Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Ազգային ժողովում ներկայացրել է նախարարության գործունեության շրջանակում՝ 2024թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը։ Ըստ այդմ՝ նախարարը տեղեկացրել է, որ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիտորինգի իրականացման ծրագրի գծով ծախսը կազմել է 58.4 մլն դրամ՝ 100%-ով ապահովելով ծրագրված ցուցանիշը։
Հարկադիր կատարման ծառայություններ ծրագրի շրջանակներում հաշվետու տարում օգտագործվել է 3.7 մլրդ դրամ՝ ապահովելով 99.9% կատարողական:
Քրեակատարողական ոլորտում, նախարարը նշել է, որ «Քրեակատարողական ծառայությունների» ծրագրի ծախսերը հաշվետու տարում կազմել են շուրջ 14 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 99.1%-ը:
Պրոբացիայի ծառայությունների գծով ծախսերը 2024թ. կազմել են 768.3 մլն դրամ՝ 98.8%-ով ապահովելով ծրագրված ցուցանիշը և 9.6%-ով (67.3 մլն) դրամով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։
Կարդացեք նաև
Արդարադատության ոլորտում քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման, խորհրդատվության և մոնիտորինգի իրականացման ծրագրի շրջանակներում 2024թ. օգտագործվել է 2.3 մլրդ դրամ՝ 99.6%-ով ապահովելով ծրագրված ցուցանիշը: Օգտագործված միջոցների հիմնական մասը՝ շուրջ 2 մլրդ դրամն ուղղվել է «Արդարադատության ոլորտում քաղաքականության, խորհրդատվության, մոնիտորինգի, գնման և աջակցության իրականացում» միջոցառմանը, որի կատարողականը կազմել է 99.7%։ Նախորդ տարվա համեմատ ծրագրի ծախսերը նվազել են 4%-ով կամ 96 մլն դրամով՝ հիմնականում պայմանավորված «Աջակցություն օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոնի գործունեությանը» և «Արդարադատության ոլորտում քաղաքականության, խորհրդատվության, մոնիտորինգի, գնման և աջակցության իրականացում» միջոցառումների շրջանակներում կատարված ծախսերի նվազմամբ։ 2023թ. միջոցներ էին հատկացվել Հայաստանում ստեղծվող արբիտրաժային նոր կենտրոնի նյութատեխնիկական, ներառյալ՝ շենքային պայմանների ապահովման նպատակով:
Ծրագրի շրջանակներում ապահովվել է ռազմավարություններից բխող շուրջ 600 իրավական ակտերի նախագծերի մշակում, հանրային քննարկումների կազմակերպում, 5128 պետական փորձագիտական եզրակացությունների տրամադրում։
Գալյանը տեղեկացրել է, որ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից ներդրվել է իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր լրացնելու համար լիազորագրերի ներկայացման էլեկտրոնային ծառայությունը՝ https://e-services.moj.am էլեկտրոնային հարթակը։
Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից հաշվետու ժամանակահատվածում հաստատված իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի թիվը կազմում է 55 389։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից հարուցվել է մոտ 200 վարչական վարույթ՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքում սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու հիմքով։
Իրականացվել է ազդարարման համակարգի (azdararir.am) վերաբերյալ համապետական իրազեկման մեծ արշավ: Արդյունքում՝ արշավը գրանցել է տեսանելի դրական ցուցանիշներ. արշավից առաջ ազդարարումների ամսական միջին քանակը եղել է 2-5, իսկ արդեն 2024 թվականի դեկտեմբերին գրանցվել է ազդարարումների ամսական ամենաբարձր ցուցանիշը երբևէ՝ 57 ազդարարում:
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցում» ծրագրի շրջանակներում 2024թ. տրամադրվել է 156․4 մլն դրամ, կատարողականը կազմել է 100%։ 2023 թվականի համեմատ ծախսերի փոփոխություն չի եղել։
Հաշվետու տարում 2.2 մլրդ դրամ ուղղվել է «Դատական և հանրային պաշտպանության» ծրագրին։ Նախորդ տարվա համեմատ գրեթե փոփոխություն չի կրել։ Միջոցներից 966 մլն դրամն ուղղվել է «Փորձաքննությունների ծառայությունների» տրամադրման միջոցառմանը, որի գծով ծախսերը 2023թ. համեմատ նվազել են 21․8%-ով կամ 269 մլն դրամով։ Միջոցառման շրջանակներում կատարվել է 15,411 փորձաքննություն՝ կանխատեսված 13,641-ի և նախորդ տարվա 21,169-ի դիմաց:
747.3 մլն դրամ ուղղվել է հանրային պաշտպանության ծառայություններին, որը նախորդ տարվա 22.6%-ով (137.7 մլն դրամով) գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը՝ պայմանավորված վարվող գործերի աճի և օրենսդրական փոփոխությունների հետևանքով ծառայությունների ծավալի ավելացման արդյունքում հանրային պաշտպանների թվաքանակի ավելացմամբ։ 2024թ. վարույթ ընդունված գործերի թիվը 31830 է, որից քրեական գործերի թիվը՝ 23910, իսկ քաղաքացիականը՝ 7920 է։
«Արդարադատության համակարգի աշխատակիցների վերապատրաստում և հատուկ ուսուցում» ծրագրի գծով ծախսը կազմել է 468․5 մլն դրամ, կատարողականը՝ 99.9%։ Ծրագրի շրջանականերում վերապատրասվել և հատուկ ուսուցում են անցել 2083 ծառայող, վերապատրասվել է 380 դատավոր, 282 դատախազ, 282 դատական կարգադրիչներ։
«Իրավական իրազեկում և տեղեկատվության ապահովում» ծրագրի գծով ծախսը կազմել է 1.2 մլրդ դրամ, որը կատարվել է 100%-ով և նախորդ տարվա համեմատ էական փոփոխություն չի կրել։ Ծրագրի միջոցներից 374.9 մլն դրամ ուղղվել է «Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ» միջոցառմանը, որի շրջանակներում մատուցվել են ընդունված և ստորագրված իրավական ակտերի պաշտոնական հրատարակման և ձևաթղթերի տպագրման ծառայություններ։ Միջոցառման շրջանակներում հրատարակված էլեկտրոնային էջերի քանակը կազմել է 77,844, arlis.am կայքում առկա իրավական ակտերի քանակը՝ 184,950՝ կանխատեսված 178,000-ի փոխարեն:
«Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի գործունեությանն աջակցության ծախսերը 2024թ. կազմել են 435.4 մլն դրամ և նախորդ տարվա համեմատ ավելացել 30.7%-ով (133.7 մլն դրամով), ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամն իր գործունեությունը սկսել է 2023թ. երկրորդ կիսամյակից։ Հարկ է նշել, որ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը 2024թ. արդեն գրանցել է իր առաջին հաջողություններն արբիտրաժային գործերի քննության և հաշտարարության ոլորտներում՝ ապահովելով ինչպես միջազգային, այնպես էլ տեղական արբիտրաժային և հաշտարարության գործերի վարումը: 2024թ. տարեվերջի դրությամբ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը շուրջ 2000 պայմանագրում արդեն նշվել է որպես վեճը լուծող մարմին: Միաժամանակ, 2024թ. ընթացքում Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնը վարել է 6 արբիտրաժային գործ, որոնցից 2-ը՝ միջազգային, 4-ը՝ ներպետական, և 5 հաշտարարության գործ, որոնցից 1-ը՝ միջազգային, 4-ը՝ ներպատական, որից 1-ով իրականացվել է համահաշտարարություն:
Սրբուհի Գալյանը ներկայացրել է նաև «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացրած աշխատանքները, մասնավորապես, 260.8 մլն դրամ ուղղվել է «Թարգմանչական ծառայություններ» միջոցառմանը, որի շրջանակներում ապահովվել է ՀՀ, ԵՏՄ, ԵՄ իրավական ակտերի, ՀՀ ազգային զեկույցների, ՀՀ պետական մարմինների կողմից միջազգային կառույցներ ներկայացվող և այդ կառույցների կողմից ՀՀ մարմիններ ներկայացվող փաստաթղթերի, այլ պետությունների հետ ՀՀ երկկողմ հարաբերությունների շրջանակներում դատական ակտերի և հարակից փաստաթղթերի, ՀՀ վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և հանձնարարվող այլ առանցքային փաստաթղթերի թարգմանությունը: Հաշվետու տարում միջոցառման շրջանակներում անգլերեն, ռուսերեն, հայերեն և այլ լեզուներով թարգմանված, վերանայված և խմբագրված/սրբագրված նյութերի ծավալը կազմել է 25,566 թարգմանչական էջ։
Արխիվային ծառայությունների շրջանակներում ապահովվել է արխիվային հավաքածուի պահպանությունը, համալրումը, հաշվառումը, թվայնացումը, հանրության կողմից արխիվային նյութերի օգտագործումը, որի գծով ծախսերը կազմել են 599.5 մլն դրամ։
ՀՀ արդարադատության նախարարություն