Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարեկներն առանց ատեստացիա բարձր աշխատավարձ են ստանում, սերժանտների աշխատավարձը միանգամից բարձրացնենք, էլ ի՞նչ ատեստացիա»․ Գեղամ Մանուկյան

Մայիս 05,2025 12:46

Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի ներկայացումից հետո ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանին դիմելով, նշեց․ «Իրականում պարեկային ծառայությունն առանց ատեստացիայի բարձր վարձատրվում է, զինծառայողներից շատերն այս խայտառակ անհավասարությունից շատ դժգոհ են։ Սերժանտների աշխատավարձի չափը որքա՞ն է լինելու, արդյոք հավասարազո՞ր է լինելու պարեկային ծառայողի աշխատավարձին»։

Արման Սարգսյանը պատասխանեց․ «Մեզ մոտ կան խմբեր՝ 7-4 խմբի սերժանտի համար նախատեսված է նվազագույնը 220․000 դրամ աշխատավարձ, իսկ ատեստավորվելու պարագայում կկազմի մոտ 490 հազար դրամ։ 9-8 խմբի սերժանտների համար նվազագույնը 369․000 դրամ է, ատեստավորվելու դեպքում՝ 630 հազար, 9-9 խմբի սերժանտների նվազագույն աշխատավարձը մոտ 400 հազար դրամ է լինելու, ատեստավորվելու դեպքում կգերազանցի 670,000 դրամը»։

Գեղամ Մանուկյանն արձագանքեց․ «Սերժանտներ ենք պատրաստում՝ ամիսներով դասընթացներն անցնում են, եթե էդքանից հետո պետությունն ասում է՝ մի հատ էլ ատեստավորում անցի, նշանակում է ուսումնական ծրագիրը թերի է կատարվել։ Ո՞րն է տրամաբանությունը, երբ հատուկ ծրագրով սերժանտների պատրաստման ամբողջ գործընթացը տեղի է ունենում, դրանից հետո դեռ կասկածում ենք, թե այս սերժանտը, որին դասակի հրամանատարություն է վստահվելու, դեռ կասկածում ենք, ասում՝ արի ֆիզո, կրակային հանձնիր։ Օրերս ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետում միջոցառման էի, դիմացս երիտասարդ զինծառայող էր կանգնած, ժամանակակից հրետանային համակարգի վրա է, իր մասնագիտությունը փայլուն գիտի, ասում եմ՝ ատեստացիա հանձնե՞լ ես, ասում է՝ սրտի խնդիր ունեմ, ֆիզոն չեմ անցնել։ Այսպիսիք հարյուր հազարներ են։ Առաջնային մարտական հերթապահություն անցնող պայմանագրայինների մեծամասնությունն էդ ատեստացիայի հետ կապված խնդիր ունի։ Եվ շատ հաճախ մեկ էլ արձանագրում ես, որ ատեստացիան դարձել է ավելի բարձրաստիճան սպայական կազմի անցողիկ շեմը հաղթահարելու գործիք, ներքևում՝ դժվար պայմաններում պայմանագրային ծառայություն իրականացնողների համար ատեստացիայի խնդիրը կա։ Իշխանությունն ասում է՝ ատեստացիայի պիտի կանգնես, հետո աշխատավարձդ բարձրացնենք։ Միանգամից բարձրացնենք․ ատեստացիայի փուլը հանենք միջից»։

Արման Սարգսյանն ի պատասխան ասաց․ «Մնում եմ այն կարծիքին, որ ատեստավորման գործիքը նպաստում է թե′ ֆիզիկական, թե′ մասնագիտական որակների կատարելագործմանը, իսկ այստեղ նվազագույն աշխատավարձը բավականին շոշափելի է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031