Արցախի Ազգային ժողովը դեռ Արցախի նախագահ չի ընտրել։ «Առավոտի» տեղեկություններով՝ խոշոր խմբակցությունները նախագահի թեկնածու չեն առաջադրել։ Պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից ճնշումներ կան Արցախի ԱԺ պատգամավորների վրա։
Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ դեռ Արցախի նախագահի թեկնածու չի առաջադրվել եւ ընտրություն չի կայացել։ Այլ մանրամասներ չցանկացավ հայտնել։
Վահրամ Բալայանն ասաց՝ օրենքը թույլ է տալիս, որ Արցախի ԱԺ նախագահը միաժամանակ նաեւ Արցախի նախագահի պաշտոնակատար լինի։ Բալայանի խոսքով՝ նախագահի թեկնածու կառաջադրվի ավելի ուշ, հիմա որոշ հարցեր են քննարկվում։
Հիշեցնենք, որ Արցախի Ազգային ժողովը մայիսի 21-ի արտահերթ նիստ էր անցկացրել եւ Արցախի ԱԺ նախագահ էր ընտրել Աշոտ Դանիելյանին։ Արցախի նախագահի լիազորությունները, ժամկետի լրանալով պայմանավորված, դադարեցվել եւ փոխանցվել են Արցախի ԱԺ նախագահին։
Կարդացեք նաև
Արցախի Սահմանադրության համաձայն՝ Արցախի նախագահի թեկնածուների առաջադրման համար սահմանված էր 7-օրյա ժամկետ, եւ ոչ ուշ, քան գործող նախագահի լիազորությունների ավարտից հետո 10-օրյա ժամկետում Արցախի Ազգային ժողովը պետք է նախագահ ընտրեր։ Սակայն խմբակցությունների կողմից նախագահի թեկնածու չի առաջադրվել։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ