Մեզ հետ զրույցում բնակիչները մտահոգություն հայտնեցին՝ Վերին եւ Ներքին Գոշ գյուղերի՝ 400 տնտեսությունից բաղկացած բնակչության 40 տոկոսը համայնքներում չէ։
ՀՀ Տավուշի մարզի Վերին Գոշ համայնքի բնակիչ, 42-ամյա Արթուր Վարդանյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց՝ թեեւ այս համայնքում է ծնվել եւ ապրել, սակայն վերջին տարիներին առաջին անգամ է իր գյուղն այսպես կանաչ տեսնում, քանի որ ամեն տարի վաղ գարնանը մեկնում է Ռուսաստան աշխատանքի եւ միայն խոր աշնանը վերադառնում։
Վերին Գոշ համայնքի բնակիչների հետ զրույցում նկատեցինք՝ պաշտոնատար անձանց մակարդակով հաճախ հայտարարվում է, որ Հայաստանում շատ գործ կա, ինչո՞ւ են համայնքներից մեկնում ՌԴ աշխատանքի ու չեն մնում ՀՀ-ում աշխատելու, մեր զրուցակիցներն ի պատասխան՝ այսպիսի մտահոգություն հայտնեցին. «Գործ շատ կա, փող տվող չկա։ Իրենց տված փողն իրենց թանկացումների հետ համադրելի չէ, որ մենք կարողանանք ապրել դրանով»:
Արթուր Վարդանյանն ասաց. «Ութ հոգուց բաղկացած ընտանիքում եմ ապրում, հաշվենք, որ միայն ես եմ աշխատում, իրենց տված նպաստը կոպեկներ է, թոշակը՝ կոպեկ։ Թոշակը սկի մեծերի դեղերին չի հերիքում: Ստիպված Ռուսաստան ենք գնում։ Ընթացքում այնտեղից այստեղ գումար ենք ուղարկում, որ ընտանիքն ապրի, բայց երբ այնտեղից 5-8 ամսվա աշխատավարձը հավաքած գալիս ենք, երկու ամիս չի բավարարում Հայաստանում ապրելուն։ Գալիս ես, մի Նոր տարի ես անում, եւ գումարը վերջացավ»։
Կարդացեք նաև
Արթուր Վարդանյանը ցավով նշեց՝ բոլոր ջահելները գնում են բանակ, հետ գալիս եւ մեկնում արտագնա աշխատանքի։
Մեր զրույցին միջամտեց Վերին Գոշ համայնքի 90 տարեկանն անց պապիկներից մեկը, որն այս պահին գյուղում միայնակ է ապրում. երեխաներն արտերկրում են. «30-40 հազար դրամ թոշակով ո՞նց մարդ ապրի»։
Մեզ հետ զրույցի բռնված բնակիչները մտահոգություն հայտնեցին՝ Վերին եւ Ներքին Գոշ գյուղերի՝ 400 տնտեսությունից բաղկացած բնակչության 40 տոկոսը համայնքներում չէ։ Հետաքրքրվեցինք՝ իսկ ինչո՞ւ են արտագաղթում. կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից հաճախ ենք լսում հորդորներ՝ մնացեք համայնքներում, ձեր բիզնեսը ստեղծեք, կառավարությունը տարբեր սոցիալական ծրագրեր է իրականացնում այս ուղղությամբ, Արթուր Վարդանյանը պատասխանեց. «Վարկերի պատճառով ուշացումներ եմ ունեցել, վարկ էլ չեմ կարողանում վերցնել։ 4 տարի անցել է, դեռ ինձ չեն հանում այդ ցուցակից։ Հիմա կարող է նորից զանգեն, ու այնպես են մարդկանց հետ խոսում, այնպիսի սպառնալից տոնով… Այս պահին, եթե ինձ ինչ-որ մեկը հովանավորի, թեկուզ շատ չէ՝ 10 հազար դոլար, ես կարող եմ իմ տան գլխին մի այնպիսի հյուրատուն կառուցել։ 20 տարի է՝ տուն եմ սարքում, դեռ սարքում եմ։ Դեռ վերանորոգում չեմ արել՝ այդ տանն ապրելով ո՞նց կարող ես ե՛ւ տուն սարքել, ե՛ւ 8 հոգուց բաղկացած ընտանիքը պահես»։
Գյուղի բնակիչներից շատերը անգամ ստիպված են փայտով տաքացնել տունը, քանի որ գազի վճարը թանկ է, թեեւ համայնքը գազիֆիկացված է։ Մեր զրուցակիցները հիշեցին՝ խորհրդային տարիներին մեծահասակներին, հաշմանդամություն ունեցող անձանց վառելափայտ էին հատկացնում, հիմա շատ դեպքերում ստիպված են գումար վճարել, որ փայտի թափոնը բերեն, վառեն, որ տուն տաքացնեն։
Ըստ բնակիչների՝ համայնքային իշխանությունն իրենց խնդիրները լուծել չի կարող, ավելի բարձր օղակներում է որոշումների կայացումն ու խնդիրների լուծումը։ Արթուր Վարդանյանը վրդովվեց. «Բայց սենց զոռով մինչեւ ե՞րբ։ Ասենք երեխաս մրսում է, գնացի, ծառը կտրեցի, բերեցի, վառեցի, ինձ պիտի դատեն։ Գազն այնքան թանկ է, որ սեփական տներում չես կարող դա անել, քանի որ շատ թանկ է»։
Բնակիչներից մեկն էլ ընդհատեց ու վրդովված ասաց. «Տեսա՞ր՝ Ավինյանը տրանսպորտը դարձրեց 150 դրամ։ Ո՞ւմ համար դա դարձրեց։ Ղեկավարությունը տրանսպո՞րտ է նստում»։
Արթուր Վարդանյանն էլ շարունակեց. «Իր պապան մեր փողերով էլեկտրական մեքենա է քշում, «Օպելի» վարորդներին էլ վիրավորում է։ Հիմա ես հնարավորություն չունեմ, «Օպել» եմ քշում, ուրեմն ես իր ասած մարդն ե՞մ։ Մեր փողերով դու էլեկտրական ես քշում, մենք մեր փողերով «Օպել» ենք քշում, որ ապրենք։ Իմ՝ այս ավտոյով անտառ էլ եմ գնում»։
Հարցին՝ 2018-ից հետո խնդիրների հետ կապված փոփոխություններ չզգացի՞ք, Արթուր Վարդանյանը պատասխանեց. «Ո՞նց չզգացինք. ավելի վատացավ։ Երկու տարի Ռուսաստանում աշխատեցի, եկա, ինձ համար «Ֆորդ» գնեցի, որ «Ֆորդով» պետք է բեռ տեղափոխեմ, աշխատեմ, տունս պահեմ։ Եկա, էդ հավաքների, ցույցերի մեջ ընկա, ավտոյիս գլխին պարում էին, փոս էր ընկել ավտոս։ Մեքենան տասը հազարով առանք, հինգ հազարով ծախեցինք։ Թալինի Արագածավանի պեռլիտի գործարանում՝ որպես սվարչիկ էի աշխատում, այնտեղից տուն էի գալիս, ոչ թե ես ուզում էի մտնել հրապարակ, այլ ինձ ստիպեցին, մտա հրապարակ, ուրիշ ճանապարհ չկար։ Հեղափոխությունը ի՞նչ լավ բան պիտի տար մեզ։ Բոլորը Նիկոլ էին գոռում, հիմա Նիկոլը մեր էրեխեքի արյունով պահած հողերը տվեց»։
Արթուր Վարդանյանը, խոսելով բանակում եղած խնդիրների մասին, իր տղայի օրինակով ասաց. «Ես զինվոր ունեմ, տղայիս ատամները լրիվ թափվել են, էնքան է ձյուն հալել, խմել։ Ջուր չկա։ Վարդենիսի դիրքերում երկու ամիսը մեկ ցիստեռով ջուր են տանում, որ լողանան՝ ցիստեռի սառը ջրով։ Սնունդը շատ լավ է, չեմ բողոքում. ինքս տեսել եմ սնունդը։ Մնացածը հիգիենայի խնդիրներն են։ Զինվորը ջուր չունի՝ իր գուլպան լվանա, որ լվացվի, մաքուր հաց ուտի։ Ամբողջ օրը հողերի մեջ քանդում են, խրամատ են փորում, իրենք պետք է լողանան, մաքուր լինեն։ Թեկուզ շաբաթը մեկ լողանան, գոնե լվացվելու ջուր ունենան, որ այդ կեղտոտ ձեռքերով հաց չուտեն, չհիվանդանան։ Որ տղայիս նկարները ցույց տամ, կտեսնեք՝ 18 տարեկան տղա է, բերանում ատամ չկա. որդնած ձյունն են հալում, որ ջուրը խմեն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.05.2025