտագործենք այս առիթը, եւս մեկ անգամ կհանդիպենք տնտեսվարողի հետ եւ կհորդորենք, որպեսզի նորից հանդիպեն ձեզ հետ, քննարկենք ձեր առաջարկը, որպեսզի փոխադարձ ընդունելի տարբերակ լինի։ Մեզ համար՝ որպես կառավարություն, այս ծրագիրն ինչի՞ համար է կարեւոր, ինքը կարեւոր է նաեւ նրա համար, որ մենք տեսնում ենք հնարավորություն, որ դուք ու ձեր երեխաները կունենանք հնարավորություն՝ այս տարածքում բարձր աշխատավարձով աշխատելու»։

«Մեզ ունեզրկում են, ինչի՞ մասին է խոսքը, քանի՞ տարի հետո դա կլինի, որ ես կամ իմ երեխեն աշխատենք, կամ ես կապրե՞մ այդքան։ Մեզ ասեք՝ այս պահին ի՞նչ անենք»,- արձագանքեց ցուցարարներից մեկը։

Գեւորգ Պապոյանը խոստացավ, որ էկոնոմիկայի նխարարությունը կդառնա հարթակ՝ գյուղացիների ու ներդրողի միջեւ հանդիպումների ու բանակցությունների համար։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031