Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հունիսի 3-4-ին տեղի ունեցավ Նեբրասկա-Լինքոլնի համալսարանի Մերձավոր Արևելքի պատմության ամբիոնի պրոֆեսոր Պետրոս Տեր-Մաթոսյանի թեմատիկ բանախոսությունների շարքը:
Երկօրյա բանախոսությունների շրջանակում բանախոսը ներկայացրեց 4 թեմա՝ «Հայոց ցեղասպանության միկրոպատմական դիտարկումներ. Սահակ Բ. Խաբայանի պարագան»/ “Microhistorical Approaches to the Armenian Genocide: The Case of Sahag Khabayan II”, «Օսմանյան կայսրության ուշ շրջանի զանգվածային բռնությունների միջգիտակարգային դիտարկումներ. 1909 թ. Ադանայի կոտորածների պարագան»/ “Interdisciplinary Approaches to Mass Violence in the Late Ottoman Empire: The Case of the Adana Massacres of 1909”, «Հայոց ցեղասպանության ժխտումը թվային դարաշրջանում և դրանից հետո»/ “Denial of the Armenian Genocide in the Digital Age and Beyond”, «Անպատժելիություն, մարդասիրական միջամտության բացակայություն և միջազգային անտարբերություն. Արցախի հայերի էթնիկ զտումը պատմական համատեքստում»/ “Impunity, Lack of Humanitarian Intervention, and International Apathy: The Ethnic Cleansing of the Armenians of Artsakh in Historical Context”:
Բավական ընդգրկուն, հետաքրքրական բանախոսությունների ընթացքում պրոֆեսոր Տեր-Մաթոսյանն անդրադարձ կատարեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զանգվածային բռնություններին և ջարդերին, մասնավորապես՝ Ադանայի 1909 թ. կոտորածին, ապա՝ Հայոց ցեղասպանության տարբեր ասպեկտներին:
Բանախոսը ներկայացրեց նաև Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը թվային դարում և դրանից դուրս, ինչպես նաև անպատժելիությունը, ինչը նոր հանցագործությունների հիմք է, ինչպես Արցախի պարագայում:
Կարդացեք նաև
Պետրոս Տեր-Մաթոսյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է էթնիկ քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, միջէթնիկական բռնությունն Օսմանյան կայսրությունում, Պաղեստինի պատմությունը և Հայոց ցեղասպանության պատմությունը։ Նա 2018-2022 թթ. նախագահել է Հայագիտական հետազոտությունների ընկերակցությունը։
Ընդգրկված է բազմաթիվ միջազգային կրթական հաստատությունների տնօրենների խորհրդի և գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների կազմում, որոնցից ամենահայտնին է ոլորտի առաջատար հանդեսը՝ “International Journal of Middle East Studies (IJMES)”։
Նա նաև “Armenians in the Modern and Early Modern World” շարքի խմբագիրն է:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ