«Ինչ-որ հայտարարություններ կատարվում են, բայց դրանք ձևական են։ Կարող ենք հիշել, որ իշխանություններն անընդհատ փորձում են ինչ-որ մեղսակցություն գտնել մեր պատանդների ու գերիների առումով։ Թերևս այն, որ այսօր Բաքվի բանտերում այդ ապօրինի դատավարությունների ընթացքում խոշտանգման են ենթարկվում մեր հայրենակիցները, դրա պատճառը հիմնականում այն է, որ ՀՀ-ն կամ Պոնտոս Պիղատոսի պես լվացել է իր ձեռքերը կամ էլ փորձում է այսպես լռության մատնել՝ դրանով նպաստելով այդ դատավարությունների շարունակությանը»,- Ռուբեն Վարդանյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ Ռուբենի ընկերների նախաձեռնած «Երկխոսություն Ռուբենի հետ» խորագրով երեկո-քննարկումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց լեզվաբան, ԵՊՀ դասախոս Նարինե Դիլբարյանը։
Ըստ նրա՝ եթե փակում ես Արցախի էջը, դրանով հարվածի տակ ես դնում Արցախի ռազմաքաղաքական առաջնորդներին, զինվորականներին, որոնք պայքարում էին Արցախի համար և պատանդառված անձանց։ Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում հայ առաքելական եկեղեցու թիրախավորումը Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ կողմից, Նարինե Դիլբարյանն ասաց․ «Ուզում եմ հիշեցնել Աննա Հակոբյանի գրառումը, որտեղ միջին հատվածում գրում էր՝ Շվեյցարիայից այդ ո՞ւմ էիք անհապաղ վերադարձնում հարազատ բնօրրան։ Կարող ենք ենթադրել, որ Արցախի հետ կապված հարցի բարձրացումն ու զարգացումը խուճապի է մատնում ներկա իշխանությանը, որն ամեն կերպ ուզում է փակել այդ էջը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ