Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ տղան բռնի անհետացած է, փաստերը կան, ունենք տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցիները գերեվարում նրան, բայց հանձնաժողովը դանդաղ է աշխատում»

Հունիս 02,2025 18:18

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած Վրեժ Գրիգորյանի մայրը՝ Սամարա Գրիգորյանը դեռ սպասում է իր որդուն։ Վրեժ Գրիգորյանը 1992 թվականի հունիսի 29-ին զինակիցների հետ միասին շրջափակման մեջ է հայտնվել Արցախում, եւ մինչ օրս նրանց ճակատագիրն անհայտ է։ Անհետ կորած մարտիկների այդ խմբում եղել է 79 մարդ։

«Նա շատ էր սիրում հայրենի հողի պաշտպանությունը, քանի որ այդպես էր դաստիարակվել։ Լավ գիտեր հայրենի հողի նշանակությունը, դրա համար ոչ մի անգամ կանգ չառավ, եւ ճակատագիրն այդպես դաժան գտնվեց։ Մենք պայքարեցինք, որ հուլիսի 29-ը նշվի Անհետ կորած ազատամարտիկների օր, հուշարձան դրվեց Եռաբլուրում, ամեն տարի այդ օրը գնում ենք Եռաբլուր, հիշատակի արարողություն ենք անում, սպասում ենք մեր տղաներին։ Ինչքան էլ երկար ժամանակ անցնի, մայրական սիրտն ասում է՝ մի մտածիր, որ քո տղան չկա։ Սպասում ենք այն տղաներին, որոնք իմ տղայի հետ են եղել եւ այսօր չկան։ Գոնե նրանցից մեկը գա, մենք արդեն կիմանանք, թե ինչ է կատարվել մեր տղաների հետ։ Գիտենք, որ նրանք պայքարել են եւ օդուժի դեմ, եւ զինուժի դեմ։ Ադրբեջանցիները տեսանյութ էին հրապարակել, որտեղ ներկայացվում էր, որ նրանք Անդրանիկներ էին։ Ճանապարհ են ցույց տվել, որ նրանք դուրս գան, բայց չեն գնացել, մինչեւ վերջ մեր տղաները մեջք մեջքի տված կռվել են»,- ասաց նա։

Սամարա Գրիգորյան

Սամարա Գրիգորյանն անցած 33 տարիներին որեւէ լուր չի ստացել իր որդու ու նրա զինակիցների մասին։ Բայց ասում է՝ իր հայրը զինվորական էր, միշտ ասում էր՝ հնարավոր չէ, որ այդ խմբում բոլորին սպանած լինեն, որեւէ մեկը կարող է փրկված լինել։ «Եվ մենք սպասում ենք, գերության միջից գոնե մեկը գա։ Նրանց հնարավոր չէր հաղթել, դավաճանություն է եղել։ Արդեն 33 տարի հետո ծնողներով հասկանում ենք, որ դա դավաճանություն էր»,- ասաց նա։

Հարցին, թե անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովն ի՞նչ պատասխան է տալիս իրենց, 1990-ականներին անհետ կորածների որոնման հարցերով զբաղվո՞ւմ են, Սամարա Գրիգորյանը պատասխանեց․ «Մենք միշտ այդ հարցը տալիս ենք բոլորին։ Երբ հանդիպում ենք, ամեն անգամ ասում են՝ զբաղվում ենք, մենք գիտենք զոհվածների տեղը։ Մենք 33 տարի շարունակ պայքարել ենք, որ գոնե պեղումներ անեն, մեր տղաների դիերը բերեն։ Իմ տղան կլինի, մեկ ուրիշի տղան կլինի, մենք ինքներս ուզում ենք, որպեսզի հուղարկավորենք Եռաբլուրում։ Բայց այդպես էլ պատասխան չենք ստանում, որովհետեւ ցավն իրենցը չէ, ցավը մերն է, մայրն է զգում այդ ցավը»։

Սամարա Գրիգորյանի խոսքով՝ անցած 33 տարիների ընթացքում տարբեր միջոցների են դիմել՝ պարզելու իրենց տղաների ճակատագրերը։ «Թուրք էլ ենք բռնել ուղարկել Ադրբեջան։ Այն մարդը, որը պետք է մեզ պատասխան բերեր, եկավ ասաց՝ կներեք, երբ ես ասացի՝ թույլ տվեք մտնել ու տեղեկություն ունենալ այդ տղաների մասին, ինձ ասացին՝ քանի գլուխդ ուսերիդ վրա է, Ադրբեջանից փախի։ Հորդորել են այդ օրվա հերոսների մասին ոչ մի անգամ չխոսել։ Այդ ադրբեջանցուն, որին բռնել էլ իմ ամուսինը, ասել էր՝ գնա մի հատ գրություն բեր իմ տղայից, ես ձեռագիրը տեսնեմ, կիմանամ, որ իմ տղան ողջ է։ Բերեց, բայց իմ տղայի ձեռագիրը չէր։ Վերջին անգամ ասացի՝ գնա, ասա՝ մաման գիտի քո գաղտնիքը, այդ գաղտնիքը թող թղթի վրա գրի։ Ադրբեջանցին գնաց ու գնաց, էլ չեկավ։ Բայց ես դեռ սպասում եմ իմ որդուն»,- հավելեց նա։

Արմինե Ներսիսյան

Արմինե Ներսիսյանի ժամկետային զինծառայող որդին անհետ կորած է 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերից։ «Իմ տղան բռնի անհետացած է համարվում, փաստերը կան, տեսանյութը կա, շատ տեղեկություններ ունենք, բայց չի հաստատվել, մնացել ենք անորոշության մեջ։ Մենք ունենք տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցիները գերեվարում իմ որդուն, ունենք նրանց տվյալները, ովքեր գերեվարել են։ Ես նրանց նույնիսկ հաղորդագրություն եմ ուղարկել, խնդրել եմ, որ ասի, թե երեխու հետ ինչ է արել։ Բայց ինձ սեւ ցուցակ են գցում, չենք կարողանում տեղեկություն ստանալ»,- ասաց նա։

Արմինե Ներսիսյանի խոսքով՝ գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողովը չի աշխատում։ «Մենք հավաքվեցինք քննարկեցինք, պաշտոնյաներն ասում են՝ մենք աշխատում ենք, բայց փաստը փաստ, որ չեն աշխատում։ Երբ իր առաջ դնում ես, որ դու չես աշխատում, եթե աշխատում ես, այսքան տարի ո՞ւր է ձեր գործի արած արդյունքը, չեն պատասխանում։ Լրիվ սխալ բաներ են արել, ֆոտոռոբոտ փորձաքննություն են անցկացրել, իմ տղայի փոխարեն ուրիշ տղայի անուն-ազգանուն են ուղարկել Ադրբեջան՝ հարցում արել։ Համարեցին, որ իմ տղան չէ, մյուս տղայի անունը կպցրեցին այդ տեսանյութին, Ադրբեջան հարցում արեցին, եւ այդ տղան հետ եկավ, ասաց՝ ես ընդհանրապես կապ չունեմ այդ վիդեոյի հետ։ Մենք ամեն մանրամասնություններով գիտեինք, որ տեսանյութում մեր տղան է, մեր հայցը ՄԻԵԴ-ը բավարարել է»,- նշեց նա։

Արմինե Ներսիսյանն ասում է, որ տարիներն անցնում են, իրենց որդիների գտնվելու վայրն անհայտ է, բայց իրենք ժամանակ չունեն երկար սպասելու համար։ Իսկ հանձնաժողովը շատ դանդաղ է աշխատում։ «Ես նայում եմ 1990-ականներին անհետ կորածների հարազատներին եւ սարսափում եմ, որ մենք էլ չընկնենք իրենց օրը»,- հավելեց նա։

Արմինեն ասում է՝ որդին պատերազմի օրերին Հադրութում է կռվել, հեռախոսով հորը տեղեկացրել է, որ շրջափակման մեջ է։ Դրանից հետո կապը կորել է որդու հետ, հիմա համարվում է բռնի անհետացած։ «Ուրալները տրաքացրել էին, ընկերներից մի քանիսն այրվել էին, ինքը փրկվել էր։ Վիրակապել էին գլուխը, իրեն թողել էինք այնտեղ, ընկերներն ասում են՝ ցավերի մեջ գոռում էր, ընկերներն ասել են՝ մարդ է մնացել այնտեղ, բայց չեն գնացել իր հետեւից։ Տեսանյութի մեջ էլ այդ ամենը լրիվ երեւում է, վիրակապը, ամեն ինչ»,- պատմեց մայրը։

Արմինե Ներսիսյանն ասում է՝ եթե Ադրբեջանի հետ խաղաղության մասին ինչ-որ փաստաթուղթ են կնքելու, գոնե գերիների ու բռնի անհետացած անձանց վերադարձի պայմանով կնքեն։ «Մենք միայն տալիս ենք, բայց ոչինչ չենք վերցնում դրա դիմաց»,- հավելեց նա։

Անհայտ կորած անձանց ընտանիքներին աջակցելուն ուղղված իր մարդասիրական գործունեության շրջանակում Կարմի խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ բեմադրվել է «Լռության լապտերներ» խորագրով հատուկ թատերական ներկայացումը, որը ցուցադրվեց այսօր։ Ներկայացման սցենարի հեղինակը Ռոբերտ Առաքելյանն է, այն բեմադրվել է անհայտ կորած անձանց ընտանիքների հետ սերտ համագործակցությամբ։ Ներկայացումը նվիրված է հատկապես այն առօրյա մարտահրավերներին, որոնց առերեսվում են այս ընտանիքները։ Պրոֆեսիոնալ դերասանների մասնակցությամբ ներկայացումը մարմնավորում է այն ցավը, ուժը եւ դիմադրությունը, որոնցով ընտանիքները շարունակում են ապրել եւ պայքարել անպատասխան հարցերի եւ իրենց հարազատի անորոշ բացակայության պայմաններում։ Լույս սփռելով Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհայտ կորած անձանց ընտանիքների հույզերի եւ ապրումների վրա՝ ներկայացումն անդրադառնում է նրանց զգացմունքային ներաշխարհին՝ ընդգծելով, որ տարիներ անց էլ նրանք շարունակում են սպասել, հիշել եւ փնտրել պատասխաններ՝ պայքարելով իրենց ձայնը լսելի դարձնելու համար։

«Մենք արվեստագետներ ենք եւ պատրաստ ենք միշտ մեր գրիչը ծառայեցնել այս կամ այն թեմային։ Եթե կա ցավ, կա պահանջ եւ ցանկություն, մենք կարողանում ենք աշխատել, նույնանալ ուրախության եւ տխրության հետ, կարողանում ենք խորանալ ու կիսել վիշտը։ Սա շատ յուրահատուկ ու ուրիշ տեսակի վիշտ է»,- ասաց ներկայացման սցենարի հեղինակ Ռոբերտ Առաքելյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30