Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդազարյանը պատրաստակամություն է հայտնել ցուցմունք տալ Մարինա Պողոսյանի հարցաքննությունից հետո

Մայիս 15,2025 18:04

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստին այսօր Ռուբեն Վարդազարյանը հայտնեց, որ ցանկանում է ցուցմունք տալ: Նրա խոսքով՝ մինչ այժմ հրաժարվել է ցուցմունք տալ, քանի որ որեւէ հիմնավորում, ապացույց գործում չէին տեսնում, դրա համար ցուցմունք տալու անհրաժեշտություն էլ չէին տեսնում, բայց ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հարցաքննությունը, ըստ նրա շատ բան փոխեց:

«Անդրանիկ Սիմոնյանի հարցաքննությունից հետո անհրաժեշտություն առաջացավ ներկայացնել դատարանին՝ ինչ է իրականում տեղի ունեցել, այլ ոչ թե Անդրանիկ Սիմոնյանի մտացածին փաստերը ներկայացվեն դատարան: Ինչո՞ւ այս պահին ցուցմունք չեմ տալիս ու միջնորդում եմ իրավապաշտպան Մարինա Պողոսյանին հարցաքննել, հետո նոր ցուցմունք տալ, դա մեր իրավաբանական թիմի մարտավարությունն է: Շատ եմ կարեւորում այն տեղեկությունը, որը կարող է Մարինա Պողոսյանը տալ դատարանին»,- այսօր ասաց Վարդազարյանը:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, պետք է հրապարակեր Ռուբեն Վարդազարյանի գործով վճիռը, սակայն որոշեց գործի քննությունը վերսկսել՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հարցաքննության անհրաժեշտությամբ։

Նիստը նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը Վարդազարյանից հետաքրքրվեց՝ արդյոք Մարինա Պողոսյանից հետո ցուցմունք տալու Վարդազարյանի պնդումը նպատակ չի՞ հետապնդում լսել Մարինա Պողոսյանի ցուցմունքը ու իր ցուցմունքը հարմարեցնել նրա հայտնածին:

-Եթե գիտեք տեղի ունեցածի վերաբերյալ մի բան, որի մասին ժամանակին հարմար չեք գտել հայտնել ու Անդրանիկ Սիմոնյանի հարցաքննությունից հետո նրա հայտնած հանգամանքները ցանկանում եք հերքել կամ լույս սփռել տեղի ունեցած իրադարձության վրա, ինչո՞ւ այդ մասին հենց հիմա ցուցմունք չեք տալիս,- հարցրեց դատավոր Դոլմազյանը:

-Շատ մեծ կապ ունի, մեր մարտավարությունն է այդպիսին, ինձ թվում է՝ ես որեւէ պարտավորություն չունեմ դա բացատրելու այն պայմաններում, երբ դուք կողմնակալ մոտեցում ունեք: Այս պահին ակնհայտ զգում եմ այդ կողմնակալությունը, երբ ձեր խոսքում նշեցիք, որ ես փորձելու եմ իմ ցուցմունքները հարմարեցնել Մարինա Պողոսյանի ցուցմունքներին,- արձագանքեց Վարդազարյանը:

Դատարանը հայտնեց, որ պաշտպանական կողմի միջնորդությունների վերաբերյալ իրեն ժամանակ է պետք որոշակի դատողություններ ու համեմատություններ անելու համար, այդ պատճառով չավարտեց միջնորդության քննարկումը, որոշեց շարունակել հաջորդ դատական նիստին: Ինչով պայմանավորված այսօրվա դատական նիստն ավարտվեց:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031