«Մեր խմբակցության անդամ Կարեն Բադալյանը դիմում էր գրել մանդատը վայր դնելու վերաբերյալ, քննարկում ունեցել ենք մեր ընկերոջ հետ։ Կարենը ներկայացրել է անձնական պատճառներ, այսինքն՝ աշխատանքի անցնելու վերաբերյալ և խնդրել է, որ մենք՝ որպես թիմ ըմբռնումով մոտենանք, նորմալ ընդունենք իր՝ դուրս գալը»,-ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը՝ անդրադառնալով Գյումրիում վերջին զարգացումներին։
Նա հայտնեց, որ Կարեն Բադալյանի հետ խոսել, բացատրել ու համոզել է, որ ընդհանուր պայքար է․ մանդատը վայր դնելն այս պահին ճիշտ չէ, ճիշտ է, որ պահի, բայց Կարենը ներկայացրել է անձնական պատճառներ, որով պայմանավորված ի վերջո համոզել է, որ ուզում է դուրս գալ, և խմբակցությունը դիմում է ուղարկել, որին հաջորդել է այն, որ չեն կարողանում կապ հաստատել նրա հետ։
Մարտուն Գրիգորյանն ասաց․ «Պարզվում է, որ մեր ընկերը փոշմանել է և դիմել է մանդատը հետ վերցնելու, որի իրավասությունը քաղաքապետը չունի՝ արձանագրությունը հետ կանչելու։ Մինչ օրս Կարեն Բադալյանի հետ ոչ մի կերպ կապ հաստատել չենք կարողացել, չենք կարող հասկանալ, թե պատճառն ինչ է։ Իմանում ենք, որ երբ ինքը դիմել է մանդատը հետ ուզելու, մի քանի րոպե հետո երկրորդ նամակն է ուղարկել քաղաքապետին, որով տեղեկացրել է, որ ցանկություն ունի դուրս գալու «Մեր քաղաքը» խմբակցությունից, որից հետո մի քանի օր անց արդեն տեղեկանում ենք, որ դատական գործընթացներ են սկսվել, դատի է տվել, որպեսզի մանդատը վերականգնի կամ բողոքարկեն քաղաքապետի արձանագրությունը»։
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ճնշո՞ւմ են գործադրել այդ անձի նկատմամբ, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց․ «Կարենը մշտապես մեր աջակիցներից է եղել ընտրությունների ժամանակ, նոր մարդ չէ մեզ համար։ Ես բավականին ջանք եմ թափել, որ նա մնա, շարունակի իր գործունեությունն ավագանիում։ Հիմա Կարենը սկզբունքորեն այդ մանդատը հետ է ուզում։ Մեզ հետ ոչ մի կարգի պրոբլեմ չի ունեցել էդ տղեն․․․հետևությունները թողնում եմ ձեզ։ Մարդը խնդրել է, համոզել է մեզ, մենք տվել ենք համաձայնություն, համոզել ենք, որ նա մնա, հետո դիմումը տվել ենք առաջ, մանդատից զրկվել է, հետո կապ չենք կարողացել հետը հաստատել, հետո այդ մարդը բոլոր տարբերակներն օգտագործում է մանդատը վերականգնելու համար։ Իմ գնահատմամբ՝ այս պահի դրությամբ այդ մարդու հետ կա խնդիր։ Հիմա կարող եմ վերլուծել և հետևություն անել, որ նման պրոցես է իրականացվում Գյումրիում։ ՔՊ-ն չի հանգստացել, չի մարում Գյումրիում եղածը և այս ամենը կարծում եմ՝ դրա հետևանքն է»։
Լրագրողները հիշեցրին՝ ԿԸՀ-ն որոշում է կայացրել, որ չի դադարեցնում Կարեն Բադալյանի՝ ավագանու անդամի թեկնածությունը, դա ի՞նչ է նշանակում, Մարտուն Գրիգորյանն այսպես արձագանքեց․ «Բոլոր առումներով քաղաքապետի կազմած արձանագրությունը հետ տանել չի լինելու, էդ մարդն արդեն չունի մանդատը։ Իրենք փորձելու են ամեն ինչ անել, փորձելու են այնպես անել, որ Գյումրին կառավարելի չլինի։ ՔՊ-ն ամեն ինչ անում է, որ այս գործընթացները շարունակվեն, որ Գյումրիում «պռավալ գնա» ամեն ինչը։ Հերթական մեկ մանդատը 14-ից դառնալու է իրենց համար 15-րդ մանդատը, իրենց մնալու է երկու մանդատի կռիվ։ Հասկանալի չէ՞՝ ինչ է կատարվում»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ձեր ու Վարդան Ղուկասյանի միջև լարվածություն կա՞, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց․ «Մեր անձնական խնդիրները մնում են մեր անձնականը։ Այսքան տարիների ընթացքում մենք մեր անձնական հարցերը առաջ չենք քաշել ու չենք քաշելու։ Սա քաղաքի, պետության պետականության խնդիր է, անձնական հարցերով առաջնորդվելը սխալ է այս պահի դրությամբ։ Անձնական հարցերը պարզելու, լուծելու տեղ կա, ժամանակ կա։ Եվ դա կապ չունի քաղաքականության հետ։ Սա քաղաքական քայլ է։ Ես ասել եմ, որ ՔՊ-ին միանալ չի լինելու, և ես պահել եմ իմ խոսքը։ Իսկ ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանը լավ քաղաքապե՞տ է, թե՝ ոչ, այս պահի դրությամբ գնահատական տալը շուտ է։ Պիտի գյումրեցիներին ասեմ, որ Գյումրի քաղաքում Վարդան Ղուկասյանը միանձնյա իշխանություն չէ, չորս քաղաքական ուժերի աջակցությամբ դարձած քաղաքապետ է, որը պատասխանու է թե′ գյումրեցիների առաջ, թե′ այս ուժերի առաջ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ